Այսօր

Դրոններ և ռոբոտներ. Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները ներկայացնում են իրենց արտադրանքը

  24 Փետրվար 2021  145 դիտում
Դրոններ և ռոբոտներ. Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները ներկայացնում են իրենց արտադրանքը

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման և  ծրագրային սպասարկման աշխատանքներ: Ուսանողներն իրականացնում են նաև տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, կարգավորում դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը:

Քոլեջի ուսանողները՝ որպես կուրսային և դիպոմային աշխատանքներ, շատ հաճախ ներկայացնում են իրենց պատրաստած ռոբոտները: Նրանցից մեկը  «Մեխատրոնիկա» բաժնի 3-րդ կուրսի սովորող Հայկն է, որը նաև Արցախյան երրորդ պատերազմի մասնակից է: Մեզ հետ զրույցում Հայկը պատկերավոր ներկայացնում  է այն արտադրանքը, որը պատրաստել են ուսանողներն իրենց ձեռքերով․

 «Պատրաստել ենք ռոբոտներ, որոնք կառավարում ենք հեռախոսի միջոցով: Նախագծել ենք նաև 3 D պրինտեր, որը զրոյից ենք հավաքել: Այն խիստ անհրաժեշտ արտադրանք է, որովհետև դրոնի և ռոբոտի դետալներն ամբողջությամբ տպում ենք այդ պրինտերով: Բացի այդ, ստեղծել ենք քոլեջի ավտոմատացված զանգ, որի կաղապարը նույնպես այս պրինտերով ենք սարքել: Պատրաստել ենք նաև զանգի երկրորդ մոդիֆիկացիան. այն աշխատում է դինամիկների միջոցով և ամեն օր ավտոմատ ազդարարում քոլեջի կարևոր հաղորդագրությունները, օրինակ՝ դասամիջոցի ավարտին մնաց այսքան րոպե, կրեք դիմակ և այլն»,-մեծ ոգևորությամբ քոլեջի ուսանողների աշխատանքները ներկայացնում է Հայկը:



Սովորողների հաջորդ արտադրանքը պրինտերի նյութն է, որը, ըստ Հայկի, մինչև այժմ ստանում էին արտերկրից․

 «Ուսանողներով և դասախոսներով ներդրում ենք արել, օգնել է նաև քոլեջը և համատեղ ջանքերով կարողացել ենք ստեղծել մեր տեղական արտադրանքը, որը բոլորիս ոգևորել է: Իսկ սա մեր ստեղծած մանիպուլյատորն է, որն իրեր է տեղափոխում և ավտոմատ շրջանցում արգելքներ: Նախագծել ենք նաև դրոն, որը ռազմական նշանակություն է ունենալու. այն աշխատելու է հրետանու հետ և կոորդինատներ փոխանցելու: Դրոնն արդեն փորձարկել ենք Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի ուսանողների հետ: Նրանք նախագծել են ծրագրային կառավարվող զենք և մեզ խնդրել դրոնի միջոցով ստանալ համապատասխան կոորդինատներ, որպեսզի կարողանան զենքով ճիշտ նշանակետին խփել: Սա, իհարկե, լաբորատոր տարբերակն է, երբ թիրախը տեսնելով՝ սարքը լազերը գցում է վրան, տալիս համապատասխան կոոորդինատները և դրոնն ուղղում այդ ուղղությամբ»,- պատմում է Հայկը՝ հավելելով, որ ՊՆ-ի ներկայացուցիչների հետ արդեն մեկ հանդիպում են ունեցել, որի արդյունքում կշարունակեն համատեղ աշխատանքները:

«Մեխատրոնիկան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է, բայց բավականին կայացած: Տարիներ շարունակ մեր քոլեջը բարձր գիտելիքներ և հմտություններ ունեցող կադրեր է թողարկել այս մասնագիտությամբ, որի ընթացքում համագործակցել ենք Հայաստանի մի շարք պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: Մեր հիմնական սոցիալական գործընկերները հանրապետության ճանաչված և առաջատար ընկերություններն ու ձեռնարկություններն են, որտեղ պրակտիկա են անցնում և հետագայում աշխատանքի տեղավորվում մեր ուսանողները: Օրինակ, «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագիրն իրականացրել ենք Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) հետ: Ծրագրի շրջանակում մշակել ենք ռոբոտաշինության կրթական չափորոշիչը, և ընդունելություն կիրականացնենք նաև այս մասնագիտությամբ»,-մեզ հետ զրույցում նշում է քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը և ընդգծում, որ քոլեջի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է աշխատանքի, սակայն նրանցից 25-40 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ:

Նշենք, որ դուալ համակարգի ներդրումը ենթադրում է ուսումնական գործընթացին զուգահեռ աշխատանքի վրա հիմնված ուսուցում գործատուի մոտ, որի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում գործնականում կիրառել քոլեջում ձեռք բերած տեսական գիտելիքները: Այն ծնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգը նպաստում է շրջանավարտների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը՝ ապահովելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ