«Երբ արարում է կինը». Ժողովրդական արվեստների թանգարանում ներկայացվում է նաիվ (ինքնուս) նկարիչների հավաքածուն

  19 Մարտ 2021  532 դիտում
«Երբ արարում է կինը».  Ժողովրդական արվեստների թանգարանում ներկայացվում է նաիվ (ինքնուս) նկարիչների հավաքածուն

Ժողովրդական արվեստների թանգարանն ունի ինքնուս նկարիչների՝ 20-րդ դարի կեսերին ստեղծած հարուստ հավաքածու։

Կանանց տոնի շրջանակում թանգարանի նախաձեռնությամբ իրականացվում է «Երբ արարում է կինը» խորագրով առցանց ցուցադրությունը. հանրությանն են ներկայացվում ինքնուս կին նկարիչների աշխատանքները, որոնք նրանց գեղեցիկ ներաշխարհի և արարման հզոր ուժի վկայությունն են։

Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Քալանթարյանը ներկայացրել է նախագիծը և հավաքածուի բովանդակությունը: Մեր զրուցակիցը ինքնուս նկարիչների հավաքածուն բնորոշելու համար նույն հարթության մեջ ներկայացնում է գեղարվեստական ուղղություններից նաև պրիմիտիվիզմը.

«Պրիմիտիվիզմը՝ որպես գեղարվեստական ուղղություն, ծագել է Եվրոպայում 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այն հակադրվում է XIX դարի վերջի  էկլեկտիկ և հավաքական դրսևորումներին: Այս իմաստով այն պետք է տարբերել թե՛ ընդհանուր ժամանակակից արվեստ հասկացությունից, և թե՛ XX դարի փորձարարական և ֆորմալիստական ուղղությունից: Պրիմիտիվիզմը արագ տարածում է գտել Ռուսաստանում, Անդրկովկասում։ Խոշորագույն  ներկայացուցիչներն էին Անրի Ռուսսոն (Ֆրանսիա), Մոզես Տատիկը (Աննա Մարիա Ռոբերտսոն, ԱՄՆ), Նիկո Փիրոսմանին (Վրաստան)։ Նրանց արվեստի հիմքում ընկած է պարզ, հաճախ մանկական մտածողությանը բնորոշ աշխարհայացք, կամ էլ միտումնավոր պարզեցված ֆորմաներ, որոնք բնորոշ են նախնադարյան արվեստին: Հաճախ պրիմիտիվիզմը նույնացնում են նաիվ արվեստի հետ, սակայն, եթե  պրիմիտիվիստները բացառապես պրոֆեսիոնալ նկարիչներ են, որոնք ստեղծում են ոճավորված ինքնատիպ արվեստ, ապա նաիվ արվեստի տակ հիմնականում ընկալվում է ոչ պրոֆեսիոնալ, ինքնուս նկարչությունը»,- բացատրում է տիկին Քալանթարյանը: