
Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում այս օրերին ընթանում են Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցում են 22 մարմնամարզիկ և 19 մարմնամարզուհի: Սպորտային մարմնամարզիկների համար այս առաջնությունը տարվա առաջին ստուգատեսն է:
Բազմամարտի մրցումներում արդեն հայտնի են մրցանակակիրները: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է գործող չեմպիոն Արթուր Դավթյանը (83.271), որը Հայաստանը ներկայացնելու է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Երկրորդ մրցանակին արժանացել է Գագիկ Խաչիկյանը՝ 78.604 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արմեն Պետրոսյանը՝ 75.6:
Աղջիկների բազմամարտում Հայաստանի չեմպիոնուհու կոչումը նվաճել է Աննա Գրիգորյանը (48.8), երկրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է (46.5), իսկ երրորդում՝ Մանե Պողոսյանը (44.0): Փետրվարի 25-ին կայանալու են առանձին գործիքների եզրափակիչները:
Նշենք, որ առաջնություններն անցկացվում են առանց տարիքային սահմանափակման. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս մասնակցում են՝ հանդես գալով մեծահասակների ծրագրով:
Հավելենք՝ ծրագրված էր, որ Հայաստանի առաջնությունից հետո սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Դոհայում մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, սակայն Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մարտի 10-13-ը նախատեսված մրցաշարը հետաձգել է անորոշ ժամանակով: