Այսօր

Մի պահ պետք է գա, որ զգանք՝ այլևս մեր ձեռքում է ստացվելը կամ չստացվելը․ Արսեն Վարդանյան

  22 Փետրվար 2021  226 դիտում
Մի պահ պետք  է գա, որ զգանք՝ այլևս մեր ձեռքում է ստացվելը կամ չստացվելը․ Արսեն Վարդանյան

Ինչպե՞ս լինել ակտիվ և նախաձեռնող, ինչպե՞ս նպաստել երիտասարդների ներգրավվածությանը, ինչպե՞ս նոր շունչ հաղորդել արվեստների և արհեստների քաղաքին, ինչպե՞ս զարգացնել տուրիզմն ու փոքր բիզնեսը, և ինչպե՞ս ապրել պատերազմից հետոն, երբ ընկերներիդ մի մասին կորցրել ես մարտի դաշտում։

Erit.am-ի զրուցակիցն է «Շիրակը մեր տունն է» նախաձեռնության համահիմնադիր, «Իմ ֆռռիկը», «Տեյմորտակ», «Իմ Գյումրիկը» ապրանքանիշերի համահեղինակ Արսեն Վարդանյանը, ում շատերը ճանաչում են «Շիրակի Բազե» անունով։

Իրավագիտությունից զբոսաշրջություն

Մասնագիտությամբ իրավագետ եմ: Երկար տարիներ ոլորտում աշխատելուց հետո նկատեցի, որ խնդիրների լուծումը ոչ միայն որոշումների կայացմամբ է, այլև իրական կյանքում ձեռքով, ոտքով, մտքով գործ անելու, և դրա համար շեշտակի փոխեցի ոլորտը: Քանի որ ճամփորդելու հետ սեր ունեմ, անցում կատարեցի զբոսաշրջային ոլորտ։ Այս պահին իրականացնում եմ զբոսաշրջային պրոդուկտների ստեղծում, զարգացում, ինչպես նաև առկա զբոսաշրջային պրոդուկտների ներկայացում Շիրակի մարզում։

Այսպես դարձա «Շիրակի Բազեն»

Դեպքը տեղի է ունեցել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։ Խաղերից մեկի ժամանակ պարզեցինք, որ ֆուտբոլիստները, ներկաները մականուններ ունեն, միայն ես չունեմ։ Մեր ընկերներից Լուիզան ասաց՝ էսօրվանից դու կեղնիս մեր «Շիրակի Բազեն»։  Բացատրությունը ամեն ինչ տեսնելու, արագ արձագանքելու մեջ է, զուտ ֆունկցիոնալ նշանակությամբ որոշեցին, որ ես պիտի լինեմ «Շիրակի Բազեն»։

«Գյումրին մեր տունն է» կամ ինչպես «ելա, ընկա էս քաղաքի ջանը»

Երիտասարդական միջոցառումներից մեկի ընթացքում մեր նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը սեմինար էր վարում սոցցանցերում ճիշտ վարքագիծ դրսևորելու, թիմային աշխատանք կազմակերպելու և համացանցը որպես գաղափարակիցների հավաքագրման միջոց օգտագործելու մասին։ Հարցրեց՝ ով ինչքան ժամանակ է անցկացնում սոցցանցերում, ներկաները ժամային գրաֆիկ նշեցին, հետևեց մեկ այլ հարց՝ պատկերացրեք եթե այդ նույն ժամանակը օգտագործեիք իրական կյանքում լուրջ ու կարևոր հաջողություն գրանցելու համար։

Երբ դուրս եկա այդ սեմինարից, նկատեցի, որ քաղաքի փողոցների անվանումների մի մասը վնասված է կամ պոկված-ընկած։ Ֆեյսբուքում նկար հրապարակեցի, գրեցի՝ ես մուրճն ու աստիճանը  վերցնում եմ ու գալիս, ովքեր կան, որ կարող են միանալ, թող արձագանքեն։ Դեկտեմբերի 31-ն էր։ Մի քանի հոգով աշխատանքն արեցինք։ Դրան հաջորդեց սահադաշտ կառուցելու պրոցեսը, որին արդեն ավելի մեծ թվով մարդիկ արձագանքեցին։ Եվ այդպես շարունակ։

Նախաձեռնությունը երկար ժամանակ անվանում չուներ, ասում էին՝ մի անուն ընտրեք, որ կարողանանք տարբերակել ձեզ մյուսներից։ Քանի որ տունն ընկալվում է որպես լավ տեղ, կարևոր հանգրվան, մտածեցինք՝ «Գյումրին մեր տունն է» դնենք․այն լավն ու կարևորը, ինչ անում ես, տան համար է։

Վերջերս Տիգրան Պետրոսյանին հանդիպեցի, կատակով ասաց՝ մե անգամ բանըմ ըսեցինք, լուրջ ընդունիր, ելար, ընկար էս քաղաքի ջանը։