Այսօր

Մեդիտացիայի 5 բազային տարբերակ՝ սկսնակների համար

  10 Մարտ 2021  153 դիտում
Մեդիտացիայի 5 բազային տարբերակ՝ սկսնակների համար

Մեդիտացիան ինչ-որ խորհրդավոր, բացառապես ընտրյալներին հատուկ երևույթ չէ, ինչպես շատերն են այն ընկալում: Դրանով կարող է զբաղվել ցանկացածը: Ընդ որում, դուք հաստատապես գտնվել եք մեդիտացիոն վիճակում, եթե անգամ կանխամտածված դրանով չեք զբաղվել, չէ՞ որ ձեր կյանքում եղել են դեպքեր, երբ ինքներդ ձեզ կողքից չեք նայել, չեք մտածել խնդիրների մասին, չեք վերլուծել էմոցիոնալ վիճակը, ձեզ համար չի եղել անցյալ կամ ապագա, դուք պարզապես ամբողջովին զգացել եք ներկա պահը:

Շատերը կարծում են, թե մեդիտացիան ներփակվածություն է ենթադրում և սխալվում են: Մեդիտացիայի իմաստը բնավ ներփակվածությունը չէ, հակառակը՝ այն պահի գիտակցումն է: Մեդիտացիան հնարավորություն, ժամանակ և ուժ է տալիս ինքներս մեզ հասկանալու համար: Այն օգնում է գտնել «Ի՞նչ եմ ուզում» հարցի պատասխանը: Այնպես որ, եթե որոշել եք զբաղվել մեդիտացիայով, բայց չգիտեք՝ ինչից սկսել, ընտրեք նշված բազային տեխնիկաներից որևէ մեկը:

Գիտակցված շնչառություն

Պարզապես ուշադիր հետևեք, թե ինչպես եք շնչում և արտաշնչում: Հետևեք յուրաքանչյուր շնչի տևողությանը: Մի անհանգստացեք, եթե մի պահ շեղվեք, վերդադարձեք և փորձեք գիտակցել ու ընկալել ձեր շնչառությունը: Հեշտ է, այնպես չէ՞:

Վիպասանա

Սա ներքին լուսավորության և արթնություն մեդիտացիան է: Այն օգնում է ուշադրություն դարձնել հենց զգացողությունների վրա, ոչ թե դրանց առաջացրած մտքերի և էմոցիաների: Ընտրեք հարմար վայր, որտեղ կարող եք նստել 45-60 րոպե: Այս պրակտիկայի համար անհրաժեշտ է աչքերը փակել, մարմինը պահել հնարավորինս անշարժ, իսկ մեջքը՝ ուղիղ դիրքում: Որևէ հատուկ շնչառական տեխնիկա պետք չէ, այստեղ կարևորը բնական շնչառությունն է:

Մեդիտացիա շարժման ընթացքում

Այս տեխնիկան կարող եք կիրառել պարզապես քայլելիս, յոգայով զբաղվելիս: Այն հարմար է հատկապես այն դեպքում, եթե դուք չեք սիրում կամ չեք կարողանում մնալ նստած դիրքում: Քայլելիս մեդիտացիայով զբաղվելիս պարզապես ձեր շնչառությունը հարմարեցրեք ամեն քայլին: Շնչելիս ոտքը կտրում եք գետնից՝ սկսելով կրունկից վերջացնելով մատներով, իսկ հետո արտաշնչելիս ոտքը գետնին դրեք և պատրասվեք հաջորդ շնչի հետ ևս մեկ քայլ առաջ անել:

Մանտրաներ

Մանտրան կարող է լինել մեկ վանկ, մեկ բառ կամ բառակապակցություն: Մեդիտացիաներում կիրառվող ամենատարածված մանտրաներն են «Օմ, ամեն» և «Օմ մանի պադմե հում»: Բայց եթե այս տարբերակը ձեր սրտով չէ, վերցրեք, օրինակ «սեր» բառը և գիտակցված կրկնեք այն: Մանտրան կարող եք կրկնել ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքում՝ պարզապես արտասանությունը պետք է լինի շնչառությանը ներդաշնակ:

Վիզուալիզացիա

Սկզբի համար պարզապես ուշադիր նայեք որևէ երկրաչափական պատկերի՝ եռանկյան կամ շրջանի: Հետո փակեք աչքերը և մտովի պատկերացրեք այն: Երբ դա հեշտությամբ ստացվի, անցեք այլ պատկերների և երևույթների, որոնք ձեզ համար կարևոր նշանակություն ունեն:

Փորձեք այս բազային տեխնիկաները և ինքներդ կհամոզվեք, որ մեդիտացիայով զբաղվելու համար վերմարդկային ջանքեր պետք չեն: Եթե մշտապես կիրառեք այս տեխնիկաները, կսովորեք անհարկի ժամանակ և ուժ չվատնել, չբարկանալ ամեն մանրուքից և սուր չարձագանքել տարաբնույթ իրադարձությունների, իրականությունը կընկալեք այնպիսին, ինչպիսին այն կա՝ այդպիսով ապրելով ձեր ներքին և արտաքին աշխարհի հետ ներդաշնակ:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ