Այսօր

Լաբորատորիայից մինչև լեռներ մեկ ճանապարհ է. Կենսաբան Սոնա Գալստյանի բիզնեսի մասին

  15 Մարտ 2021  666 դիտում
Լաբորատորիայից մինչև լեռներ մեկ ճանապարհ է. Կենսաբան Սոնա Գալստյանի բիզնեսի մասին

«Բեռլինում, հիշում եմ, ծրագրի կոորդինատորը մի փոքր զարմացած էր իմ լաբորատոր հմտություններից. առաջին օրը սարքերը ցույց տալուց հետո այլևս ինձ չօգնեց, և ես իմ ուժերով ուսումնասիրեցի մոտավորապես 200 ԴՆԹ-ի նմուշ, գուցե ավելի շատ»,- հաճելի հիշողությունների մասին Erit.am-ին պատմում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի նախկին ուսանող, իսկ այսօր պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի և ակադեմիկոս Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի մոլեկուլային կարգաբանության լաբորատորիաների աշխատակից Սոնա Գալստյանը։

Լաբորատորիաներում կենսաբանական ուսումնասիրություններից բացի, Սոնան հասցնում է նաև տարվա մի մասն անցկացնել հայոց լեռներում՝ բուսատեսակներն ուսումնասիրելով:

Մասնագիտությունը հնարավորություն է տվել նրան ճանաչել Հայաստանի բուսական աշխարհը, տիրապետել բուսատեսակների օգտակարության մասին ինֆորմացիային, չորացման հմտություններին և ունենալ  այլ գիտելիքներ, ինչը ծնունդ է տվել ոլորտում սեփական գործունեություն ծավալելու գաղափարին: 2019 թ.-ին ընկերուհու՝ Անուշ Բաբայանի հետ Սոնան հիմնել է Ուայլդի թիզան/Wildy Tisane ապրանքանիշով հանդես եկող «Ուայլդի» ՍՊԸ-ն․

«Հիմնական մոտիվացիան բույսերի հանդեպ մեծ սերն էր և ցանկությունը՝ ստանալու արվեստի ու թեյի խառնուրդ, որը կպահպանի վայրի հավաքներ իրականացնելու բոլոր կանոնները, չի վնասի բնությունը, կներառի հետաքրքիր բուսական խառնուրդներ, կլինի չկրկնվող և օրիգինալ դիզայնով»,- իր սիրելի զբաղմունքի մասին խանդավառված պատմում է մեր հերոսուհին։