Այսօր

«Շրջված դասարան» նախագիծը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող

  26 Փետրվար 2021  201 դիտում
«Շրջված դասարան» նախագիծը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող

Սարգիս Խաչատրյանը և Նարինե Սարգսյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներն են՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրականացրած մրցույթում նրանք ներկայացրել են «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» նախագիծը:

Սարգիս Խաչատրյանը Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենն է, իսկ Նարինե Սարգսյանը ղեկավարում է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը: Erit.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակները պատմում են, որ ծրագրի մշակմամբ նպատակ են դրել դպրոցի աշակերտների համար ստեղծել սովորելու առավել հարմար միջավայր և հնարավորություն․

 «Համավարակի պայմաններում կրթության հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը բոլորիս կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որոնք լուծելու համար սկսվեց համագործակցված աշխատանք Սարգիս Խաչատրյանի հետ: Արդյունքում՝ առաջացավ «Շրջված դասարանի»  գաղափարը, որը հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել ուսուցման գործընթացը և կունենանք առարկայական նյութերի ընդհանուր բազա, որը կնպաստի ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցների հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այսինքն՝ ծրագրի հիմնական խնդիրն է դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր, որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ։ Բացի այդ՝ մենք նպատակ ունենք սովորեցնել ուսուցիչներին և աշակերտներին՝ աշխատել և սովորել «Շրջված դասարանում», ինչպես նաև իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- մանրամասներ է ներկայացնում Նարինե Սարգսյանը:

Սարգիս Խաչատրյանն իր հերթին ասում է, որ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ աշակերտները կստանան սովորելու համար իրենց անհատական տվյալներին համապատասխան ժամանակ, ինչպես նաև իրենց տրված նյութը հիմնավոր կյուրացնեն և հնարավորություն կունենան այն խորացնել․

 «Ուսուցիչները տեսագրված բացատրությունների միջոցով հնարավորություն կունենան ավելի մեծ ծավալով բացատրություն ներկայացնել սովորողներին: Մեկ անգամ ստեղծելով տեսագրված բացատրություններ՝ ուսուցիչները դրանք կկարողանան օգտագործել նաև հաջորդ տարիների ընթացքում, որը կնվազեցնի նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, ուսուցիչը ժամանակ կշահի դասը սովորացնելու «Շրջված դասարանի» միջոցով, իսկ դասարանում ավելի շատ ժամանակ կհատկացնի գործնական աշխատանքի համար՝ աշակերտի մոտ զարգացնելով հմտություններ և կարողություններ: Շատ կարևոր է նաև երկու դպրոցների ուսուցիչների համատեղ աշխատանքը, որի արդյունքում կիրականացվի փորձի փոխանակում և համատեղ դասերի պլանավորում»,- ասում է Սարգիս Խաչատրյանը:

Նարինե Սարգսյանը վստահեցնում է, որ ծրագրի արդյունքում ծնողները կտեսնեն ուսուցչի աշխատանքը, իրենց երեխաներին տրված նոր հնարավորությունները, որի հետևանքով նրանց մոտ կձևավորվի ավելի բարձր կարծիք դպրոցի և ուսուցչի մասին․

 «Ծնողները կկարողանան տեսնել և գնահատել իրենց երեխաների ուսումնական հաջողությունները և դժվարությունները»,-ասում է Նարինեն։

Ծրագիրը նախատեսում է «Microsoft Teams» հարթակում ստեղծել «Շրջված դասարան», ապա ուսուցիչներին ուսուցանել՝ ինչպես աշխատել, իսկ աշակերտներին՝ ինչպես սովորել «Շրջված դասարանում»․

 «Հաջորդ քայլով նախատեսվում է դասերը կազմակերպել «Շրջված դասարան» ռազմավարությամբ։ 2020-2021 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի 10-րդ դասարաններում՝ երկու առարկայի, 2021-2022 ուսումնական տարում՝ չորս առարկայի, իսկ 2022-2023 ուսումնական տարում՝ բոլոր առարկաների գծով», -նշում են մեր զրուցակիցները՝ վստահեցնելով, որ երկու ամիսը մեկ անգամ կկատարվի ներքին գնահատում և անհատական վերահսկողություն՝ սովորողների հաջողությունները և դժվարությունները գնահատելու համար։

Բացի այդ՝ նախատեսվում է կազմակերպել մեթոդական օգնություն՝ արձանագրված դժվարությունները հաղթահարելու համար: Նախագծի հեղինակները վստահ են՝ ծրագիրը կդառնա դպրոցի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ռազմավարությունը և կարտացոլվի տարեկան աշխատանքային պլանում։ Յուրաքանչյուր տարի երկու ամիսը մեկ անգամ հրավիրված մասնագետները կկազմակերպեն ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներ՝ «Շրջված դասարանում աշխատելու» թեմայով։

Որպես ծրագրի առավելություններ՝ նախագծի հեղինակները նշում են այն փաստը, որ ուսուցիչը ժամանակ է շահում և այն օգտագործում դասարանում գործնական աշխատանքի համար․

«Ուսուցիչը մինչև նոր դասը, ուսուցանող գնահատման գործիքների օգտագործման արդյունքում, արդեն գիտի, թե ի՞նչը չեն հասկացել աշակերտները: Աշակերտները հնարավորություն են ստանում մանրամասն և հանգամանալից լսել դասը, մինչև դասի սկիզբը ուղղել իրենց հարցերը ուսուցչին և ստանալ դրանց պատասխանը»,- նշում են մեր զրուցակիցները:

Նշենք, որ մրցույթի նպատակն է խրախուսել կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը նրանց պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ