Այսօր

Անհնարին ոչինչ չկա, մարդ պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի. Կամո Դավթյան

  22 Փետրվար 2021  59 դիտում
Անհնարին ոչինչ չկա, մարդ պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի. Կամո Դավթյան

1995 թվականին աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով սյունեցի Կամո Դավթյանը կորցրել է ձեռքերը, բայց ոչ նպատակասլացությունը և սպորտի, հատկապես թենիսի նկատմամբ մեծ սերը։ Աշխարհից խռովելու փոխարեն՝ նա սկսել է ռակետը բռնելու տարբերակներ մտածել.

«Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո տանը նստելու ցանկություն չունեի։ Ես սպորտային ընտանիքից եմ եղել, զբաղվել եմ թենիսով, ֆուտբոլով և մտադիր էի շարունակել ապրել լիարժեք կյանքով։ Կինս մարզադպրոցում էր աշխատում, ես էլ գնում էի այնտեղ մարզվելու, վազելու։ Մի անգամ մտածեցի՝ ախր ես լավ թենիս էի խաղում, կարող եմ ռակետը կապել ու փորձել այդպես խաղալ։ Կինս ասում էր՝ ամոթ է, բայց ի՞նչ ամոթ։ Իհարկե, դժվար էր, սակայն աշխատանքն ու մարզումները տվեցին իրենց արդյունքը։ Հետո Սյունիքի մարզում մարզական փառատոն անցկացվեց, ես էլ ռակետը ձեռքիս կապեցի ու խաղացի։ Դրանից հետո աստղ էի դարձել (ծիծաղում է – խմբ.), բոլորը ճանաչում էին ինձ, անգամ տաքսի նստելիս վարորդները գումար չէին վերցնում։ Աստիճանաբար սկսեցի ավելի լուրջ վերաբերվել մարզումներին, ոչ թե պարզապես ձեռքիս կապած ռակետով հարվածել»,-  Erit.am-ի հետ զրույցում պատմում է Կամո Դավթյանը։ 

Տարիների ընթացքում Կամո Դավթյանի նպատակներին ավելացել է ևս մեկը՝ անել հնարավոր ամեն բան Հայաստանում հաշմանդամային սպորտը զարգացնելու համար, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը մարզական ֆեդերացիա հիմնելն էր։





Ֆեդերացիայի հիմնումն ու առաջին խնդիրները

Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի ֆեդերացիա հիմնելու գաղափարն առաջացել է սուրճ սեղանի շուրջ՝ ընկերների հետ զրույցի ընթացքում. ««Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած հերթական մարզական փառատոնից հետո ընկերներով հավաքվել էինք սրճարանում։ Հմայակ Ավետիսյանն (այժմ ֆեդերացիայի փոխնախագահ – խմբ.) առաջարկեց ֆեդերացիա բացել։ Ինքս էլ տարիներ շարունակ մտածել էի այդ մասին և, բնականաբար, դրական արձագանքեցի։ Այդպես, ես, Հմայակը և Ալեքսանդր Դիարյանը (մարզիչ – խմբ.) անցանք գործի։ Փաստաթղթային հարցերը լուծեցինք, և 2014 թվականի օգոստոսին արդեն կար Հաշմանդամություն անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան»,- պատմում է Կամո Դավթյանը։

Կար ֆեդերացիան, բայցև կային ֆինանսական խնդիրներ, ինչի հետևանքով էլ մրցաշարեր անցկացնելը դժվարանում էր։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այստեղ օգնության են հասել արդեն անձնական կապերը.

 «Մինչև 2015 թվականն առանձնապես չէր ստացվում միջոցառումներ կազմակերպել։ Դիմեցի Քաջարանի համայնքապետարան և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ դրական արձագանքեցին մեր ծրագրերին։ Այդ ժամանակ ցանկանում էինք պարզապես Հայաստանի առաջնություն անցկացնել։ Հարցրին՝ հնարավո՞ր է առաջնությունն անցկացնել Քաջարանում։ Բնականաբար, դրական պատասխանեցի, և այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ։ Հետագայում Կապանի լեռնաարդյունաբերական կոմբինատի հետ համագործակցությամբ սուպերգավաթ անցկացրինք, ապա դիմեցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, և հաջորդ մրցաշարն արդեն նրանց աջակցությամբ կայացավ։ Ամեն ինչ սկսել ենք անձնական ծանոթությունների, համագործակցությունների շնորհիվ։ Եղել են դեպքեր, երբ ասել եմ՝ պետք չէ մեզ գումար փոխանցել, ինքներդ կազմակերպեք՝ նպաստելով հաշմանդամային սպորտի զարգացմանը։ Այդպես աստիճանաբար ընդլայնեցինք մեր աշխարհագրությունը և սկսեցինք մրցումներ անցկացնել նաև Վանաձորում, Աբովյանում, ապա մեկնել նաև միջազգային մրցաշարերի»։ 

Մրցաշարերի անցկացման խնդրին զուգահեռ՝ անհրաժեշտ էր հանրայինացնել ֆեդերացիայի գործունեությունը և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել մարզումներում։ Այժմ Հայաստանի տարբեր մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է շուրջ 40 մարզիկ։ Ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն այս թվից դժգոհ չէ. «Պետք է հաշվի առնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարզաշխարհ բերելը հեշտ գործ չէ։ Ֆեդերացիան զբաղվում է մարզաձևի մասսայականացման, մարզերից մասնակիցների ներգրավման ուղղությամբ։ Ինքս տարներ շարունակ մասնակցել եմ տարատեսակ սեմինարների, կոնֆերանսների, տարբեր կազմակերպությունների հետ կապեր եմ հաստատել։ Կրկին անձնական ծանոթությունների միջոցով բոլոր մարզերում տեղյակ ենք պահել մեր գործունեության մասին՝ նշելով, որ ցանկացողների համար հենց իրենց համայնքում կփորձենք լուծել մարզումային պայմանների և մարզչի հարցը»։