Այսօր

Համարձակ երազիր, մենք ունենք ծրագիր. Beyond Learning Hub

  23 Փետրվար 2021  82 դիտում
Համարձակ երազիր, մենք ունենք ծրագիր. Beyond Learning Hub

Մեկ տարի առաջ Հայաստանում սկսել է գործել Beyond Learning Hub-ը, որի հիմնական կարգախոսն է՝ համարձակ երազիր. մենք ունենք ծրագիր:

Beyond-ի համահիմնադիր Հայկ Դավեյանի հետ Erit.am–ը զրուցել է նախագծի նպատակների և խնդիրների մասին:

Հայկն ասում է, որ այսօր աշխատաշուկան տեխնոլոգիական անցում է կատարում, և մենք շտապում ենք վերապատրաստվել ու ամեն օր գուգլում ենք մասնագիտություններ և հաստիքներ, որոնք թույլ կտան տանից աշխատել․

  «Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կա ինտերնետային կարիերայի չորս պատերից անդին: Այդ նպատակով մենք հիմնել ենք Beyond Learning Hub-ը, որպեսզի ցանկացած անհատ կարողանա զգալ, թե ինչ է նշանակում լինել ՏՏ-ի մաս և գտնել այն տեղը, որին լավագույնս համապատասխանում է»,- ասում է Հայկը՝ վստահեցնելով, որ կարևոր չէ՝ մասնակիցը սկսում է զրոյից, թե՞ իր զինանոցում արդեն իսկ ունի հմտությունների մի ամբողջ փունջ։

«Մենք ունենք դասընթացների լայն տեսականի, որոնց առաքելությունն է՝ անհատին  դարձնել հաջողակ և խոստումնալից մասնագետ։  Մենք հիմնվում ենք նրա ներուժի և պատրաստվածության մակարդակի վրա, բացահայտում նրա այն տաղանդները, որոնց մասին գուցե ինքն էլ տեղյակ չէ։ Ինչպե՞ս ենք դա անում. Beyond Learning Hub-ը համագործակցում է առաջատար ընկերությունների և մասնագետների հետ՝ դասընթացների միջոցով ճանապարհ հարթելով դեպի ՏՏ ոլորտ: Դրանց ընթացքում մասնակիցները տեխնիկական գիտելիքներից զատ, զարգացնում են նաև խնդիրներ լուծելու կարողությունը և ՏՏ ոլորտի մեծ պատկերը տեսնելու հմտություն՝ այդպիսով դառնալով ՏՏ համայնքի լիարժեք անդամ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մենք մեր մասնակիցներին կոչ ենք անում՝ ընտրիր քո նոր կարիերան և խթանիր անձնային ու մասնագիտական ​​աճդ, երբեք մի՛ հանձնվիր ու համարձակ երազիր։ Մենք ունենք դրանք իրականություն դարձնելու պլան»,- շեշտում է Հայկը։

Մեր զրուցակիցը ներկայացնում է այն հիմնական չորս դասընթացները, որոնք իրականացնում է Beyond Learning Hub-ը: Դրանցից առաջինը 4 ամիս տևողությամբ խորացված դասեր են Python-ի, տվյալների վերլուծության և մեքենայական ուսուցման մասին․

«Այսօր տվյալներ կիրառում են բոլորը. այդ պատճառով տվյալագիտությունը Հայաստանում և ողջ աշխարհում պահանջված ու բարձր վարձատրվող ոլորտներից մեկն է: Տվյալագետի մասնագիտությունը մշտական աշխատանքի և կայուն եկամտի երաշխիք է, որի արդյունքում ստեղծվում են ահռելի քանակի նոր աշխատատեղեր։ Օրինակ, ԱՄՆ-ում առկա է տվյալագետի 75,000 թափուր հաստիք՝ միջինից զգալիորեն բարձր աշխատավարձով։ Հետևաբար, տիրապետելով տվյալագիտության ֆունդամենտալ կոնցեպտներին և ծանոթանալով Python ծրագրավորման լեզվին ու ձևավորելով տեխնիկական մտածողություն՝  դասընթացի մասնակիցները սովորում են մշակել և վերլուծել ցանկացած տվյալ: Եթե դրոնները և ծրագրավորումը մեր ապագան են, ապա պատանիները պետք է ճանաչեն այն:  13-ից բարձր տարիքի պատանիներին մեր դասընթացը սովորեցնում է կրթական դրոնների միջոցով ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկը՝ Python-ը»,-ասում է Հայկը և հավելում, որ դասընթացը ներառում է նաև մենթորական ծրագիր՝ Smartclick-ի և Beyond-ի հետ, որի ընթացքում մասնակիցները կիրառում են ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ իրականացնելով իրենց առաջին իրական նախագծերը և ՏՏ համայնքում ինտեգրվելու առաջին քայլը։

Հաջորդ՝ Java դասընթացը ստեղծվել է DISQO ընկերության հետ համատեղ, որի ընթացքում, ըստ մեր զրուցակիցի, մասնակիցները ստանում են իրական փորձառություն՝ ուղիղ բիզնեսից․

«Այս դասընթացը ոչ միայն և ոչ այնքան կոդ գրելու մասին է. ծրագրային ինժեներիան ընկած է յուրաքանչյուր ծրագրավորողի մտածելակերպի հիմքում։ Այն ՏՏ կարիերա սկսելու հիմնական դարպասն է, որով պետք է ներս մտնել։ Դե իսկ Java-ն ամենամեծ պահանջարկ ունեցող ծրագրավորման լեզուներից մեկն է, որն աշխատում է՝ գրվում է մեկ անգամ, աշխատում ամենուր սկզբունքով: Այսինքն՝ դասընթացը համադրում է ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ երկու հիմնական բաղադրիչները՝ մտածելակերպ և ծրագրավորման լեզու»,- ասում է Հայկը՝ հավելելով, որ DISQO ընկերությունը վերջին փուլում անցկացնում է տեխնիկական հարցազրույց, որն աշխատանքի ընդունման գործընթացի կարևորագույն մասն է:

Անդրադառնալով երրորդ դասընթացին՝ Հայկը նշում է, որ այն UX/UI դիզայնը հիմքից հասկանալու և կիրառելու համար է․

«Սկսում ենք այբուբենից և ծանոթանում դիզայնի հիմնարար բաղադրիչներին։ Օգտատիրոջը գոհացնելը UX/UI-ի կարևորագույն նպատակն է, այդ պատճառով սովորում ենք ճանաչել մարդուն, նրա վարքագիծն ու սպասելիքները, բացահայտել և դրանց հիման վրա նախագծել առավելագույնս գործածելի և հարմարավետ  արտադրանք, մշակել մարդակենտրոն դիզայն։ Նախագիծն օնլայն հարթակում արդյունավետ ինտեգրելու համար միասին մշակում ենք վեբկայքի դիզայն: Բացի այդ, սովորում ենք կայքի դիզայնը բջջային հեռախոսների համար գրավիչ դարձնելու մեթոդներն ու կիրառում մեր նախագծում: Վերջում մշակում ենք UX/UI արդեն բջջային հավելվածի համար: Դասընթացի ավարտին մասնակիցն իրեն զգում է UX-ի ամենակարող հերոս»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Հաջորդ դասընթացը վերաբերում է նախագծերի կառավարման հիմունքներին, որը նախատեսված է աշխատակազմի ղեկավարների և անդամների, նախագծերի կառավարիչների և ուսանողների համար․

 «Ծանոթանալով ամենատարածված մեթոդներին և ձևավորելով կառավարչական մտածողություն՝ դասընթացի մասնակիցները սովորում են մշակել և առաջնորդել ցանկացած ՏՏ նախագիծ: Vineti  ընկերությունում նրանք անցնում ենք հարցազրույց՝ աշխատանքի ընդունվելու փորձառություն ձեռք բերելու համար»,- դասընթացի մանրամասները ներկայացնում է Հայկը:

Մեր զրուցակիցը վստահ է՝ այժմ փոփոխությունների և ընտրությունների ժամանակ է, և պետք է շարժվել տեխնոլոգիաներին համահունչ:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ