Այսօր

Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիաներ. «Արմաթն օդում»

  10 Մարտ 2021  798 դիտում
Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիաներ. «Արմաթն օդում»

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2011 թվականից  իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման  ծրագիրը` տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի գործընթացը արտահանելով նաև արտերկիր: 2020 թ.-ի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15.000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Erit.am-ի հետ զրույցում «Արմաթ»  լաբորատորիայի խմբավար, մասնագիտությամբ ծրագրավորող Հայկը պատմում է, որ լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային․

«Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակել, կառուցել, փորձարկել և բարելավել իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։ Նրանք անվճար սովորում են ծրագրավորում, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև աշխատում են էլեկտրոնիկայի հետ, խաղեր պատրաստում»,-ասում է Հայկը և հավելում, որ ԱՏՁՄ-ն որոշել է ընդլայնել իր նախագծերը և հիմնել «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առանձին լաբորատորիա՝ 15-17 տարեկանների համար։

«Որպես ժամկետային զինծառայող մասնակցել եմ 2016-ի ապրիլյան պատերազմին, իսկ 2020-ի Արցախյան գոյամարտին գնացել եմ ռազմաճակատ՝ որպես կամավոր։ Ուզում եմ շեշտել՝ դեռևս 2016-ին պարզ էր, որ պետք է համակարգն ամբողջությամբ փոխվի, քանի որ ժամանակակից պատերազմներում կարևորվում են անօդաչու սարքերը։ Եվ հենց այդ ժամանակից իմ խմբակներում փորձել եմ ինչ-որ չափով այդ ուղղությունը զարգացնել, օրինակ, սիլմուլյատորով երեխաներին անօդաչուներ ղեկավարել եմ սովորեցրել, որ դաշտային պայմաներում կարողանան այն աշխատացնել։ Փորձերից մեկը համակարգչով է, մյուսը՝ դաշտում. իրականում դա նույն գործողությունն է պահանջում, ուղղակի դաշտում անօդաչու կոտրելը,  բնականաբար, մեծ գումար է արժենում: Բացի այդ, 3 D տպիչից պատրաստել ենք նաև փորձնական դրոններ և պենոպլաստից ինքնաթիռներ: Այս ողջ գործընթացի հիմքը պետք է դպրոցից դրվի, որպեսզի երեխաները ֆիզիկայից և մաթեմատիկայից տարրական գիտելիքներ ունենան, այլ ոչ թե այդ առարկաները վանեն պատանիներին՝ որոշ ոչ կոմպետենտ ուսուցիչների և կրթական համակարգի բացերի պատճառով: Այդ ամենը կրկնակի դժվարացնում է մեր աշխատանքը. տեխնոլոգիական կամ մասնագիտական որոշ հարցերում ավելի խորանալու փոխարեն՝ մենք երբեմն, օրինակ, կոորդինատային համակարգ ենք բացատրում 8-րդ դասարանցուն։ Իսկ այդպես պետք է չլինի: Նույն իրավիճակը բուհում է. շատ հաճախ դպրոցից հետո նաև համալսարանում է ուսանողն անիմաստ ժամանակ վատնում և հիասթափվում ակադեմիական կրթությունից, մինչդեռ, օրինակ, ՏՏ ընկերություններն աշխատանքի ընդունելու համար բարձր պահանջներ են սահմանում, որի արդյունքում շատերը մնում են առանց աշխատանքի։ Ես, օրինակ, համապատասխան հմտություններ և գիտելիքներ ձեռք եմ բերել ինքնակրթությամբ և աշխատանքային փորձով»,-ասում է Հայկը և ընդգծում, որ իրեն հաջողվել է ՏՏ ոլորտ մտնել, երբ ԱՏՁՄ-ն 2016-ի քառօրյա պատերազմի մասնակիցների համար ավճար դասընթացներ է անցկացրել:

«Հենց այդ ժամանակ ընտրվեցի որպես խմբավար, և այդ հիմքի ու ինքնակրթության շնորհիվ արդեն հինգ տարի զբաղվում եմ այս գործունեությամբ։ Իրականում ներկայիս սերունդը շատ հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաներով. նրանք անընդատ աշխատում են իրենց վրա, նոր իդեաներ առաջարկում, ռոբոտներ պատրաստում, մինչդեռ համակարգը մնում է կարծրացած։ Այսինքն՝ այս սերունդը չի վախենում իր նորարար միտքն արտահայտել և չի հարմարվում հնի հետ, հետևաբար նրանց պետք է անընդհատ խրախուսել, և ստարտափները զարգացնել»,-համոզված է Հայկը։

Ըստ մեր զրուցակցի՝ «Արմաթն օդում» լաբորատորիայում կերգրավվեն այն պատանիները, որոնք ունեն համապատասխան գիտելիքների ներուժ և պոտենցիալ․

««Արմաթն օդում» ծրագիրը կլինի նրանց ուսումնառության հաջորդ մակարդակը: Այժմ անօդաչու սարքերի լաբորատորիաների խմբավարների վերապատրաստումները գործնական փուլում են, որի ավարտից հետո նախատեսվում է բացել առաջին լաբորատորիան: Այդտեղ պատանիները կստանան անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, կյուրացնեն դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Լաբորատորիաների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները, և պատանիները հնարավորություն են ունենալու դրանք հավաքել, ըստ անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ ծրագրավորել ու հետո դաշտային պայմաններում փորձարկել»,- նշում է Հայկը՝ շեշտելով, որ նախագիծը հնարավոր է եղել կյանքի կոչել դրամահավաքի արդյունքում, որին իրենց ներդրումներով միացել են նաև խմբավարները. պետական որևէ աջակցություն չի եղել։