Այսօր

Ինչպե՞ս մեկ շաբաթում փոխել կյանքը. վարժություններ ամեն օրվա համար

  03 Մարտ 2021  115 դիտում
Ինչպե՞ս մեկ շաբաթում փոխել կյանքը. վարժություններ ամեն օրվա համար

Լինել ակտիվ, օգտագործել առողջ սնունդ, ապրել դրական էմոցիաներով... Թե ինչպես այս ամենին հասնել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, պատմում է այուվերդայի գուրու Դիպակ Չոպրան:

Մեզանից շատերը երազում են կյանքը փոխելու մասին, բայց փոփոխությունների ճանապարհին մեզ խանգարում են արմատացած սովորույթները, հարմարավետության գոտին լքելու վախը, ծուլությունը և մի շարք հորինված պատճառներ: Փոփոխությունները պետք է աստիճանաբար լինեն, բայց ոչ տևական դադարներով: Ըստ Դիպակ Չոպրայի՝ նշանակալի հաջողության հասնելու համար մեկ շաբաթն էլ բավարար է: Նա շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար մեկ վարժություն է առաջարկում:

Երկուշաբթի. պասիվությունը վերածում ենք ակտիվության

Երկուշաբթի երեկոյան ցանկացած պասիվ զբաղմունք (հեռուստացույց դիտել, համակարգչային խաղերով տարվել, սոցցանցերում երկար ժամանակ անցկացնել) փոխարինեք ակտիվ գործողություններով (զբոսանք՝ թեկուզ ձեր տան շրջակայքում, պար, ֆիզիկական վարժություններ): Փորձեք հնարավորինս շատ քայլել, հաճախ վերելակից օգտվելու փոխարեն պարզապես բարձրացեք աստիճաններով: Ընդ որում, մի բավարարվեք միայն ֆիզիկական ծարնաբեռնվածությամբ. աշխատավայրում և անձնական կյանքում ևս ակտիվ եղեք: Նոր լուծումներ, գաղափարներ առաջարկեք, ընկերների հետ հանդիպեք ոչ թե սրճարանում, այլ ակտիվ ժամանցի վայրում: Դիպակ Չոպրան խորհուրդ է տալիս ամեն անգամ որևէ պասիվ գործողություն ակտիվով փոխարինելիս գիտակցության մեջ ամրապնդել այդ մոդելը՝ պարզապես ասելով. «Այժմ ես ակտիվ եմ»:

Երեքշաբթի. գունավորում ենք կյանքը

Ի՞նչը կարող է գունավորել սովորական օրը: Միգուցե վառ մատնահարդարումը կամ որևէ հետաքրքիր աքսեսուարը, իսկ գուցե գունեղ բանջարեղեններով աղցանը, մրգային սմուզին կամ պարզապես որևէ հումորային հաղորդումը: «Երեքշաբթի կրեք վառ հագուստ, օգտագործեք գունավոր, բայց թարմ սնունդ, պարզապես կանգնեք որևէ շատրվանի մոտ և փորձեք նկատել, թե ինչպես է առաջանում ծիածան»,- գրում է Չոպրան: Ընդ որում, ամեն անգամ ընտրություն կատարելով հօգուտ որևէ անսովոր, վառ երևույթի՝ ինքներդ ձեզ գովաբանեք այդ արարքի համար:

Չորեքշաբթի. զարմանալին միօրինակի փոխարեն

«Սովորական իրերը կյանքը հարմարավետ են դարձնում, բայց մեր գոյությունը չափազանց անհետաքրքիր կլիներ առանց հուզմունքի և հիացմունքի: Փոխեք որևէ բան, որ ամեն օր եք անում»,- գրում է Չոպրան: Նախաճաշեք սրճարանում, ոչ թե տանը, սովորական սուրճի փոխարեն խմեք որևէ մրգային, տարբերվող համով թեյ, աշխատանքի գնացեք այլ ճանապարհով և ուշադրություն դարձրեք հետաքրքիր խանութներին, շենքներին, տարբերվող հագնված մարդկանց: Չմոռանաք որևէ նոր բան անել նաև անձնական կյանքում: Ձեր սիրելիին նամակ գրեք կամ որևէ անակնկալ պատրաստեք: Արեք հնարավոր ամեն բան հիացմունքի, հուզմունքի էմոցիաներ զգալու համար:

Հինգշաբթի. հինը վերածում ենք նորի

«Հինգշաբթի սառնարանից հանեք հնացած սնունդը: Գնեք թարմ մրգեր, բանջարեղեն: Սեղանին թարմ ծաղիկներ դրեք: Վաղեմի ընկերների մոտ փորձեք որևէ նոր բան նկատել և նրանց ասել այդ մասին»,- գրում է Չոպրան: Վերանայեք զգեստապահարանը և վճռականությամբ մի կողմ դրեք այն զգեստները, որոնք վաղուց չեք կրում: Հին իրերը շատ տեղ են զբաղեցնում և խանգարում են նորերի հայտնվելուն: Թարմացրեք նաև աշխատասեղանը՝ մի կողմ նետելով հին ամսագրերը, ոչինչ չասող թղթերը: Ստեղծեք տեղ նորի համար: Մեկ-երկու արկղ հին իրեր մի կողմ դնելով՝ դուք նաև էմոցիոնալ թեթևություն կզգաք:

Ուրբաթ. լավատեսություն՝ վատատեսության փոխարեն

Ուրբաթ փորձեք դրականը նկատել անգամ ամենատհաճ իրավիճակներում: Դա հեշտ չէ. այո՛ կյանքի անարդարությունից և աշխարհի ոչ իդեալական լինելուց դժգոհելն ու ճակատագրին մեղադրելն ավելի դյուրին է: Դիպակ Չոպրան խորհուրդ է տալիս. «Իրերի և երևույթների մասին մտածեք հնարավորությունների տեսանկյունից, բարի եղեք: Մարդկանց մեղադրելու փոխարեն, օգնելու, ստեղծված իրավիճակի պատճառը հասկանալու տարբերակներ փնտրեք»: Ինչպե՞ս կարող եք այս աշխարհը դեպի լավը փոխել: Բարեգործություն կատարեք, կամավոր եղեք, ծառ տնկեք, սկսեք տեսակավորել աղբը. հավատացեք տարբերակները շատ-շատ են: Այդ գործողություններն ամրապնդեք ձեր գիտակցության մեջ՝ ասելով. «Հիմա ես ապագայի համար կարևոր գործ եմ անում»:

Շաբաթ. աշխատանքը վերածում ենք հանգստի

Հաճախ մենք աշխատանքը տեղափոխում ենք տուն, սակայն մեկընդմիշտ հիշեք՝ հանգստյան օրերը հանգստի համար են: Հանգստյան օրերի աշխատանքը մեզ զրկում է «անջատվելու», առօրյա հոգսերից կտրվելու և վերականգնվելու հնարավորությունից: Սա նաև չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է հեռախոսը ձեռքին պառկել բազմոցին: Նախապես որոշեք, թե ինչը կարող է ձեզ թարմացնել, նոր զգացողություններ պարգևել. միգուցե պարզապես արևածագին հետևելը, յոգայով զբաղվելը, որևէ համեղ բան պատրաստելը, անտառում զբոսանքը, երեխաների հետ ասֆալտի վրա նկարազարդումներ անելը: Նման զբաղմունքները կօգնեն լիցքաթափվել և նոր էներգիայով լիցքավորվել:

Կիրակի. ոգեշնչումը սովորականի փոխարեն

Կիրակին հիանալի օրը է հոգևոր փոփոխությունների համար: Կարող եք որևէ ոգեշնչող գրականություն, բանաստեղծություններ կարդալ, հիանալ արվեստի գործերով, լսել լավ երաժշտություն. ընտրեք այն, ինչ սնում է ձեր հոգին:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ