Այսօր

Մարմնամարզիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

  19 Մարտ 2021  139 դիտում
Մարմնամարզիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ մինչև մարտի 31-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ հավաքին մասնակցելու են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Թովմասյանը: Թիմի հետ կլինեն նաև մարզիչներ Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը:

Հավաքի գլխավոր նպատակը Բազելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելն է: Հակոբ Սերոբյանի խոսքով՝ անկախ մրցաշարերի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարբերական չեղարկումներից և հետաձգումներից՝ թիմը մարզումային գործընթացից փորձելու է չշեղվել. «2021 թվականը մեր մարզաձևի համար կարևոր տարի է: Նախատեսված էր, որ Հայաստանի առաջնությունից հետո Դոհայում կմասնկցենք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, սակայն այն հետաձգվեց: Այս պահին առաջնայինը Եվրոպայի առաջնությունն է, որին հավաքականից կմասնակցի 5 մարմնամարզիկ: Թբիլիսիում կան բոլոր պայմանները մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: 

Մարմնամարզիկներից Արթուր Դավթյանը, ով Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, նշել է, որ այժմ լրջորեն պատրաստվում է ինչպես Եվրոպայի առաջնությանը, այնպես Տոկիոյի խաղերին. «Ներկայիս մարզավիճակիցս դժգոհ չեմ, բայց, բնականաբար, աշխատելու տեղ կա: Գլխավոր նպատակս նախ Եվրոպայի առաջնությանը, ապա Օլիմպիական խաղերին հնարավորինս լավ պատրաստվելն է: Եթե անգամ մրցաշարերը կրկին հետաձգվեն, կաշխատենք մարզումային ծրագրերից չշեղվել»:

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 21-25-ը, իսկ Օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ