Այսօր

4 վարժություն՝ հոգնած աչքերի համար

  12 Մարտ 2021  133 դիտում
4 վարժություն՝ հոգնած աչքերի համար

Շատերս օրվա մեծ մասն անցկացնում ենք համակարգչի առջև և որպես արդյունք դժգոհում հոգնած ու կարմիր աչքերից, ունենում գլխացավեր ու անբացատրելի հոգնածություն: Եթե ցանկանում եք լավացնել ինքնազգացողությունը, նախ նվազագույնի հասցրեք «էկրանային շփումը» և յուրաքանչյուր ազատ րոպեն մի ծախսեք՝ հեռախոսին նայելով, ապա փորձեք այս չափազանց պարզ և նույնչափ օգտակար վարժությունները:

Հաջորդ անգամ հոգնածությունից աչքերը տրորելու փոխարեն, կատարեք այս 4 վարժություններից որևէ մեկը: 

Ափերով մերսում

Շփեք ձեռքերն այնքան, որ տաքանան, ապա ափերով մեղմորեն մերսեք փակ աչքերը: Ուժ գործադրել և տրորել պետք չէ, պարզապես հաճելի ջերմություն հաղորդեք աչքերին: Վարժության ընթացքում հանգիստ շնչեք, փորձեք հնարավորինս թուլանալ: Այս վարժությունը կարելի է կատարել մի քանի վայրկյանից մինչև 5 րոպե: Որևէ անհարմարություն զգալու դեպքում հեռացրեք ափերն աչքերից և հանգստությամբ բացեք դրանք: 

Աչքերով պտույտ 

Մեջքը պահեք ուղիղ դիրքում, դանդաղեցրեք շնչառությունը, ապա մեղմեք հայացքը՝ հնարավորինս թուլացնելով դեմքի մկանները: Սկսեք հայացքով ժամացույցի սլաքի ուղղությամբ պտույտ կատարել: Կարևոր է, որ այդ ընթացքում գլուխը չշարժեք: Պտույտը կատարեք հնարավորինս դանդաղ և ուշադիր՝ փորձելով նկատել շրջապատող իրերը: 7 պտույտից հետո փորձեք նույնն անել հակառակ ուղղությամբ: 

Նշանակետ

Թուլացեք, ձեռքն ուղիղ դիրքով առաջ տարեք, բութ մատը վեր պարզեք, իսկ մյուս մատներով բռունցք արեք: Հայացքն ուղղեք դեպի բութ մատը՝ կենտրոնանալով միայն դրա վրա: Դանդաղ ձեռքը մոտացրեք քթին, մինչև տեսադաշտը չմշուշոտվի, ապա 1-2 խորը շունչ քաշեք և ձեռքը վերադարձրեք նախնական դիրքին՝ այդ ընթացքում շարունակելով ուշադրությունը պահել բութ մատի վրա: Կրկնեք 10 անգամ: 

Հայացք դեպի հեռուն

Նայեք ձեզանից հեռու գտնվող որևէ օբյեկտի. օրինակ՝ պատուհանից այն կողմ գտնվող մեքենայի, ծառի: Հանգիստ շնչառությամբ և առանց դեմքը լարելու նայեք որոշ ժամանակ, ապա կտրուկ հայացքը նետեք ձեզ մոտ գտնվող որևէ առարկայի վրա՝ ասես հայացքով կուլ եք տալիս այն: Կրկնեք վարժությունը՝ ամեն անգամ նայելով տարբեր հեռավորությունների վրա գտնվող իրերի:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ