Այսօր

Մարիամ Ազատյան․ Նա, ով նկարում է հայկական դարձվածքները․ Զրույց, որից «գլուխդ չի գնա»

  01 Մարտ 2021  633 դիտում
Մարիամ Ազատյան․ Նա, ով նկարում է հայկական դարձվածքները․ Զրույց, որից  «գլուխդ չի գնա»

«Գլուխս մի արդուկեք»․ հենց այս միտքն էր, որ Մարիամ Ազատյանն ամենահաճախն էր ունենում՝ հետևելով հետպատերազմյան շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակին, տարբեր բևեռներից հնչող կարծիքներին ու լրատվամիջոցներին։

Նա իր այս զգացողությամբ միայնակ չէր։ Դա է պատճառը, որ երբ «գլուխս մի արդուկեք»–ը վիզուալացրեց իլյուստրացիայի տեսքով, այն շատ սիրվեց ու տարածվեց սոցցանցերի հայկական տիրույթում։

Արդյունքում հայկական դարձվածքներով իլյուստրացիաների շարքը դարձավ շարունակական։

Erit.am-ը զրուցել է Մարիամի հետ։

Ուզում էի այդ ծանր իրավիճակում մի թեթև բան լինի

Ապրում եմ Շվեյցարիայում։ Իլյուստրացիան մասնագիտական ոլորտիս հետ այնքան էլ կապ չունի՝ չնայած զբաղվում եմ տարբեր պրոդուկտների ստեղծմամբ ու դիզայնով։

Որպես հոբբի մոտ 10 տարի լուսանկարչությամբ եմ զբաղվել, իսկ իլյուստրացիան ինձ ուղղակի միշտ հետաքրքրում էր, հետևում էի տարբեր իլյուստրատորների, բայց երբեք չէի մտածում, որ կարող եմ ինքս սովորել ու փորձել։

Երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակն ու կարանտին էր, տնից աշխատելով՝ բավականին ազատ ժամանակ ունեի, ցանկացա այն արդյունավետ օգտագործել։ Որոշեցի՝ ինչո՞ւ ոչ, փորձեմ ինքնուրույն սովորել իլյուստրացիայի տեխնիկան։ Մի քանի ամիս փորձարկումներ էի անում ու սկսվեց պատերազմը։

Առաջին իլյուստրացիան, որն արեցի, հայ զինվորներին էր պատկերում՝ պահապան հրեշտակների տեսքով։ Հետո մի քանի իլյուստրացիա արեցի, որոնք օգտագործվում էին նվիրատվությունների կազմակերպման համար։

Պատերազմը վերջացավ, բայց ամեն ինչ էլի սկսեց իրար խառնվել։ Տարբեր լրատվամիջոցներ տարբեր բաներ էին գրում, անհասկանալի իրավիճակ էր ու առաջին դարձվածքը, որն անընդհատ մտքիս էր՝ «գլուխս մի արդուկեք»–ն էր։ Որոշեցի այն նկարել։