Այսօր

«Մեկ քայլ առաջ»-ը կօգնի պատերազմի մասնակիցներին գտնել իրենց տեղն աշխատաշուկայում

  03 Մարտ 2021  307 դիտում
«Մեկ քայլ առաջ»-ը կօգնի պատերազմի մասնակիցներին գտնել իրենց տեղն աշխատաշուկայում

UX/UI և գրաֆիկ դիզայն, SEO, սոցիալական մեդիա մարքեթինգ, ծրագրավորում, բանկային գործ և վաճառքներ․ ոլորտներ, որոնց մասնագետները պահանջված են ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև ողջ աշխարհում։ «Ինվեստմենտ» ընկերությունն ընձեռում է հնարավորություն՝ անվճար սովորելու նոր մասնագիտություն և դառնալու մրցունակ մասնագետ։

Ընկերության «Մեկ քայլ առաջ» ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի՝ 44-օրյա պատերազմից հետո։ Անվճար դասընթացները նախատեսված են պատերազմի մասնակիցների և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար։ Նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցողներին։ Մտահղացումը «Ինվեստմենտ» ընկերության համահիմնադիր Շուշան Ասատրյանինն է։

«Ամենակարևորը պատերազմից հետո մարդկանց մոտիվացնելն էր, որ չասեն՝ Հայաստանում աշխատանք չկա, չմտածեն թողնել-գնալու մասին։ Ուզում էինք հնարավորինս նվազեցնել նման բաները։

Ինքս աշխատում եմ IT ոլորտում, ու մեր աշխատանքների մեծ մասն իրականացնում ենք արտերկրի համար, թեև ՀՀ-ում ենք։ Թվային ոլորտներ ենք ընտրել, որպեսզի պատերազմի մասնակից մեր երիտասարդներն իրենց ապագա աշխատանքը գտնեն ամենամրցունակ ճյուղերում»,- Erit.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Ասատրյանը։

Գաղափարը ողջունել են ինչպես թիմակիցները, այնպես էլ ոլորտի ավագ մասնագետները, ովքեր նախաձեռնության մասին տեղեկացել են համացանցից։ «Մեկ քայլ առաջ» ծրագրին միանալու համար հայտ է ներկայացրել 70 դասավանդող, ընտրվել են 16-ը։ Շուշան Ասատրյանի խոսքով՝ այդ մարդիկ իր գաղափարակիցներն են, իր նման ուզում են կիսել կուտակած փորձն ու գիտելիքները, պատրաստել մրցունակ կադրեր, որոնք էլ իրենց հերթին Հայաստանը կդարձնեն մրցունակ։

«Այս պահին միայն դասընթաց անցկացնելը շատ քիչ է, պիտի փորձենք իրենց հետ քայլել մինչև իրենց աշխատանք գտնելը։ Օգնելու ենք պրակտիկա անցնել, գտնել սկզբնական աշխատանք, այդ նպատակի համար օգտագործելու ենք մեր կապերն ու ունեցած հնարավորությունները։

Լավագույն ուսանողներին ներգրավելու ենք մեր ընկերության նախագծերում՝ որպես օգնական։ Ամեն ինչ անելու ենք, որ իրենց աշխատանքով ապահովենք։

Եթե յուրաքանչյուրս թեկուզ 4-5 հոգու հետ կիսենք մեր գիտելիքն ու փորձը, և այդ մարդիկ կարողանան աշխատանք գտնել, դա կլինի մեր հաղթանակը»,- նշում է Շուշան Ասատրյանը։

Մինչ օրս ստացվել է դասընթացի մասնակցության շուրջ 150 հայտ։ Յուրաքանչյուր խմբում կրթություն է ստանալու առնվազն 10 անձ։ Քանի որ նրանց մեջ շատ են պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք, կան նաև դիմորդներ Ստեփանակերտից, հեռավոր գյուղերից, որոշ դասընթացներ մասնակիցների ցանկությամբ անցկացվելու են հեռահար։

«Ընտրված մասնակիցները նախ ներկա կլինեն մեկ-երկու փորձնական դասի, հետո արդեն դասընթացավարը կորոշի՝ որ մասնակիցն ունի տրամաբանությունը, անգլերենի իմացությունը զարգացնելու կարիք։ Եթե կարիքը կա, ուրեմն բացը լրացնելուց հետո միայն այդ մասնակիցը կմիանա բուն դասընթացին»,- ընդգծում է Շուշան Ասատրյանը։

 Տեղեկացնում ենք, որ SEO (Որոնողական համակարգերի առաջխաղացում), Technical Recruitment (Անհրաժեշտ մասնագետների որոնում) և «Տրամաբանություն» դասընթացների համար ընդունելությունը շարունակվում է։ Դասընթացի մանրամասներին տեղեկանալու համար հարկավոր է զանգահարել նշված հեռախոսահամարներին՝ +374 93 48 78 24 (Telegram, WhatsApp, Viber), +374 94 57 55 89 (Telegram)

Նյութը՝ Աննա Կարապետյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ