Այսօր

Հայերենը մեր մտածողության հիմքն է, մեր հոգեկերտվածքի ձևավորման կարևոր միջոցը․ Դավիթ Գյուրջինյան

  22 Փետրվար 2021  391 դիտում
Հայերենը մեր մտածողության հիմքն է, մեր հոգեկերտվածքի ձևավորման կարևոր միջոցը․ Դավիթ Գյուրջինյան

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը 2005 թ.-ից նշվում է նաև Հայաստանում:

 Տոնի առիթով Erit.am-ը զրուցել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում մայրենիի ներկա վիճակը:

– Հայերենը մեր մտածողության հիմքն է, մեր հոգեկերտվածքի ձևավորման կարևոր միջոցը: Հայերենը մեր հավաքական կենսափորձի կուտակիչն ու փոխանցողն է, մեզ միավորող զորավոր ուժը։

Այժմ Հայաստանից դուրս ապրում է հայության մեծ մասը, հայոց լեզվի ապագայի առումով սա խիստ մտահոգիչ իրողություն է։

– Ի՞նչ ազդեցություն ունի համացանցը մայրենիի պահպանման կամ աղավաղման գործում:

– Համացանցի յուրահատկություններից մեկն այն է, որ դա կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն տարբեր իրողությունների վրա։ Դա բացառապես պայմանավորված է նրանով, թե ովքեր և ինչպե՛ս են օգտվում համացանցից։ Ժողովրդական խոսքը հիշում եք՝ նույն ծաղկից մեղուն նեկտար է քաղում, օձը՝ թույն։

Համացանցի ազդեցությանը գնահատական տալը դժվար է։ Համացանցի արդյունքն են այն բազում կայքերը, այդ թվում՝ Լեզվի կոմիտեի, որոնց նպատակը հայոց լեզվի ճիշտ կիրառությունը խրախուսելն է, այդ առումով մարդկանց կրթելը, լեզվական տարբեր իրողությունների մասին խոսելը, դրանք քննարկելը և այլն։

Համացանցի մեկ ուրիշ մասն են կազմում տեսալսողական բովանդակություն մատուցող կայքերը, ինչպիսին YouTube-ն է։ Լեզվի կոմիտեն այդտեղ ևս ունի իր պաշտոնական ալիքը, որտեղ դասակարգված են մեր բոլոր տեսանյութերը, կոմիտեի նախագահի հանրային դասերի շարքը, որը ժամանակին եթեր է հեռարձակել Հանրային հեռուստաընկերությունը։

Այս առումով համացանցի դրական ազդեցությունը զգալի է։ Բայց այդ նույն համացանցի մեկ ուրիշ հատվածը բաժին է ընկնում սոցիալական կայքերին։ Ժամանակին տարածված էր լատինատառ հայերենի գործածությունը։ Բարեբախտաբար լատինատառ, ռուսատառ, խառնատառ գրելը զգալիորեն նահանջել է։ Համենայնդեպս, հանրությունը հիմնականում խիստ բացասական է ընկալում հայերենը հայատառ չգրելը։

Համացանցը, ներառյալ սոցիալական կայքերը, անվերահսկելի են բովանդակության մատուցման տեսանկյունից, որովհետև այդտեղ բովանդակություն ստեղծում են բոլորը։ Սա է պատճառը, որ Լեզվի կոմիտեն փորձում է իր ներկայությամբ նպաստել տարբեր կայքերում լեզվական կարգուկանոնի պահպանմանը, հայերենի քարոզչությանը և տարածմանը։

- Ի՞նչ քայլեր են իրականացվում, և ի՞նչ ծրագրեր են նախատեսվում մայրենիի պաշտպանության ուղղությամբ:

– Լեզվի կոմիտեն շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները։

Լեզվի կոմիտեի ռազմավարության առանցքային կետերից է լեզվաքարոզչությունը։ Կոմիտեն ամեն ջանք գործադրում է քաղաքացիների շրջանում մայրենիի ներկայությունը ապահովելու, ինչպես նաև հայերենի իմացությունը բարելավելու և նրա մաքրությունը պահպանելու գործում։

Կոմիտեն բաց է քաղաքացիների համար, աջակցում է նրանց լեզվական խնդիրների լուծումները գտնելու հարցում և ամեն օր պատասխանում է բազում հարցերի։

Անընդհատ ուսումնասիրելով հաճախադեպ հանդիպող սխալները, անճշտությունները՝ Լեզվի կոմիտեն ամեն ամիս պատրաստում և հրապարակում է, նաև հարյուրավոր էլեկտրոնային հասցեներով առաքում հորդորակներ, այդ թվում՝ օտար բառերի հայերեն համարժեքների ցանկ պարունակող հորդորակները։  Մեր հասցեացանկի մեջ են պետական բոլոր մարմինները։

Լեզվի կոմիտեն արդյունավետ համագործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ՝ մասնակցելով «Ճի՞շտ, թե՞ սխալ» ուսուցողական հաղորդման նկարահանմանը, նաև վարելով մայրենիի դասեր համավարակի օրերին։

Լեզվի կոմիտեն ձեռքը անդադար պահում է հասարակության զարկերակին և արձագանքում է շրջանառվող լեզվական երևույթներին, գործածվող բառապաշարին։ Վառ օրինակը «Այսօրվա հայերենը» նախագիծն է․ ամեն օր բացատրվում են այժմյան հայերենում հաճախ գործածվող, արդիական հասկացություններ արտահայտող բառերը։

Փորձում ենք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից և ունենք ներկայություն էլեկտրոնային շատ հարթակներում։ Նախորդ տարի արդյունավետորեն գործարկվեց Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքը (www.langcom.am), որտեղ արտացոլված է մեր գործունեության զգալի մասը։ Այցելուները հնարավորություն ունեն փնտրելու իրենց հուզող հարցերի պատասխանները, գտնելու նախկինում հրապարակված նյութերը, կարդալու հետաքրքրաշարժ նյութեր, հարցազրույցներ, կոմիտեին ուղղելու իրենց հարցերը, նաև խաղալու, որը ոչ միայն զվարճալի է, այլև ուսուցողական։

Սոցիալական ցանցերը նույնպես մեծ հնարավորություններ են տալիս լեզվաքարոզչություն ապահովելու և հասանելի լինելու ավելի մեծ քանակով մարդկանց։ Կոմիտեն ունի պաշտոնական հաշիվներ Ֆեյսբուքում, Ինստագրամում, Թվիթերում, Տելեգրամում, Լինկդինում, Յութուբում։

Լեզվի կոմիտեն անշուշտ չի բավարարվում այսքանով։

- Լեզվի կոմիտեն ի՞նչ միջոցառումներ է նախատեսել Մայրենիի օրվա շրջանակում:

Ցավոք սրտի, համավարակը բոլորիս թողել է մեկ ընտրություն՝ մեր շփումները, հանդիպումներն ու միջոցառումները սահմանափակել և տեղավորել համացանցում։ Մենք ընդունել ենք այդ մարտահրավերը։

Առցանց միջոցառումների շարք ենք նախատեսում թե՛ Facebook-ում, թե՛ Instagram-ում, որտեղ մենք, ի դեպ, նորեկ ենք։ Նախապատվությունը տվել ենք այնպիսի մտահղացումներին, որոնք կենթադրեն լսարանի աշխույժ ներգրավում։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բարբառները։ Ի դեպ, միջոցառումը կոչվում է «Միացի՛ր զրույցին քո բարբառով»։ Մենք սպասում ենք ամենահետաքրքիր «զրույցին», որը ցույց կտա հայերենի բարբառների յուրահատկությունները, ինքնատիպ բառապաշարը և այլն։

Telegram-ի մեր ալիքում, Twitter-ում և LinkedIn-ում նույնպես կլինեն հետաքրքիր հրապարակումներ, հարցումներ և խաղեր։ Մեր նպատակն այն է, որ Մայրենիի օրը նշենք միասնական, որովհետև հայոց լեզուն բոլորինս է։

Մայրենի լեզվի տոնը կշնորհավորենք Հայաստանի պետական, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն։

- Ինչպե՞ս եք գնահատում արևմտահայերենի ներկայիս վիճակը և ի՞նչ ծրագրեր եք իրականացնում կամ նախատեսում սփյուռքի մեր հայրենակիցների համար:

– Սփյուռքում հայախոս համայնքներում վերջին շրջանում հայկական դպրոցն ու հայերենը պահպանելը ավելի ու ավելի դժվար է դառնում: Հայաստանից և Մերձավոր Արևելքից ներարկվող ուժը միայն որոշ ժամանակ է բարերար ազդեցություն ունենում: Կան համայնքներ էլ, որտեղ, դժբախտաբար, հայերենը լրիվ նահանջել է: Համազգային ջանք պետք է գործադրել։ Արևմտահայերենի ապագան սերտորեն կապված է մեր ազգային իղձերի իրականացման հետ։

- Լեզվի կոմիտեի վերահսկողությամբ ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատում տարբեր ոլորտներում գրական հայերենի կիրառման առումով:

– Դրական փոփոխություն, իհարկե, նկատվում է, սակայն անելիք դեռ շատ կա։ Հատկապես պետք է շարունակել զարգացնել մայրենին մաքուր պահելու հասարակության կամքը։

Հարկավոր է արմատապես փոխել հայոց լեզվի դասավանդումը դպրոցում։

Զրույցը՝ Լալա Բադոյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ