Այսօր

Արտերկրում սովորելու նոր հնարավորություններ. Էրազմուս+կրթաթոշակներ

  09 Մարտ 2021  2249 դիտում
Արտերկրում սովորելու նոր հնարավորություններ. Էրազմուս+կրթաթոշակներ

Բազմաթիվ երիտասարդներ այսօր ցանկանում են սովորել արտերկրում, բայց նրանց մտահոգում են ուսման հետ կապված մեծ ծախսերը, օտար լեզվի իմացության պահանջները և դիմումի բարդ ընթացակարգերը: Այդ նպատակով Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդներին՝ արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ ուսում ստանալու, միջազգային երիտասարդական միջոցառումներին մասնակցելու և նույնիսկ պրակտիկա անցնելու ուղղությամբ:

Erit.am-ը զրուցել է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի հետ՝ հասկանալու ծրագրի նպատակները, շահառու խմբերը և կրթաթոշակների տեսակները: Ըստ մեր զրուցակցի՝  Էրազմուս+ ծրագրին նախորդած Էրազմուս ներեվրոպական ուսանողական փոխանակումները  գործում են 1987 թվականից և ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: 2014թ-ին Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել ընդլայնել ծրագրի շրջանակները և դրանում ներառել ոչ միայն եվրոպական, այլ նաև գործընկեր երկրները՝ մասնավորապես կարևորելով համագործակցությունը ԵՄ հարևանության երկրների հետ: Այսպես, Էրազմուսը վերածվել է Էրազմուս+-ի, իսկ 2015 թվականից Էրազմուս+ շարժունության ծրագրերը բացվել են նաև Հայաստանի համար․

«Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի ուսանողներին, երիտասարդներին և շրջանավարտներին ԵՄ-ն առաջարկում է երկու կրթաթոշակային հնարավորություն: Դրանցից առաջինը Միջազգային կրեդիտային շարժունությունն է, որը հնարավորություն է տալիս բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին կարճաժամկետ ակադեմիական կամ պրակտիկայի նպատակով փոխանակմամբ մեկնել եվրոպական երկրներ, հավաքել համապատասխան կրեդիտներ, վերադառնալ և ուսումն ավարտել մայր բուհում: Այս գործողության ներքո փորձի փոխանակումը, որը երկկողմանի է՝ Եվրոպայից Հայաստան և հակառակը, տևում է 3-12 ամիս: Հնարավոր է նաև վերը նշված երկու տեսակի շարժունության համադրում, այսինքն՝ ուսանողը կարող է ակադեմիական շարժունությամբ մեկ կամ երկու կիսամյակ արտերկրում ուսանել և նաև պրակտիկա անցնել»,-ասում է Էդիթը՝ հավելելով, որ հայ դիմորդները շարժունությանը կարող են մասնակցել բոլոր մասնագիտական ուղղություններով. որևէ սահմանափակում չկա:

Միակ նախապայմանն այն է, որ մայր բուհն այդ մասնագիտությամբ ունենա համապատասխան պայմանագրեր՝ եվրոպական գործընկեր բուհերի հետ․

«Կրթաթոշակը թույլ է տալիս հոգալ ճամփորդական և կեցության ծախսերը: Այդ առումով եվրոպական երկրները բաշխված են ըստ երեք խմբերի՝ բարձր կեցության ծախսեր ունեցող երկրներ, օրինակ՝ Դանիա, Ֆինլանդիա, Շվեդիա /€900 եվրո/, ավելի ցածր կեցության ծախսեր ունեցող երկրներ /€850, €800/ և փոքր կեցության ծախսեր ունեցող երկրներ /€700/, որի մեջ մտնում է նաև Հայաստանը: Առանձին տրվում է նաև ճամփորդական դրամաշնորհ, որպեսզի ուսանողը հնարավորինս մտահոգված չլինի ֆինանսական հարցերով և արտերկրում զբաղվի իր շարժունությամբ և ակադեմիական աշխատանքով»,- պարզաբանում է Էդիթը:

Նրա խոսքով՝ բակալավրիական փոխանակման ծրագրին կարող են մասնակցել 2-3-րդ կուրսերի սովորողները: 1-ին և ավարտական կուրսի ուսանողները չեն մասնակցում. վերջիններս կարող են անցնել 2-12 ամիս տևողությամբ պրակտիկա, որում  ներգրավվում են նաև գործատուները․

«Ուսանողը պետք է ՀՀ-ում գրանցված և Էրազմուս+ համաձայնագիր ունեցող բուհի սովորող լինի: Տարեցտարի այդ բուհերի թիվն աճում է. ՀՀ պետական և ոչ պետական բուհերի կեսից ավելին արդեն իրականացնում են շարժունություն: Էրազմուս+-ը մրցույթ է, իսկ մրցույթում պետք է մրցունակ լինել: Այդ պատճառով ուսանողից երկու ակնկալիք կա՝ չունենալ ցածր առաջադիմություն և տիրապետել անգլերեն լեզվին՝ գոնե միջին մակարդակի: Անգլերեն լեզվի քննություն, օրինակ, TOEFL կամ IELTS, անհրաժեշտ չէ հանձնել, ուղղակի բուհերը պետք է ստուգեն տվյալ ուսանողի լեզվի իմացությունը՝ թեստի կամ հարցազրույցի միջոցով»,- մեզ հետ զրույցում ասում է Էդիթը՝ հավելելով, որ մրցույթի ընտրությունը կատարվում է երկկողմանի. այն իրականացնում են մայր և ընդունող բուհերը: