Այսօր

Առավոտվա կախարդանքը. պարզ մեթոդներ հաջողված օր ունենալու համար

  24 Փետրվար 2021  113 դիտում
Առավոտվա կախարդանքը. պարզ մեթոդներ հաջողված օր ունենալու համար

Արթնանալուն հաջորդող րոպեները որոշիչ են ամբողջ օրվա էներգիայի համար: Օրը խանդավառությամբ անցկացնելու համար գրող, մոտիվացիոն խոսնակ Հել Էլրոդն իր «Առավոտվա կախարդանքը» գրքում առաջարկում է ինքնազարգացման մի շարք մեթոդներ և վարժություններ: Դրանք կարող են կիրառել բոլորը՝ անկախ տարիքից, գործունեության ոլորտից, «բու» կամ «արտույտ» լինելուց:

Լռություն

Լարվածությամբ և անկողնուց արագ ցատկելու փոխարեն օրն սկսեք հանգստությամբ և տվյալ պահի գիտակցմամբ: Հենց սա է ամենաշատն անհրաժեշտ ժամանակակից, գերարդյունավետ, ամեն ինչ հասցնել ձգտող մարդկանց: Հանգստության հասնելու լավագույն և գիտականորեն փորձված տարբերակներից մեկը մեդիտացիան է: Այն նվազեցնում է սթրեսի հավանականությունը և մեծացնում է կենտրոնացվածությունը: Մեդիտացիաների տեսակները բազմազան են, ընտրեք ձեզ առավել հարմարը: Հել Էլրոդն առաջարկում է հետևյալ ալգորիթմը.

  • Նստեք հարմարավետ, բայց ոչ շատ թուլացնող վայրում՝ այնպես, որ չքնեք:
  • Կենտրոնացեք շնչառության վրա: Դրա համար կարող եք օգտագործել «քառակուսու կանոնը»՝ 3 վայրկյան շունչ քաշեք, 3 վայրկյան պահեք շնչառությունը, 3 վայրկյան արտաշնչեք և կրկին նույնքան ժամանակ պահեք շունչը: Կրկնեք այս ցիկլը ամբողջ մեդտիացիայի ընթացքում: Շնչեք քթով, արտաշնչեք բերանով:
  • Գլխավոր նպատակն ուղեղը տարատեսակ մտքերից հանգստացնելն է: Դրանք միևնույն է «գրոհելու են», այնպես որ փորձեք պարզապես ընդունել այդ փաստը և կենտրոնանալ շնչառության վրա:
  • Այս մեթոդն սկսեք կատարել նախ 5 րոպե տևողությամբ, ապա օրեցօր ավելացրեք ժամանակահատվածը:

Աֆֆիրմացիաներ

Շատերն աֆֆիրմացիաներն ընկալում են որպես գերժամանակակից և մոդայիկ տեխնիկա, այնինչ դրանք ինքներս մեզ հետ երկխոսության տեսակ են: Հիմնականում մենք ինքներս մեզ հետ խոսում ենք բացասական, նախատող երանգով: Անհրաժեշտ է աշխատել հակառակ ուղղությամբ: Ինչպե՞ս աֆֆիրմացիաների օգնությամբ սեփական միտքը ծրագրավորել հաջողության և արդյունավետության համար.

  • Կողմնորոշվեք նպատակների հարցում: Ընդ որում, կյանքի բոլոր բնագավառաների համար՝ ֆինանսական, ֆիզիկական առողջություն, անձնական հարաբերություններ… Նկարագրեք, թե ինչպիսին եք պատկերացնում ձեր իդեալական կյանքը, ձեր ուղեղը պետք է իմանա կոնկրետ նպատակը:
  • Պատասխանեք «Ինչո՞ւ» հարցին: Կշռադատված փաստերը կօգնեն ավելի հստակ գիտակցել նպատակները: Բացի այդ, այդպիսով կազատվեք կասկածամտությունից, որը պարբերաբար կարող է առաջանալ նպատակին հասնելու ճանապարհին:
  • Նկարագրեք, թե ինչպիսի անհատականություն պետք է լինեք ձեր իսկ թվարկված նպատակներին հասնելու համար: Բոլոր փոփոխությունները սկսվում են սեփական «ես»-ի փոփոխություններից: Դրա համար նախ հասկացեք, թե ինչ եք ուզում ինքներդ ձեզնից:
  • Առանձնացրեք այն գործողությունները, որոնք կհանգեցնեն ձեր նպատակի իրականացմանը: Նշեք հստակ քայլեր և դրանք կատարելու հստակ պարբերականություն: Օրինակ՝ շաբաթվա մեջ 2 անգամ 30 րոպեով մարզադահլիճ գնալ: Միայն հստակության դեպքում ձեր քայլերը կլինեն արդյունավետ և հաջողված:

Հստակ գրեք վերոնշյալ կետերի պատասխանները, իսկ հետո ամեն առավոտ կարդացեք: Կարող եք այս ընթացքը համատեղել ֆիզիկական վարժությունների կամ լոգանքի հետ, կարևորը՝ խոսեք ինքներդ ձեզ հետ դրական տոնով և անկեղծ: 

Վիզուալիզացիա կամ մտավոր պատկերացում

Համարձակորեն այս տեխնիկան ավելացրեք ձեր զինանոց: Հել Էլրոդն առաջարկում է այս վարժությունը 3 փուլով կատարել անմիջապես աֆֆիրմացիաներից հետո.

  • Նստեք հանգիստ, բայց կենտրոնացվածությունը չթուլացնող դիրքով, փակեք աչքերը, խորը շնչեք: Կարող եք միացնել հաճելի, բայց ոչ շեղող երաժշտություն:
  • Պատկերացրեք այն, ինչին ցանկանում եք հասնել: Ձեր գլխում ստեղծեք հնարավորինս շատ վառ և խորը պատկերներ այն կյանքի վերաբերյալ, որին ձգտում եք: Աշխատացրեք զգայական բոլոր օրգանները, փորձեք զգալ ձեր ապագան: Որքան այդ ամենը բնական ստացվի, այնքան ավելի շատ ջանքեր կգործադրեք ձեր պատեկարցումներն իրականություն դարձնելու համար:
  • Պատկերացրեք ձեզ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ: Զգացեք, թե որքան մեծ հաճույքով եք կատարում ամենօրյա գործերը, դուրս գալիս զբոսանքի: Պատկերացրեք այն գործողությունները, որոնք կատարելով արտահայտվելու է ձեր «ես»-ը, անգամ փորձեք պատկերացնել, թե ինչպես կարձագանքի ձեր շրջապատը:

Ֆիզիկական վարժություններ

Հնարավոր է՝ դժվարությամբ սկսեք առավոտյան կատարել ֆիզիկական վարժություններ, բայց վստահեցում ենք՝ հաստատ չեք զղջա: Առավոտյան վարժանքն ինքնազարգացման չափազանց արդյունավետ և միևնույն ժամանակ թերագնահատված միջոց է: Այն լավացնում է ինքնազգացողությունը, ուղեղը հարստացնում է թթվածնով և մղում է իրական գործողությունների: Կարող եք ընտրել ձեզ առավել հարմար վարժությունները՝ վազք, համալիր վարժություներ, յոգա, որը դրական է ազդում ոչ միայն ֆիզիկական առողջության վրա, այլև հոգեկան: 

Ընթերցանություն 

Հավանաբար, այս աշխարհում արդեն իսկ եղել են մարդիկ, ովքեր հայտնվել են ձեր իրավիճակում, ունեցել են ձեր նպատակներից: Եվ շատ հավանական է, որ նրանք երբևէ գրել են իրենց փորձի մասին: Հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, բայց կարելի է կարդալ դրա ստեղծման մասին: Կարդացեք մոտիվացիոն պատմություններ՝ թեկուզ մի քանի էջ: Եթե ամեն օր ընթերցեք գոնե 10 էջ, տարվա ընթացքում շուրջ 20 200 էջանոց գիրք ընթերցած կլինեք: Կարդալիս անպայման նշումներ կատարեք և, բնականաբար, մի մոռացեք ինքներդ ձեզ հարցնել՝ ինչո՞ւ եք կարդում:  

Օրագիր

Օրագիրը թույլ է տալիս ամփոփել իրադարձությունները, տպավորությունները, ամբողջացնել գաղափարները, նշել նպատակները, մի խոսքով՝ այն ամենը, ինչ հեշտությամբ կարող է թռչել ձեր գլխից: Սա, կարելի է ասել, անվճար հոգեթերապիա է, որը հասանելի է միշտ և ամենուր: Ձեր օրագիրը կարող է լինել ինչպես թղթյա, այնպես էլ էլեկտրոնային: Կարելի է գրել նպատակների, երազանքների, հաջողությունների, կյանքի դասերի, գաղափարների մասին կամ պարզապես օրագրին հանձնիր այն ամենը, ինչն այդ պահին մտքիդ է գալիս: 

Թվարկված կետերը հաջողությամբ կատարելու համար նախ պետք է հեշտությամբ արթնանալ: Էլրոդն դրա համար ևս խորհուրդներ ունի:

Ձեզ նախապես մոտիվացրեք 

Բոլորս էլ ունենում ենք օրեր, երբ արթնանում ենք առանձնակի ուրախությամբ և խանդավառությամբ: Լինում է նաև հակառակը՝ երբ խուսափելով սպասվող իրադարձություններից ակամա նյարդայինանում ես և չես կարողանում քնել: Առավոտյան ոգեշնչված արթնանալու համար գործի անցեք երեկոյան, քնելուց առաջ մի քանի րոպե մտածեք, թե հանուն ինչի եք արթնանալու, ինչ արդյունքներ եք ցանկանում գրանցել սպասվող 24 ժամվա ընթացքում, ինչ ուրախալի իրադարձությունների մասնակիցը կարող եք լինել: 

Զարթուցիչը անկողնուց հնարավորինս հեռու տեղադրեք 

Շատ պարզ, բայցև արդյունավետ մեթոդ: Դուք պարզապես չեք կարող անգիտակցաբար ձեռքը մեկնել դեպի զարթուցիչը (հեռախոսը) և անջատել այն: Այժմ ստիպված կլինեք վեր կենալ անկողնուց: Այսպիսով՝ ակամա կսթափվեք:

Վազեք լվացվելու, ապա ջուր խմեք 

Պա՞րզ մեթոդ է: Շատերն արթնանալուց հետո վերցնում են հեռախոսը և սկսում լրահոս ընթերցել կամ շուռումուռ գալ անկողնում: Բայց անմիջապես լվացվելու (ցանկալի է սառ ջրով) դեպքում ձեզ շատ ավելի առույգ կզգաք:  Բացի այդ, օրգանիզմը սթափեցնելու համար կարող եք պարզապես մի բաժակ ջուր խմել:

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ