Այսօր

Չպետք է հանձնվենք. պատերազմում ձեռքի վիրավորում ստացած Հարություն Մխիթարյանը որոշել է սեղանի թենիսով զբաղվել

  26 Փետրվար 2021  1289 դիտում
Չպետք է հանձնվենք. պատերազմում ձեռքի վիրավորում ստացած Հարություն Մխիթարյանը որոշել է սեղանի թենիսով զբաղվել

19-ամյա Հարություն Մխիթարյանը 2019 թվականի հուլիսին պարտադիր զինվորական ծառայության մեկնելիս մտածում էր ծրագրավորող դառնալու մասին, իսկ այսօր զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսով: 

Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հարությունը ծառայել է Հադրութում։ Erit.am-ի հետ զրույցում նա պատմում է, որ առաջին իսկ րոպեից հասկացել են՝ թշնամու հարվածը պարզապես հերթական սադրանք չէ․

«Զորամասում էինք, լուսադեմին ուժեղ ձայն լսեցինք՝ թշնամին մեր ուղղությամբ էր հարվածում։ Հասկացանք, որ հենց պատերազմ է սկսվել․․․ Սկզբում փոքր-ինչ խուճապ կար, բայց հետո հավաքվեցինք և հպարտությամբ մեր պարտքն էինք կատարում:  Երբեմն թվում էր, թե ուժասպառ ես եղել, բայց հետո երկրորդ շնչառությունն էր բացվում, իսկ ուժ տվողը հողը պաշտպանելու գիտակցումն էր»:

Հարությունը վիրավորում է ստացել հոկտեմբերի 24-ին՝ ականանետի բեկորը կտրել է աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատը, իսկ մատնեմատն այժմ հավաքված է երկաթներով։ Ասում է՝ սկզբում չի էլ նկատել, որ մատները չկան․

«Ուզում էի դուրս գալ տեսնել, թե տղերքն ինչ են անում, և հանկարծ ուժգին պայթյուն եղավ։ Շուրջս միայն փոշի էր․․․ Վազեցի տղերքի մոտ, տեսա, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ էր, և միայն դրանից հետո նկատեցի՝ մատներս չկան։ Ընկերներս առաջին օգնություն ցույց տվեցին, հետո տեղափոխեցին Մարտունի, որտեղ վիրահատվեցի, ապա ուղարկեցին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Երևան»,- հիշում է Հարությունը։

Երևանից էլ սկսվեց Հարություն Մխիթարյանի կյանքի նոր փուլը։ Ունեցածն արժևորելու և ապագայի մասին մտորելու օրերին Հարությունը նաև հասկացել է, որ ծրագրավորումը որքան էլ գրավիչ մասնագիտություն է, այդուհանդերձ իրենը չէ, ինքը ցանկանում է սպորտով զբաղվել, որը մանկուց շատ է սիրել: Ասում են՝ երբ ինչ-որ բան իսկապես ցանկանում ես, անհրաժեշտ նշաններն ինքնըստինքյան են հայտնվում կյանքումդ, Հարությունի դեպքում ևս այդպես է եղել, և նա առաջարկ է ստացել Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանից․

«Պարոն Դավթյանի տղան ընկերս է։ Ասաց, որ հայրը ցանկանում է ինձ տեսնել սեղանի թենիսով զբաղվելիս։ Անմիջապես համաձայնեցի: Չնայած շատերի համար որոշումս տարօրինակ էր, բայց սպորտն իմ կյանքից անբաժան է եղել։ 10 տարի զբաղվել եմ ֆուտբոլով, լավ էի խաղում, բայց չստացվեց ընդգրվել տարիքային հավաքականներում։ Սեղանի թենիսը ևս խորթ չի եղել ինձ համար»,- ասում է Հարությունը:

Մինչև ծառայության մեկնելը թենիս խաղացել է, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Այժմ չնայած վիրավոր ձեռքին՝ վճռականությամբ ընդունել է կյանքի նոր մարտահրավերը: Արդեն երեք ամիս է՝ Հարությունը բացահայտում է սեղանի թենիսի գաղտնիքները, հեշտ չէ, բայց հանձնվելու մտադրություն չունի․

 «Ինձ նոր իրավիճակում եմ փորձում, նոր պայմաններում փորձում եմ օգտագործել բոլոր հնարավորություններս: Չնայած անհրաժեշտ մարզավիճակի բացակայությանը՝ վերջերս մասնակցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությանը։ Բնականաբար, մրցանակային տեղ չզբաղեցրի, մասնակցում էի զուտ նոր ոլորտում ինձ ու կարողություններս ավելի լավ հասկանալու համար»,- պատմում է Հարությունը: 

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանի խոսքով՝ Հարությունը պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, բայց այդ ճանապարհին հաստատ մենակ չի լինի.

«Այժմ մեր ֆեդերացիայի գլխավոր նպատակն է՝ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին ներգրավել ֆեդերացիայի աշխատանքներում: Հարությունն առաջինն է, բայց վստահ եմ, ոչ վերջինը: Համապատասխան կառույցների հետ աշխատանքի շնորհիվ շրջանակը հաստատ կընդլայնվի: Բնականաբար, չենք մտածում, որ մի քանի ամսից Հարութը կդառնա Պարալիմպիկ խաղերի չեմպիոն, բայց կարևորը նրա կողմից ոգևորություն և ցանկություն կա, մնացածը ժամանակի ընթացքում կստացվի»,- Erit.am-ի հետ ասել է Կամո Դավթյանը: 

Անցած ամիսները Հարություն Մխիթարյանի կյանքում շրջադարձային են եղել շատ հարցերում, բայց վստահեցնում է, որ մի բան չի փոխվել՝ ապագայի նկատմամբ լավատեսությունը.

«Գուցե պրոֆեսիոնալ մարզիկ չդառնամ, բայց սպորտն օգուտից բացի վնաս չի տա։ Բացի այդ, ցանկանում եմ օրինակ ծառայել վիրավորում ստացած մյուս տղաների համար։ Պատերազմը բոլորիս կյանքում շատ բան է փոխել, իր սպիերն է թողել, բայց մենք չպետք է հանձնվենք, պետք է մեր հնարավորությունները նորովի բացահայտենք և գոնե այդպես հարգենք զոհվածների հիշատակը»,- ասում է Հարությունը։ 

Նյութը՝ Գայանե Աբասյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ