Այսօր

Ընտրում եմ գործեր, որոնք «սառը ջուր են լցնում գլխիս»․ Տաթև Հովակիմյանը՝ Poème շարքի մասին

  26 Փետրվար 2021  377 դիտում
Ընտրում եմ գործեր, որոնք «սառը ջուր են լցնում գլխիս»․ Տաթև Հովակիմյանը՝ Poème շարքի մասին

2018 թ․-ի հուլիսին դերասանուհի Տաթև Հովակիմյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց տեսանյութ, որտեղ ընթերցում էր Աշոտ Ավագյանի «Հիմա նորից եկել ես...» ստեղծագործությունը։ Տեսանյութերը հաջորդեցին մեկը մյուսին՝ ընդգրկելով նոր գործեր և դառնալով գրքի ու գրականության մարդկանց, ընթերցողական լայն շրջանակների սիրելի շարքը։

Еrit.am-ը զրուցել է Տաթև Հովակիմյանի հետ Poème շարքի ստեղծման, ժամանակակից գրականության ներկայացման և հեղինակների հետ տարվող աշխատանքի մասին։

-Առաջին Poème -ը 2018-ի հուլիսին տեղադրեցիք։ Ինչի՞ց ոգեշնչվեցիք, ինչպե՞ս սկսվեց։

-Առաջարկը եղավ Աշոտից, ում գործն էլ ընթերցեցի։ Շատ մեծ արձագանք գտավ, որոշեցինք շարունակել։ Հաջորդը Սյունե Սևադային անդրադարձանք, հետո Հասմիկ Սիմոնյանին։

Սկսեցի փնտրել ու գտնել հեղինակների․ հասկացա, որ հայ հեղինակները շատ-շատ լավն են։ Իրականում մինչ այդ այնքան էլ ծանոթ չէի ժամանակակիցների գործերին, սկսեցի բացահայտել դրանք, հետո արդեն՝ ընտրել ու ներկայացնել։

-Ինչու՞ հենց հայ ժամանակակիցների գործերն ընտրեցիք՝ նրանց ճանաչելի դարձնելու՞ համար։ Ի՞նչ անուններ եք բացահայտել նախագծի շնորհիվ։

-Ես հուզվում եմ, երբ ասում են՝ Հայաստանում չկա թատրոն, չկա կինո, չկա գրականություն։ Ուզում եմ, որ բացահայտեն մարդկանց, ովքեր կան այդ թատրոնում, կան այդ կինոյում, բացահայտեն ժամանակակից գրողներին։ Ելնելով մարդկանց արձագանքից՝ նրանից շատերը ճանաչելի դարձան հենց նախագծի շնորհիվ, ինչը շատ հաճելի է, ուրեմն Poème-ն իր  նպատակին ծառայել է։

 Շատ գրողների եմ բացահայտել ինձ համար, հատկապես սիրելի են դարձել Սյունե Սևադայի, Եր Կարի, Ռուզան Ազիզյանի, Հովիկ Աֆյանի գործերը։ Վերջերս կարդացի Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպը։ Շատ լավ գործ էր, ֆանտաստիկ ձեռագիր ունի Հրաչյա Սարիբեկյանը։ Կարդացի ու հասկացա, որ դա էլ է իմ գրականությունը։

Շատ լավ հեղինակներ ունենք։  Շուտով Poème-ը նոր ու հետաքրքիր ֆորմատով է ներկայանալու, հնարավորություն կունենամ ավելի շատ գործեր ներկայացնել։ Նախկինում չկար նման հնարավորություն, քանի որ նախագիծն արվում էր անձամբ իմ ֆինանսական միջոցներով և ընկերներիս աջակցությամբ, ովքեր նկարահանում էին, մոնտաժում և այլն, և այլն։

Ընկերներս մարդիկ են, ովքեր ինձ պես սիրում ու կարևորում են արվեստը։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար, խելագարների թիմի համար, որը միշտ պատրաստ է Poème-ներ ստեղծել և ներկայացնել հանդիսատեսին։

Լուսանկարի հեղինակ՝ Աշոտ Ավագյան

-Դետալ առ դետալ քննարկու՞մ եք, թե թիմը գիտի՝ ի՞նչ և ինչպե՞ս է պետք։

-Իհարկե աշխատում ենք նախապես, շատ երկար մտածում՝ որտեղ, ինչ նկարենք։ Դետալ առ դետալ աշխատում ենք նախքան նկարահանումը, բայց արդեն նկարահանման հրապարակում կադրեր և այլն չենք որոշում։ Տեղում շատ բան հաճախ չի ստացվում այնպես, ինչպես պլանավորում ես, փորձում ենք շատ բան չպլանավորել։ Շատ-շատ լավ են աշխատում բոլորը։

Հիմա մի փոքր դադար եմ վերցրել՝ Poème-ը նոր ֆորմատով ներկայացնելու հետ կապված։ Մինչ այդ կտեղադրեմ մի գործ Լուսանե Ջալալյանի «Կատուն կին է» գրքից, որը լույս է տեսնելու շատ շուտով։

-Ինչպե՞ս է ստեղծվում Poème-ը։ Կխնդրեի մի փոքր պատմել ստեղծագործական ընթացքից։

-Իրականում ես ընտրում եմ։ Չեմ կարող պատվերով աշխատանք անել կամ կարդալ ինձ ուղարկված ցանկացած գործ։

Ինձ տեքստեր ուղարկող մարդկանց ուզում եմ ասել՝ մի վիրավորվեք,  եթե դա իմը չի, իմ կարդալունը չի․ կարող է՝ ես կարդամ ու ոչ միայն ինձ վատություն անեմ, այլև ձեզ՝ ձեր գրածը վատ ներկայանա, որովհետև իմ սրտին կպած չի։ 

Ես ընտրում եմ գործեր, որոնք ինձ «թափ են տալիս», «սառը ջուր են լցնում իմ գլխին», ու կապ չունի, որ կարող է հանդիսատեսը նայի, ասի՝ մի քիչ թույլ է։ Ես, որպես կարդացող, պետք է հասկանամ, որ այդ պահին դա իմ հոգեվիճակի մեջ էր, պետք է զգամ, հետո նոր անեմ։

Հետո իհարկե ընկերներով հավաքվում ենք, հասկանում՝ ով կնկարի, ով կմոնտաժի, ընտրում նկարահանման վայրը և այլն։