Չնայած երիտասարդ տարիքին՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի ստեղծագործությունները հասցրել են շրջել բազմաթիվ երկրներում՝ Շվեդիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլուր: 2010 թվականին արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: 2015-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:
Erit.am-ի զրուցել է քանդակագործի հետ:
Առաջին ուղղորդողները պապիկներս են եղել
Մեկը ատաղձագործ էր, մյուսը՝ շինարար: Նկատել էին՝ ինչ հետաքրքրությամբ եմ նայում իրենց աշխատանքային գործիքներին: Սկսեցին «աշխատեցնել» ինձ. առաջադրանք էին տալիս, որ ինքնուրույն անեի: Հետո ցույց էի տալիս նրանց, ժպտալով ստուգում էին և խրախուսում, ոգևորում: Հիշում եմ, որ այս շրջանում բազմաթիվ պիտանի իրեր եմ պատրաստել: Դպրոցական տարիներից սկսվեց մասնագիտական ուղիս, որը հետո շարունակվեց Թերլեմեզյանում, այնուհետև՝ Գեղարվեստի ակադեմիայում: