Այսօր

Ամեն բան կարևոր է անել ճիշտ ժամանակին և գործին անմնացորդ նվիրվելով. Հռիփսիմե Մարգարյան

  22 Փետրվար 2021  362 դիտում
Ամեն բան կարևոր է անել ճիշտ ժամանակին և գործին անմնացորդ նվիրվելով. Հռիփսիմե Մարգարյան

Erit.am-ի զրուցակիցն է նկարիչ-դիզայներ Հռիփսիմե Մարգարյանը, ով արվեստի բնագավառում կարևորում է ազատությունը և կողմնակից է նկարներում միայն դրական էմոցիաների արտահայտմանն ու դրանք փոխանցելուն։

- Ձեր ոլորտները նկարչությունն ու դիզայնն են։ Դժվար չէ՞ արդյոք դրանք համատեղել և երկու դեպքում  էլ նոր մոտեցումներով, գաղափարներով հանդես գալ։

- Ամենևին էլ  դժվար չէ, հակառակը՝ մեկը մյուսին օգնում են և լրացնում։ Այդպես նաև նույն մթնոլորտից չես հոգնում,  այլ տարբեր են լինում մոտեցումները, խնդիրները և լուծումները. տարբերվում է նաև ստեղծագործական պրոցեսը, որը հետաքրքիր է  և հաճելի։ Դիզայնն էլ ինքնին միատեսակ չէ․ դա կարող է լինել տպագրական դիզայն, ֆիրմային ոճ, լոգոտիպ և պոստերներ, նաև՝ վիտրաժներ, ապակու հետ աշխատանքը՝ որպես ինտերիերի դեկորացիա։ Դա էլ ինքնաարտահայտման այլ ձև է։ Նման վիտրաժներով ձևավորել եմ մի շարք հյուրանոցների, ինչպես նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզեհամերգային համալիրի նախասրահները։

- Ձեր գործերը կարելի է բնորոշել որպես գույների, հույզերի, ներդաշնակության համադրություն, որոնցում թեմատիկան բազմազան է՝ կարոտից մինչև հույզեր, բնությունից մինչև ազատություն։ Ո՞ր թեման կամ ոճն է Ձեզ համար առավել հոգեհարազատ, ո՞ր դեպքում եք ավելի ազատ։

- Ցանկացած պարագայում ազատ եմ, երբեք նկարելու պրոցեսի մեջ ինձ ոչինչ չի կաշկանդել, որովհետև նախապես չեմ ընտրում թեման, այլ ամբողջովին ազատ եմ ստեղծագործում, որի համար ինձ բավական են գունեղ ներկերը, լավ երաժշտությունը  և լավ տրամադրությունը։  Հաճելի է, երբ ստեղծագործելու ընթացքում ապրում եմ այդ անսպասելի թռիչքը և անգամ  չգիտեմ, թե վերջում ինչ է ստացվելու։ Այնպես որ, ազատության առումով միանշանակ կարող եմ ասել, որ ստեղծագործելու ընթացքում ինձ մոտ կա այդ զգացողությունը։ Բացի այդ՝  թեմաներն էլ տարբեր են, հիմնականում տրամադրություններ, հույզեր, տպավորություն։ Ամեն դեպքում նկարներումս արտահայտում եմ  դրական էմոցիաներ։

-  Ինչո՞ւ է ազատությունը կարևոր արվեստագետի համար։

- Ազատությունը արվեստագետի համար, ինչ խոսք, կարևոր է, որովհետև այդ ընթացքը, երբ դու նկարում ես,  կտրվում ես իրականությունից։ Հենց դրա համար է ճիշտ արվեստանոցում նկարելը, ոչ թե տանը, քանի որ կենցաղային մի շարք հարցեր քեզ կաշկանդում են, զբաղեցնում միտքդ։  Արվեստանոցում  դու քո աշխարհի մեջ ես, և քո նկարները, հույզերը, ներկերը ավելի նպաստավոր մթնոլորտ  են ստեղծում ստեղծագործելու համար, և նոր բան արարելու պրոցեսը առավել սահուն է անցնում։

 

- Մի առիթով Դուք ասել եք, որ, սովորաբար, նկարում եք առանց էսքիզների, պոռթկումներով։ Դա ինչ-որ առավելությո՞ւն ունի նկարչի համար, ո՞րն է դրա խորհուրդը։

- Առավելություն է դա, թե ոչ՝ չեմ կարող ասել, կախված նրանից, թե նկարիչը ինչ խնդիր է դրել իր առջև։  Եթե հստակ խնդիր կա դրված՝ թեմատիկ նկար նկարելու, բնականաբար, էսքիզը կարևոր է և պարտադիր ու օգնող միջոց է, կարծես՝ նախավարժանք լինի։  Հիմնականում, իմ ոճը աբստրակտ ն է՝ վերացական արվեստը, այդ պատճառով՝էսքիզի կարիք չունեմ։

- Ինչպիսի՞ն պետք է լինի ստեղծագործող նկարչի աշխարհը։

- Կարծում եմ՝ նկարիչը պետք է լինի լավատես։ Միջավայրը, անշուշտ, ազդեցություն ունենում է նկարչի ստեղծագործական ուղու վրա, չէ՞ որ մենք ազդակներն ստանում ենք  աշխարհից։  Ցանկալի է, որ դա արտահայտվի, ամեն դեպքում, գեղեցիկի տեսքով և ունենա ջերմ, լուսեղ արտահայտություն, այլ ոչ թե դեպրեսիվ։ Ես ինքս կողմնակից եմ դրականը ներկայացնելուն։

 - Տարվա չորս եղանակներից՝ աշունը համարում եք Ձեր ոգեշնչման աղբյուրը և դա ակնհայտ է նաև Ձեր գործերում։ Ինչու՞ հենց աշունը։ Կմանրամասնե՞ք։

- Աշունը ամենագունեղն է, ամենաշարժունը։ Ամեն օր կարելի է նոր բան հայտնաբերել, բացահայտել, խաղալ այդ գույների մեջ, պտտվել, լսել տերևների խշխշոցը, տեսնել դրանց դինամիկան և փոփոխությունը՝ դեղնակարմիրից՝ ոսկեգույնի և շագանակագույնի։ Աշունը ինձ համար ոգեշնչման աղբյուր է, գուցե, նրա համար, որ ես ծնվել եմ աշնանը, այդ իսկ պատճառով էլ՝ սիրում եմ տարվա այդ եղանակը։ Ի դեպ, իմ ստեղծագործական ընթացքը առավել արդյունավետ  է լինում հենց աշնանը։ Սակայն որպես ինքնաարտահայտման միջոց նաև պոեզիան է գալիս օգնության և կարծես՝ բառերի հետ խաղալով վրձինս վերածվում  է գրչի, և ստանում եմ փոքրիկ, պոետիկ պատկերներ՝ քառատողերի ձևով։  Իմ նոր տպագրված ալբոմում ընդգրկված է և՛ գեղանկարչությունը, և՛ պոեզիան, որոնք, ասես, հետաքրքիր ձևով միմյանց լրացնում են։

 

- Բացի դա ներշնչանքի այլ աղբյուրներ ունե՞ք։

- Երաժշտությունը, հիմնականում՝ ջազ-ռոք եմ սիրում և նկարելու պրոցեսը անընդհատ ուղեկցվում է երաժշտությամբ։ Իմ  կյանքում էլ, առհասարակ, մեծ դեր ունի այն։

 - Ի՞նչ խնդիրներ կան այսօր կերպարվեստի բնագավառում, ի՞նչն է խանգարում երիտասարդ հայ արվեստագետին ազատ ստեղծագործել և կայանալ հայրենիքում։

- Կարծում եմ՝  արվեստագետին խանգարում է ներկայացված լինելու խնդիրը, որովհետև, սովորաբար, ավելի ճիշտ է, երբ նկարիչը զբաղվում է իր ստեղծագործությամբ, իսկ արտդիլլերը՝ գովազդով և վաճառքով, ինչպես իմպրեսարիոն՝ երաժշտի դեպքում։ Մեր օրերում  նկարիչն է ստիպված զբաղվում այդ հարցերով, ինչն էլ կաշկանդում է նրան։ Իսկ կերպարվեստում եղած խնդիրները կախված են անձից։ Փառք Աստծո, մեր երկրում կան ցուցադրվելու հնարավորություններ, գուցե շատ չէ, բայց կան։ Եվ, իսկապես, անկեղծ ստեղծագործողները անպայման կգտնեն իրենց տեղը։

 - Հայաստանում ոլորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում, ինչպե՞ս կարող է երիտասարդ արվեստագետը ազատ և միևնույն ժամանակ պահանջված լինել:

- Միանշանակ ասելը շատ դժվար է, քանի որ նկարչությունը շատ սուբյեկտիվ է, մեկի համար որևէ աշխատանք կարող է լինել հրաշալի, մյուսի համար՝ ոչ այդքան ստացված։ Մեկի համար պահանջվածը ռեալիզմն է, մյուսի համար՝ աբստրակցիոնիզմը, մեկը գերադասում է տեսնել բնանկարներ,  մյուսը՝ նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ,  իսկ ավելի երիտասարդները նախընտրում են նորարարական մոտեցումները՝ կոնցեպտուալ արվեստ, ներկայացումներ, տպագրական գրաֆիկա։ Այնքան բազմաշերտ է արվեստը, որ դժվար է ասել՝ հիմա որն է պահանջված։

-  Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցին Ձեզ նկատել՝ որպես երիտասարդ նկարչի, երբ նոր էինք փորձում մուտք գործել արվեստի այս բնագավառ։

- Մուտք գործելս շատ սահուն է եղել, որևէ խոչընդոտ չեմ ունեցել, քանի որ հայրս ժողովրդական նկարիչ Վալմարն է, այդ պատճառով ճանապարհս հարթ է եղել։ Միակ խնդիրը այն էր, որ չկրկնեի հայրիկի ոճը և որպես նկարչուհի ինձ ընկալեին որպես անհատ, ոչ թե միայն Վալմարի դուստր։ Անկախ նրանից, որ ես անընդհատ տեսել եմ հայրիկի նկարչությունը, իմ ստեղծագործությունը՝  և՛ ոճի, և՛ նյութի առումով տարբեր է, բայց նույնն է գույնի զգացողությունը։

- Դուք նաև դասավանդում եք և ստացվում է՝ հաճախակի եք առնչվում ուսանողների հետ։ Ի՞նչ կասեք ոլորտի նկատմամբ նրանց հետաքրքրվածության վերաբերյալ։ Ինչպե՞ս եք փորձում նրանց մոտիվացնել։

- Այո՛, մոտիվացնելը թերևս ամենակարևորն է, որովհետև միշտ բոլոր ժամանակներում ուսանողների մեջ եղել են և՛ ակտիվներ, և՛ աշխատասերներ, տաղանդավորներ, և՝ ոչ այդքան։ Եվ կան ուսանողներ, որոնք, իսկապես, ուզում են սովորել՝ դասախոսն էլ, տեսնելով դա, ուզում է ավելին տալ, և հակառակը, երբ ուսանողը տեսնում է, որ դասախոսը ուզում է տալ, ինքն էլ ավելի է ոգեշնչվում և ավելի աշխատասեր է դառնում։ Այդ շղթան կարևոր է՝ բացահայտել ուսանողի կարողությունները և տանել դեպի վերջնակետը, ինչի համար, որ ուսանողը ընդունվել է և արվեստի  գրագիտություն է սովորում։ Մենք սովորեցնում ենք այբուբենը, ուսանողը արդեն ինքը պետք է կարողանա այդ այբուբենով արտահայտել իր միտքը, կազմել նախադասություններ։ Գրագետ լինելու համար անհրաժեշտ է իմանալ նկարչության կանոնները։ Դրանք տարբեր են՝ կոմպոզիցիայի ճիշտ լուծում, ծավալ և կոլորիտ, լույս ու ստվեր։

-  Իսկ ի՞նչ եք Դուք ստանում ուսանողներից՝ որպես դասախոս։

-  Դրական էմոցիաներ, նոր հույզեր, շփում երիտասարդ մտքի և մոտեցումների հետ։ Ամեն դեպքում, ուսանող-դասախոս կապը նոր բացահայտումների հետաքրքիր և միասնական ընթացք է։

- Ի՞նչ է պակասում այսօր կրթության որակի բարելավման համար։

- Պակասում է, թերևս, շարժառիթը։ Ուսանողներ կան, որ շատ անտարբեր են։ Չէ՞ որ մասնագիտություն ստանալը մարդու համար ամենակարևոր հանգամանքն է։ Հմուտ մասնագետ լինելու համար հարկավոր է լավ սովորել և, եթե այդ սովորելու ընթացքը  բաց ես թողնում, հետո այլևս դժվար կլինի այն լրացնել։ Դրա համար կարևոր է ամեն բան անել ճիշտ ժամանակին և գործին անմնացորդ նվիրվելով։

 Զրուցեց՝ Մերի Մաթևոսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ