Այսօր

Ինչպե՞ս սպորտով վարակել մի ամբողջ գյուղ. գիտի երիտասարդ մարզիչ Արման Հայրապետյանը

  24 Փետրվար 2021  852 դիտում
Ինչպե՞ս սպորտով վարակել մի ամբողջ գյուղ. գիտի երիտասարդ մարզիչ Արման Հայրապետյանը

Երիտասարդ մարզիչ Արման Հայրապետյանը վերջին օրերին առանձնակի հպարտությամբ և ոգևորությամբ է գնում աշխատանքի՝ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում սեփական միջոցներով հիմնած մարզասրահ: Հպարտանալու առիթը մեծ է՝ Արմանի սաներից երկուսը՝ Արշակ Հայրապետյանը և Ալբերտ Դադիկյանը, վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստացել են սպորտի վարպետի պատվավոր կոչում, իսկ ընդամենը մի քանի տարի առաջ հարազատ գյուղում քչերն էին պատկերացնում, որ 0-ից մարզասրահ հիմնած երիտասարդն իսկապես կհաջողի:

Erit.am-ի հետ զրույցում Արմանը պատմում է, որ փոքր հասակից հաճախելով տարբեր մարզաձևերի՝ 14 տարեկանում Արմանի ընտրությունը կանգ է առել ծանրամարտի վրա: Մարզվելու համար ամեն օր ավտոբուսով Հայրավանքից Գավառի մարզադպրոց է գնացել և հենց այդ ժամանակվանից մտածել հարազատ գյուղում մարզադահլիճ ունենալու մասին:

2009 թվականին Արմանն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժին, լրացրել սպորտի վարպետի նորմա, բայց մարզիկ լինելու ցանկությունն աստիճանաբար վերածվել է մարզիչ դառնալու և հարազատ համայնքի պատանիներին բարձրակարգ մարզիկ դարձնելու պատասխանատու աշխատանքի:

«Մինչև մարզասրահ բացելը դպրոցում ֆիզկուլտուրա էի դասավանդում և տեսնում էի, որ երեխաները սպորտի նկատմամբ մեծ սեր ունեն, սակայն շատերին հարմար չէր ամեն օր մարզադպրոց գնալու համար հասնել Գավառ, ինչպես ժամանակին ես էի անում: Խնդիրը լուծելու լավագույն լուծումը Հայրավանքում մարզասրահ ունենալն էր»,- ժպիտով պատմում է Արմանը:



Հայրավանքում և հարակից համայնքներում սպորտը զարգացնելու ու առողջ ապրելակերպը խթանալու վճռականությամբ Արմանը համայնքապետարանից համապատասխան թույլտվություն և տարածք է ստացել, առանց որևէ աջակցության վերանորոգման աշխատանքներ կատարել, 10 հազար դոլարի մարզագույք գնել և 2017 թվականի մարտից անցել աշխատանքի: Մարզասրահի տարածքը, որտեղ ժամանակին անգամ լուսավորություն չի եղել, այժմ դարձել է գյուղի ամենաակտիվ կետը՝ շաբաթը 6 օր Հայրավանքից և հարակից Բերդկունք, Լճափ, Ծաղկազարդ համայնքներից այստեղ է գալիս շուրջ 100 մարզվող: 4-60 տարեկան մարզասերների շարքում կան ինչպես պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու նպատակ ունեցողներ, այնպես էլ պարզապես առողջ ապրելակերպի ջատագովներ: Ծանրամարտ, ուժային եռամարտ, ընդհանուր մարմնամարզություն. բոլոր մարզումները, սաներին տեղական և միջազգային մրցումներին պատրաստելն Արմանը միայնակ է կազմակերպում և վստահեցնում՝ չի հոգնում.

«Բոլորին շատ եմ սիրում: Որ օրը մարզում չեմ անցկացնում՝ երազումս եմ տեսնում նրանց: Այս առումով կորոնավիրուսի ամենաթեժ հատվածում շատ բարդ էր: Իսկապես շատ եմ ցանկանում, որ երեխաները բարձրակարգ մարզիկներ դառնան և առողջ ապրեն: Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ մարդիկ աստիճանաբար սկսել են գիտակցել առողջ ապրելակերպի կարևորությունը, շատ կարծրատիպեր են կոտրվել, դրա վկայությունը նաև մարզասրահ հաճախող մեծահասականերն են»,- ասում է Արմանը և հավելում՝ կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների շրջանում մարզասրահի գույքը բաժանել է առավել ակտիվ սաներին, որպեսզի նրանք կարողանան տնային պայմաններում շարունակել մարզումները:



Արմանի սաներն արդեն իսկ լուրջ հաջողություններ են գրանցում՝ իրենց տարիքային խմբերում դառնալով ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ, ընդունվում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ (ի դեմս Արշակ Հայրապետյանի - խմբ.) ու մարզական քոլեջներ՝ այդպիսով մարզչին դրդելով ավելի մեծ ոգևորությամբ աշխատանքի և խենթ որոշումների: Տարիների ընթացքում մարզվողների շրջանակը ընդլայնվել է, և Արմանը, նկատելով, որ բազմաթիվ կանայք ևս մարզասրահ հաճախելու ցանկություն ունեն, որոշել է նրանց համար առանձին սրահ բացել: Իսկ դրա համար Արմանը պետք է նախ սպորտով վարակեր իր կնոջը՝ Կարինեին.

«Կինս տուրիզմի գծով մասնագետ և մանկավարժ է: Նա առանձնապես մարզասեր չէր, բայց դա էլ փոխեցի (ծիծաղում է - խմբ.): Փոքրիկ խորամանկության եմ դիմել՝ ամիսներ առաջ սկսեցինք միասին մարզասրահ գնալ, աստիճանաբար կինս սիրեց մարզումները, և արդեն ինքն էր ասում՝ «Բա այսօր չե՞նք մարզվելու»: Հետո նրան առաջարկեցի միասին աշխատել, համաձայնեց և գերազանցությամբ մասնակցեց մարզչական դասընթացների: Այդպիսով ձեռնամուխ եղանք բացել կանանց ֆիտնես սրահ: Այն կգործի մարտի 1-ից, հետաքրքրվողները շատ են ինչպես մեր գյուղից, այնպես էլ հարակից համայնքներից»,- պատմում է Արմանը: