Այսօր

«Ներսուդուրս». Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն Անուշ Ղուկասյանի աշխատանքները

  19 Մարտ 2021  138 դիտում
«Ներսուդուրս». Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն Անուշ Ղուկասյանի աշխատանքները

Արվեստագետ Անուշ Ղուկասյանը, հողային զանգվածից ելնող կոպիտ կավե կաղապարների մեջ պատկերելով նուրբ եթերային երկինք, վառ ստեղծագործական երևակայությամբ մեկտեղել է երկրային և երկնային իրականությունները, նյութական և ոչ նյութական աշխարհները:

Մարտի 19-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կներկայացվի Ա. Ղուկասյանի «Ներսուդուրս» ցուցադրությունը: Այն ներկայացնում է երիտասարդ արվեստագետի գեղարվեստական գործունեության ընդհանուր թելի շարունակությունը, որը նա մշակել է ավելի քան հինգ տարի: Նրա որոշ ստեղծագործություններ նուրբ աշխատանքներ են՝ հոգատարությամբ ստեղծված նրբին արհեստից, իսկ մյուսները թողնված են ավելի հում, անմշակ: Նա կարծես յուրովի մեկնում է սահմանափակից անսահմանություն, ապականությունից մաքրություն, մահից կյանք անցումներն ու փոխակերպումները, որոնք, անհատական ընկալմամբ, բխում են երկնքի և երկրի հպումից՝ հանդիսանալով նոր սկիզբ և ծնունդ:

««Ներսուդուրսը» գտնվում է այս երկուսի մեջտեղում, ճիշտ ինչպես աշխարհը միջանկյալ շրջանի փորձառություն ապրեց համաճարակի ընթացքում: Արվեստագետը միավորում է երկու հակադիր և տարբեր մասշտաբի տարրեր՝ ստորգետնյա հողը և եթերային օդը: Այն հարցման մեջ է դնում սահմանների փոփոխականությունն ու հեղհեղուկությունը»,- նշում է ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը։

«Ացելուները հնարավորություն կունենան բացահայտելու ժամանակավորի և հավիտենականի, սահմանափակի և անսահմանի, հողեղենի և երկնայինի հատման եզրերը և մտորելու իրենց մեջ սինթեզված տարբեր իրականությունների մասին»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Անուշ Ղուկասյանը (ծնվ. 1985, Երևան) իր սերնդի ամենաակտիվ արվեստագետներից է: Ավարտելով Գեղարվեստի պետական ակադեմիան որպես գրաֆիկ նկարիչ՝ նա հիմնականում ստեղծագործել է ինստալյիացիոն արվեստի ոլորտում: Նրա աշխատանքները ներկայացված են եղել Հայաստանում և Արցախում տարբեր խմբային ցուցադրությունների: 2018-ին և 2019-ին նա հանդես է եկել երկու անհատական նախագծերով՝ «111» և «Կտոր-կտոր»: Վերջինս արժանացել է Պողոսյան մրցանակի (նախկինում՝ ՀՀ նախագահի մրցանակ):

Ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 13-ը։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ