
Նատալի Ասատրյանը Միացյալ Նահանգներում որակավորում ունեցող ամենաերիտասարդ յոգայի ուսուցիչն է: Այս շաբաթ նա 16 տարեկան է դառնալու:
Յոգայով Նատալին սկսել է զբաղվել մանկապարտեզում, երբ 5 տարեկան էր: Այնուհետև փորձել է զբաղվել վոլեյբոլով, բասկետբոլով, ֆուտբոլով, բայց ինչպես ինքն է ասում, միշտ վերադարձել է յոգային:
«Յոգան քո ու քո ճանապարհի մասին է: Եթե սպորտաձևերի դեպքում մասնակցում ես մրցույթների, հաղթում կամ պարտվում, այստեղ միայն ինքդ քեզ հետ ես մրցակցում ու քեզ հաղթում», - ասում է Նատալին:
Արդեն 9 տարեկանում աղջիկը որոշում է ուսուցանել յոգա: Մայրն առանց որևէ քննարկման ոգևորում է նրան ու փորձում օգնել ինչով կարող է:
«Մայրս զանգահարում էր յոգայի կենտրոններ ու ասում՝ աղջիկս ուզում է դասավանդել ձեզ մոտ: Նրանք պատասխանում էին՝ լավ, քանի՞ տարեկան է նա: Երբ մայրս ասում էր 9-ը, պարզապես կախում էին խոսափողը», - հիշում է Նատալին:
Երեք տարվա անհաջող փորձերից հետո, երբ Նատալին արդեն 12 տարեկան էր, նա վերջապես դրական պատասխան է ստանում:
Կենտրոններից մեկում երկար աշխատանքից հետո նրան հաջողվում է ուսուցչի որակավորում ստանալ:
Այժմ Նատալի Ասատրյանը ցանկանում է իր օրինակով ոգեշնչել շատերին, նա ընդգրկված է բազմաթիվ բարեգործական նախագծերում:
«Ես համոզված եմ, որ չկա տարիքային սահմանափակում աշխարհը փոխելու համար: Մենք՝ որպես հասարակություն, պետք է հստակ տարբերակենք՝ ինչն է դժվար անել, իսկ ինչն՝ անհնար: Ես նկատում եմ, որ մենք հաճախ ենք շփոթում այս երկուսը. մտածում ենք՝ դժվար է, ուրեմն անհնար է, բայց այդպես չէ», - ասում է Նատալին:
Մանրամասները՝ տեսանյութում: