Վերջերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց 33 ծրագիր: Լավագույն տասնյակում էր նաև Մելիք Մկրտչյանի «Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում» ծրագիրը։ Erit.am-ի հետ զրույցում Մելիք Մկրտչյանը պատմել է հաղթող ծրագրի, ինչպես նաև ուսուցչի մասնագիտությունն ընտրելու, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների և ձեռքբերումների մասին։
-Ե՞րբ և ինչպե՞ս պատմության ֆակուլտետի շրջանավարտ Մելիք Մկրտչյանը դարձավ ընկեր Մկրտչյան։
-Ներկա պահին դեռևս ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ եմ, կարելի է ասել` միշտ եմ սովորում այս ֆակուլտետում, այն շատ հոգեհարազատ է դարձել:
Ամեն ինչ սկսվեց 2017 թ. սեպտեմբերի 1-ից, երբ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում ինձ գործուղեցին Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոց՝ որպես պատմության ուսուցիչ: Այդ պահից սկսած իմ կյանքն ամբողջովին փոխվեց․ սկսվեցին ընկեր Մկրտչյանի հետաքրքիր, բովանդակալից և գերհագեցած օրերը: Հետաքրքիրն այն է, որ մտնում ես մի միջավայր, որտեղ դու ընդհանրապես փորձ չունես, բայց «զինված ես» նորանոր մանկավարժական հմտություններով ու մեթոդներով, ինչի շնորհիվ էլ դառնում ես աշակերտներիդ սիրելի ընկեր Մկրտչյանը: