Այսօր

Մարզասրահի փոխարեն՝ YouTube. ալիքներ՝ առողջ ապրելակերպին հետևելու համար

  18 Մարտ 2021  154 դիտում
Մարզասրահի փոխարեն՝ YouTube. ալիքներ՝ առողջ ապրելակերպին հետևելու համար

Առողջ ապրելակերպի վերաբերյալ նյութերում հաճախ ենք հանդիպում «Քիչ ժամանակ անցկացրեք համացանցում», «Մի՛ կողմ դրեք հեռախոսը» և նմանատիպ այլ խորհուրդների: Եթե դրանք ոչ մի կերպ չեն ազդում ձեզ վրա, ապա առաջարկում ենք համացանցն օգտագործել ի նպաստ ձեր առողջության: Առանձնացրել ենք յութուբյան ալիքներ, որոնք կարող են դառնալ առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի վերաբերյալ ինֆորմացիայի և պարզապես օրվա մոտիվացիայի անվճար աղբյուր:

Six Pack Shortcuts 

Շուրջ 5 մլն հետևորդով այս ալիքում դուք կգտնենք սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպին հետևելու վերաբերյալ անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն՝ ընդհանուր խորհուրդներ, տանը մարզվելու համար կոմպլեքս-վարժություններ, առողջ սննդակարգի վերաբերյալ տեսանյութեր: Շատ դեպքերում հեղինակները ոչ միայն ներկայացնում են վարժությունները, այլև բացատրում են դրանք ֆիզիոլոգիայի տեսանկյունից: 

blogilates 

Ավելի քան 5 մլն  հետևորդով այս ալիքը վարում է որակավորված մարզիչ Կեյի Հոն: Ալիքի բովանդակությունն ավելի շատ կանանց համար է: Նրանք այստեղ կգտնեն նիհարելու, գեղեցիկ կազմվածք և առողջ օրգանիզմ ունենալու վերաբերյալ տեսանյութեր, վարժություններ կոնկրետ մկանային խմբերի և «խնդրահարույց կետերի» համար, տարատեսակ առողջարար բաղադրատոմսեր: 

FitnessBlender 

Դենիել և Կելլի ամուսնական զույգի ալիքը, որը 6,5 մլն հետևորդ ունի, ևս կարող եք ավելացնել ձեր զինանոցում: Շատ վարժություններ նրանք համատեղ են ցուցադրում՝ ներկայացնելով դրանք կատարելու տեխնիկան կանանց և տղամարդկանց համար: Տարբեր մկանային խմբերի համար նախատեսված վարժություններ, մարզումային ժամանակացույց և նմանատիպ այլ ինֆորմացիա կարող եք գտնել նաև նրանց կայքում՝ https://www.fitnessblender.com/: Բացի անհատական մարզումային ծրագիր կազմելուց՝ մնացած ամեն ինչ անվճար է: 

XHIT Daily 

Այս ալիքի առանձնահատկությունն այն է, որ մարզումային տեսանյութերը մեծամասամբ 15 րոպե տևողությամբ են: Հեղինակների կարծիքով՝ օրվա ընթացքում մարզվելու համար այդքան ժամանակ կգտնեն անգամ ամենազբաղված մարդիկ: Նման տեսանյութերը հետևողականորեն դիտելու և մարզվելու դեպքում ձեր մկանները կամրանան, իսկ դիմադրողականությունը կբարձրանա: 

BeFiT 

Եվս մեկ ալիք, որի հիմնական հետևորդները կանայք են: Այստեղ հավաքված են մի շարք հայտնի մարզիչների և ֆիտնես-գուրուների տեսանյութեր: Դուք կարող եք ծանոթանալ ֆիտնեսի աշխարհում մեծ հեղինակություն վայելող մարզիչներ Ջուլիան Մայքլսի, Դենիս Օստինի, Թրեյսի Մոլետի և այլոց մարզումային մոտեցումներին: 

YougiftedRussia 

Այս թեմատիկայով ռուսալեզու ամենահայտնի ալիքներից մեկը, որը յուրօրինակ հանրագիտարան է առողջ ապրելակերպի ջատագովների և մարզասերների համար: Տեսանյութերի մեծ մասը կայացած մարզիկների, բոդիբիլդերների կողմից են: Այս ալիքը, ի տարբերություն վերոնշյալների, հիմնականում մարզասրահում մարզումների վերաբերյալ է, երբ շուրջդ կան անհրաժեշտ մարզասարքերը: 

POPSUGAR Fitness

Հայտնի մարզիչ Աննա Ռենդերերի մոտիվացիոն ալիքը հարմար է պարբերական մարզումներ կազմակերպելու համար: Նա ներկայացնում է ոչ միայն իր մեթոդիկան, այլև պատմում է ոլորտի այլ հայտնի մարզիչների մոտեցումների մասին:

Բնականաբար, ցանկն այսքանով չի սահմանափակվում, այն կարող եք լրացնել ինքներդ, չէ՞ որ որքան էլ «Քիչ ժամանակ ացկացրեք համացանցում» խորհուրդն արդիական է, ցանցը լի է նաև օգտակար ինֆորմացիայով: Այնպես որ՝ համատեղեք հաճելին ձեր օրգանիզմի համար օգտակարի հետ: 

 

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ