Այսօր

Մեդիագրագիտությունը և գրականությունը. ուսուցչուհին կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ

  26 Փետրվար 2021  275 դիտում
Մեդիագրագիտությունը և գրականությունը. ուսուցչուհին կիրառում է  նորարարական տեխնոլոգիաներ

Վանաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, համատեղությամբ՝ օպերատոր Լուսինե Կոստանյանը «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել է «Մեդիաիմացությունը և գրականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ» նախագիծը, որը «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգի հաղթող նախագծերից մեկն է:

Ծրագրի իրականացման միտքը Լուսինեի մոտ ծագել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Մեդիագրագիտության ամառային դպրոց՝ ուսուցիչների համար» վերապատրաստման դասընթացին մասնակցելուց հետո․

«Հետագայում մտահղացման իրագործմանը նպաստեց նաև համավարակը և պատերազմը՝ էլ ավելի թափանցիկ դարձնելով այն բացը, որն առկա է մեդիադաշտում՝ մեդիաիմացության տեսանկյունից, և որի պակասը զգալի է մեր հասարակության մեջ: Իսկ որտեղ լրացնել այդ կարևոր բացը, եթե ոչ դպրոցում, ուր սովորողները ձեռք են բերում ոչ միայն առարկայական գիտելիքներ, այլև կարողություններ, հմտություններ, ձևավորվում է նրանց արժեքային համակարգը»,-Erit.am-ի հետ զրույցում ասում է Լուսինեն՝ ընդգծելով, որ արդյունավետ դպրոց ունենալու համար հարկավոր է ներմուծել և կիրառել նորը՝ հենվելով ավանդական դպրոցի որոշ սկզբունքների վրա:

«Հնի ու նորի առողջ, արդյունավետ համադրում. այսօր սա է ամենակարևորը, որը, սակայն, ամենից շատ է պակասում մեր կրթական համակարգում: Այդ նպատակով նախաձեռնեցի «Մեդիաիմացությունը և գրականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ» նախագիծը, որը նպատակ ունի բարձրացնել մեդիագրագիտության վերաբերյալ աշակերտների գիտելիքները և դրանք առավել ամրապնդել դաս-քննարկումների կամ միջոցառումների ընթացքում: Ծրագիրը հետապնդում է երեք նպատակ՝ հոգեբանական, սոցիալական և կրթական: Որպես հոգեբանական գործոն՝ կարևորվում են ժողովրդավարությունը, վստահությունը և սահուն ինտեգրումը հասարակությանը: Սոցիալական նպատակն իր մեջ ներառում է՝ շփման էթիկա, գրելուց/խոսելուց առաջ մտածել, չծիծաղել ուրիշի սխալների վրա, գրագետ բանավիճել: Կրթական բաղադրիչն աշակերտների մոտ զարգացնում է քննադատական մտածողությունը, մեդիաիմացությունը, խոսքի ազատությունը, մեդիայի հնարավորությունների ճիշտ օգտագործումը և իրավունքների իմացությունը»,- իր նախագծի մասին պատմում է Լուսինեն:

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ կրթական, հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում կբարձրանա սովորողների դերը, որն է իր հերթին կնպաստի որպես անհատ և քաղաքացի արժևորմանը ու մեդիադաշտում անվտանգ և պաշտպանված զգալուն․

«Արդյունքում` սովորողները կկարողանան ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառել ՏՀՏ գործիքները և էլեկտրոնային կրթական ռեսուրսները՝ բազմազան ու բազմաթիվ մուլտիմեդիա ու առցանց ուսումնական ռեսուրսները, ինչպես նաև ուսուցման նոր մեթոդների և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը համակցել ուսուցման ավանդական մեթոդների հետ»,-նշում է Լուսինեն և վստահեցնում, որ այն կպաստի նաև ուսուցանվող նյութի յուրացմանը, առաջադիմության ու մոտիվացիայի բարձրացմանը, բոլոր սովորողների համար որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովմանը՝ ներառյալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք  ունեցող երեխաները:

«Գրականության ժամերին աշակերտները հնարավորություն ունեն վերլուծել ծավալուն տեքստեր, զարգացնել ասելիքը, առանձնացնել գլխավոր գաղափարը, դուրս բերել կարևոր կետերը, քննարկել, օրինակ, թե միևնույն ժամանակաշրջանի հեղինակները ինչպես են ներկայացրել ժամանակը և իրականությունն իրենց գործերում, համեմատական եղանակով ստուգել աղբյուրները, համադրել դրանք: Այսինքն՝ գրականության ժամերին սահուն կապ ստեղծելով տարբեր գրական ստեղծագործությունների և մեդիայի միջև՝ հնարավոր է զարգացնել աշակերտների քննադատական և վերլուծական մտածողությունը, նյութի համակողմանի ուսումնասիրությունը, ինչպես նաև համագործակցելու և գրագետ բանավիճելու կարողությունները: Եվ այսպես, քայլ առ քայլ աշակերտներին բացատրում և հասցնում ենք այն գիտակցությանը, որ ցանկացած խոսք կարող է լինել համոզիչ, փաստարկված կամ՝ ոչ, և որ համացանցի ոչ բոլոր տեղեկություններն են վստահելի և արժանահավատ»,-ասում է մեր զրուցակիցը՝  շեշտելով, որ տեսադասերի, լրացուցիչ նյութերի, սահիկաշարերի, տեղին ընտրված նկարների արդյունավետ կիրառումն էլ ավելի հետաքրքիր ու գրավիչ է դարձնում ուսումնական գործընթացը։

«Ծրագրի առանձնահատկություններից է ճկունությունը. այն կարող են իրականացնել հայոց լեզվի և գրականության ուսուցիչները՝ մեդիագրագիտությունը որպես առարկա ինտեգրելով իրենց դասերին, հանրակրթական դպրոցի ուսումնաօժանդակ անձնակազմը, տվյալ դեպքում՝ օպերատորը, ինչպես նաև օպերատորը և ուսուցիչը միասին՝ արդյունավետ համագործակցության արդյունքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ըստ Լուսինեի՝ հաշվի առնելով, որ մեդիաիմացությունը չի սահմանափակվում միայն կեղծ և հավաստի լուրերը տարբերակելով կամ համացանցային էթիկայով, ծրագրի շարունակականության ապահովման համար կարելի է նույն հաջողությամբ ընդգրկել նաև մեդիագրագիտության տարաբնույթ թեմաներ․

 «Առաջարկվող ծրագիրը, պլանը և գործիքները կարող ենք կիրառել ոչ միայն առկա ուսուցման պայմաններում, այլև հեռավար դասերի ժամանակ՝ իրականացնելով համաժամանակյա և ոչ համաժամանակյա համագործակցային աշխատանք: Կիրառելով «Շրջված դասարան» մոդելը` մասնակիցներին ներգրավում ենք մեր աշխատանքի տիրույթ, ամբողջ տեսական մասի, տեսանյութերի հետազոտությունը կատարվում է դասընթացից առաջ, ինչի արդյունքում սովորողներն ակտիվ ներգրավվում են ուսուցման գործընթացում, դառնում հետազոտողներ և ձեռք են բերում հիմնական կարողություններն ու հմտությունները՝ կատարելով տարաբնույթ առաջադրանքներ, առցանց քննարկումներ»,- հավելում է Լուսինեն:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ