Այսօր

Թարգմանության ճանապարհին ծագած դժվարությունները դառնում են մանրուքներ․ Սիրանուշ Փարսադանյան

  24 Փետրվար 2021  429 դիտում
Թարգմանության ճանապարհին ծագած դժվարությունները դառնում են մանրուքներ․ Սիրանուշ Փարսադանյան

Սիրանուշ Փարսադանյանը մասնագիտությամբ բանասեր է, սակայն նրա հետ զրուցել ենք որպես գրքի թարգմանչի: Դպրոցական տարիներին սովորելով գերմաներեն՝ փայլուն յուրացրել է լեզուն, ինչ էլ նրան հնարավորություն է տվել թարգմանել Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը:

– Սիրանուշ, Դուք մասնագիտությամբ գրականագետ եք, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք զբաղվել գեղարվեստական թարգմանությամբ: Ինչպե՞ս հղացաք գիրք թարգմանելու գաղափարը:

– Դեռ փոքր տարիքից տարված էի գրականությամբ, ընթերցում էի անհագորեն, խելահեղաբար, ու այդ անեզր օվկիանոսում ինձ առավելապես գրավում էր թարգմանական գրականությունը: Վաղուց գիտեի՝ մի օր պիտի զբաղվեմ գեղարվեստական թարգմանությամբ: Հայերեն գրքերին զուգընթաց՝ պարբերաբար կարդում էի գերմանալեզու գրականություն, ու մի գեղեցիկ օր խիզախեցի թարգմանել իմ ամենասիրելի հեղինակներից մեկի՝ Հերման Հեսսեի գրչին պատկանող մի փոքրածավալ ստեղծագործություն, և դա դարձավ խորհրդանշական սկիզբ:

– Գիրքը թարգմանել եք մրցույթում հաղթելու շնորհիվ: Ինչպե՞ս իմացաք մրցույթի մասին և արդյոք մտածո՞ւմ էիք, որ Ձեր հայտը կբավարարվի:

– Մրցույթի մասին տեղեկացել եմ շատ պատահաբար և անկեղծորեն չեմ մտածել՝ կբավարարվի՞ իմ հայտը, թե՞ ոչ: Իսկ հիմա ուրախ եմ, որ թարգմանվեց գիրքը, հասցրեց սիրվել շատերի կողմից, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Յոզեֆ ֆոն Այխենդորֆի նշանակալի ստեղծագործությունը այլևս հասանելի է հայ ընթերցողին:

Ինչպե՞ս ընտրեցիք հենց Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» ստեղծագործությունը:

– Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ թարգմանիչներին, ստեղծագործողներին, հետազոտողներին տրվող դրամաշնորհի շրջանակներում: Այխենդորֆի հայտնի վիպակը մի շարք այլ կարևոր ստեղծագործությունների հետ մեկտեղ ընդգրկված էր նախարարության կողմից առանձնացված այն գրքերի ցանկում, որոնց թարգմանությունը խրախուսվում է: Յոզեֆ ֆոն Այխենդորֆի ստեղծագործությանը նախկինում ծանոթ չէի, և քանի որ սիրում եմ բացահայտել ինձ անծանոթ հեղինակների գրական աշխարհը, երկար չտատանվեցի, ընտրեցի հենց այս գիրքը: