Այսօր

Լոնդոնում անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական ընտրական մրցաշարը կշարունակվի Փարիզում

  03 Մարտ 2021  113 դիտում
Լոնդոնում անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական ընտրական մրցաշարը կշարունակվի Փարիզում

Անցյալ գարնանը Լոնդոնում անավարտ մնացած բռնցքամարտի՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարը կշարունակվի Փարիզում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցումները համակարգող աշխատանքային խմբի որոշմամբ՝ մրցաշարը կկայանա Օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը 2 ամիս առաջ՝ հունիսի 4-8-ը: Միևնույն ժամանակ որոշվել է, որ ամերիկյան ընտրական մրցաշարն անցկացվելու է Բուենոս Այրեսում մայիսի 10-16-ը:

Հիշեցնենք, որ 43 երկրի ավելի քանի 300 մարզիկի մասնակցությամբ եվրոպական ընտրական մրցաշարը մեկնարկել էր 2020 թվականի մարտի 14-ին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մրցումային երրորդ օրվանից դադարեցվել էր: Լոնդոնում Հայաստանի ներկայացուցիչներից Կորյուն Սողոմոնյանն արդեն իսկ Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ 52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Սողոմոնյանը հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին և դուրս գալով 1/4 եզրափակիչ՝ ապահովել է իր տեղն Օլիմպիական խաղերում (այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները)։ Լոնդոնի վարկանիշային մրցաշարում պայքարն ավարտել էին Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ Գոռ Ներսիսյանը (81 կգ), Անի Հովսեփյանը (69 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ) հաղթել էին իրենց մեկնարկային մենամարտերում, իսկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) չէին սկսել պայքարը։

Նկատենք, որ հայ բռնցքամարտիկները հունվարից նախապատրաստվում են ընտրական մրցաշարին՝ անցկացնելով ուսումնամարզական հավաքներ և մասնակցելով Ստրանջայի միջազգային մրցաշարին, որտեղ 4 մեդալ են նվաճել. Նարեկ Մանասյանը (91 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, Բենիկ Նիկողոսյանը (63 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ)  և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)` բրոնզե:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. բացի Կորյուն Սողոմոնյանից, ուղեգրեր են նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ