Այսօր

Անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն․ Կանաչ աշխարհի բիզնես լեդին

  01 Մարտ 2021  337 դիտում
Անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն․ Կանաչ աշխարհի բիզնես լեդին

Հանձնարարված առաջադրանքից դեպի բիզնես նախաձեռնություն. Նարա Բադալյանը Տավուշի մարզի Հաղարծին գյուղում  «Green Rest» տաղավարային և վրանային հանգստի հիմնադիրն է։ Նրա հետ Erit.am-ը զրուցել է սեփական բիզնես սկսելու գաղափարի իրագործման և այլնի մասին։

– Ինչպե՞ս ստեղծվեց սեփական  բիզնես նախաձեռնությունը սկսելու գաղափարը։

– Գաղափարը առաջացել և մասնակի ձևավորվել է համալսարանում։ Առաջին կուրսում ունեինք մի այսպիսի առաջադրանք. պետք էր վերցնել մի բացօթյա տարածք կամ այգի և ձևափոխել այն։ Ու քանի որ ունեինք նման տարածք, որը ինձ համար, իսկապես «Կանաչ աշխարհ» էր, կտրված, խաղաղ մի անկյուն, ես որոշեցի վերցնել հենց այդ  տարածքը և ձևավորել այնպես, որ մարդ-բնություն կապը լավագույնս կկարողանար արտահայտվել։ Եվ այդպես՝ քննությանս նախագիծը կատարում եմ, ստանում գերազանց ու մի կողմ թողնում այդ միտքը։ Մի քանի ամիս անց պատահական իմանում  եմ մի դասընթացի մասին, որը ինձ ծանոթ մի կազմակերպություն էր իրականցնելու մեր մարզում, և բնավորության համաձայն, առանց ուշադիր պայմաններին ծանոթանալու, առանց երկար մտածելու լրացնում եմ հայտը, հրավիրվում հարցազրույցի։ Անցնում եմ հարցազրույցի փուլը ևս, և սկսվում է մի գեղեցիկ ու շատ բովանդակալից եռամսյա դասընթաց, որը ավարտվելու էր դրամաշնորհով և տալու էր սեփական բիզնեսը ստեղծելու հնարավորությունը։ Գեղեցիկ իդեայից մինչև բիզնես գաղափար և այնուհետև բիզնես պլան դառնալը  ձևավորվել է դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ։

– Ինչպիսի՞ զգացողություն ունեիր, երբ պարզվեց, որ այդ  հնարավորությունը հենց  քեզ էր  ընձեռվել։

– Առաջին հերթին մեծ պատասխանատթյան և մոտիվացիայի զգացողություն էր։

– Կարո՞ղ ես մանրամասնել՝ ինչպես ստեղծեցիր այդ ամենը, դրամաշնորհն ստանալուց հետո ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեցիր։

– Դրամաշնորհից հետո, առաջին քայլը եղել է ԱՁ բացելը, հարկային դաշտ մտնելը։ Այնուհետև, ինչպես շատ շատերի մոտ, մեր բիզնեսի համար ևս  համավարակը մեծ պատնեշ դարձավ, շատ պլանավորված քայլեր չեղարկվեցին։ Անկեղծ ասած, մի փոքր կոտրվեցինք, նույնիսկ մտածում էինք հետաձգել մյուս տարի, բայց կային նախապես կքնված պայմանագրի կետեր և մենք անցանք գործի։ Կատարվեց մաքրման, ցանկապատման և շինարարական աշխատանքներ, ձեռք բերվեցին մեր վրաները, հունիսի վերջին ունեցանք մեր առաջին հաճախորդները, իսկ արդեն հուլսին՝ պլանավորել էինք «Green Rest» -ի մեծ բացումը, բայց ցավոք, հուլիսյան պատերազմը սկսվեց և որպեսզի նորից չհետաձգվեր, շատ նեղ շրջանակներում՝ ամենամտերիմ ընկերնի հետ արեցինք մեր բացման արարողություն։

– Ի՞նչ ես կարծում, պետությունը  աջակցություն ցուցաբերու՞մ է բիզնես ոլորտում երիտասարդների զարգացման ու առաջխաղացման գործում։

– Անկեղծ որ լինեմ, ես չեմ օգտվել պետության ընձեռնած ոչ մի աջակցությունից, գուցե, կլինեն շատ բիզնեսներ, որ օգտված կլինեն, տեղյակ չեմ։ Կարծում եմ՝ կան թերացումներ, որոշակի անտարբերություն և այնպիսի բացթողումները, որ  շատ հաճախ ստիպում են բիզնեսով զբաղվող մարդկանց գնալ ապօրինի քայլերի, ինչպիսիք են՝ հարկային դաշտում չգրանցվելը, կտրոններ չտրամադրելը և այլն։

– Քանի որ նոր էիր մուտք գործում բիզնես ոլորտեղե՞լ են   բարդություններ, թե՞, այնուամենայնիվ,  առաջ  ես  նայել  և  նպատակդ իրագործել։

– Բարդություններ ամեն տեղ կան, ամեն նոր քայլի հիմքում կես չափով բարդություն ու համարձակություն է, հատկապես իմ  նման բնավորություն ունեցողների մոտ։ Բայց եթե կա  հստակ նպատակ, ոչինչ չպետք է հետ պահի մեզ մեր ընթացքից։

– Իսկ նպատակ ունե՞ս  ընդլայնել  բիզնեսը։

– Իհարկե, բայց դրա մասին, առայժմ, չեմ ցանկանում խոսել։

– Տեղյակ եմ, որ հետաքրքրված ես նաև ձեռագործությամբ։ Քեզ համար այն հոբբի է, թե՞ մասնագիտություն։

– Այն ինձ համար և՛ հոբբի է, և՛ մասնագիտություն։  Տիրապետում եմ մոտ երկու տասնյակ արվեստի զանազան ճյուղերի. զարդագործություն, կերամիկա, ապակենկարչություն, դաջազարդություն, հագուստի մոդելավորում, կարպետ և այլն։

– Երբվանի՞ց  ես սկսել արվեստով հետաքրքրվել,  ինչպե՞ս  քո  մեջ  արթնացավ սերը դեպի արվեստ։

– Այդ որոշումն ամենապատահականն է եղել իմ կյանքում, ես, որ բացարձակ կապ չունեի նկարելու, արվեստի հետ՝ 12-րդ դասարանի վերջին կիսամյակում ուղղակի ընտրեցի Կիրառական արվեստի ֆակուլտետը առանց որևէ փորձ ու կարողություն ունենալու։ Շատ ցածր միավորներով կարողացա ընդունվել։ Սկզբից շատ բարդ էր, բայց դա ևս մի մարտահրավեր էր՝ ինքս ինձ նետված։ Մի քանի ամսից կավարտեմ համալսարանը գերազանցությամբ և կարող եմ ասել, որ հաղթահարեցի այդ մարտահրավերը ևս։

Իսկ այս տարիների ընթացքում ես հասկացա, որ սա իմ լավագույն որոշումներից մեկն էր, որովհետև արվեստն այն միակ ուղին է, որը մաքրում է այս գաղջ իրականությունը, կատարելագործում ու հնարավորություն է տալիս մարդուն բարձրանալու, ճախրելու և ի վերջո՝ չխելագարվելու։

«Կաքավիկ»։ Դեկորատիվ նկարչություն (2019թ.)

– Կդժվարանամ ինչ-որ մեկն առանձնացնել, որովհետև ինչ որ անում եմ, անում եմ նույն նվիրվածությամբ և սիրով։ Ես անընդհատ փնտրտուքների,  փորձերի մեջ եմ, յուրաքանչյուր երևույթին վերաբերում եմ այնպես, կարծես հենց դա է  իմ  միակ ու նվիրական աշխատանքը։

– Ինչպե՞ս ես կարողանում համադրել ուսումը, աշխատանքը և արվեստը։

– Պարզապես սիրում եմ ակտիվ կյանքը՝ սովորել, նոր բաներ փորձել, կախվել բոլոր տեսակի հնարավորություններից և ուղղակի ապրել օրվա կյանքով։ Ինձ համար կա մեկ ճշմարտություն. անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն։


Կերամիկա։ Դեկորատիվ ափսեներ

– Ասում են, որ հաջողության հասնելը կախված է նաև քեզ շրջապատող մարդկանցից։ Կարծու՞մ  ես,  իրոքայդպե՞ս է։

– Այո՛, միանշանակ համաձայն եմ. կամա թե ակամա, շրջապատն է էակին  դարձնում անհատ, քաղաքացի, ի վերջո գիտակից և պիտանի մարդ։  Ոմանք մեզ օգնում են իրենց դրական հատկանիշներով, ոմանք էլ՝ բացասական։  Ինձ մոտ այդ երկու կողմերը բալանսավորված են եղել։

Զրույցը՝ Անի Թամրազյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ