Այսօր

Ինչպե՞ս քնել, որ չհոգնել. 4 հարց և պատասխան քնի վերաբերյալ

  22 Մարտ 2021  155 դիտում
Ինչպե՞ս քնել, որ չհոգնել. 4 հարց և պատասխան քնի վերաբերյալ

Առաջին խորհուրդը, որ կլսեք գերհոգնածության, էմոցիոնալ լարածության, սթրեսի և հոգեբանական այլ խնդիրների դեպքում, քնի ռեժիմը կարգավորելն է։ Հաբերն ու վարժություններն անօգուտ են, եթե դուք բավականաչափ և հանգիստ չեք քնում։ Առանձնացրել եք քնի վերաբերյալ 4 ամենատարածված հարցերի պատասխանները։

Որքա՞ն է պետք քնել

Իդեալական տարբերակը 7-8 ժամ քնելն է։ Ավելի քիչ քնել պետք չէ, բայց ավելի շատ էլ ցանկալի չէ։ 9 ժամից ավելի քնելը կարող է բացասաբար ազդել ձեր ինքնազգացողության և առողջության վրա։ Սրանք միջին վիճակագրական թվեր են, բայց կան նաև օրինաչափությունից դուրս դեպքեր։ Օրինակ՝ Նապոլեոնը քնել է 4 ժամ, իսկ Էյնշտեյնը սիրել է օրվա ընթացքում մի քանի անգամ 2-3 ժամով քնել։ Պետք է հաշվի առնել օրգանիզմի արձագանքը. եթե 4-5 ժամ քնելը չի ազդում ձեր կոգնիտիվ ֆունկցիաների (հիշողություն, մտավոր աշխատունակություն և այլն), առողջության վրա, ապա կարող եք նաև այդքան քնել, բայց այդպիսի դեպքերն ավելի շուտ օրինաչափությունից շեղում են, քան օրինաչափություն։

Ե՞րբ պառկել քնելու

Այստեղ ևս ամեն ինչ անհատական է, բայց հաշվի առնելով այն փաստը, որ մեր օրգանիզմը  հարմարվում է որոշակի ցիրկադային (օրական) ռիթմերի, իսկ «քնի հորմոն» մելատոնինը, որը պատասխանատու է կենսառիթմերի կարգավորման, մաշկի առողջ գույնի և այլնի համար, արտադրվում է գիշերը, ապա նախընտրելի է քնել կեսգիշերից առաջ՝ 22։00-00։00 ժամանակահատվածում։

Հնարավո՞ր է ամբողջ շաբաթվա հոգնածությունը հաղթահարել հանգստյան օրերին երկար քնելով

Գոյություն ունի քնի կենսական ռիթմի խախտում հասկացությունը, երբ մեր կենսաբանական ժամացույցը սխալ կամ դժվարությամբ է աշխատում։ Ընդունենք, աշխատանքային շաբաթվա ընթացքում դուք արթնանում եք 6։30-ին, բնականաբար, շաբաթ-կիրակի ավելի երկար քնելու ցանկություն կունենաք և կարթնանաք 9։00-11։00 ժամանակահատվածում։ Այդ դեպքում հանգստյան օրերին կպառկեք քնելու կեսգիշերն անց։ Ի՞նչ տեղի կունենա։ Ձեր կենսաբանական ժամացույցի աշխատանքը 5-6 ժամով կխախտվի. ասես, հանգստյան օրերին այլ ժամային գոտով երկիր եք ուղևորվել, իսկ երկուշաբթի վերադառնում եք։ Օրգանիզմը չի հասկանում որտե՞ղ է և ի վերջո ե՞րբ արթնանա։ Նախկին ռիթմը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի 5-6 օր, երբ կրկին կգան հանգստյան օրերը։ Ստացվում է փակ շրջան, որը չհատելու դեպքում ձեզ ավելի ու ավելի վատ եք զգալու և յուրաքանչյուր հաջորդ շաբաթը սկսելու եք ավելի հոգնած, խախտվելու է նաև նյութափոխականությունը, ինչն էլ հագեցնելու է նոր հիվանդությունների, սթրեսի։ Ի՞նչ անել։ Պարզապես հետևել քնի կանոնավոր ռեժիմի՝ փորձել մշտապես արթնանալ և քնել նույն ժամանակահատվածում, իսկ հանգստյան օրերին թույլատրելի է +2 ժամի տարբերություն։ Այսինքն՝ եթե դուք աշխատանքի գնալիս արթնանում եք ժամը 7։00-ին, ապա շաբաթ և կիրակի կարող եք քնել մինչև 9։00-ն։ 

Կարելի՞ է քնել կեսօրին 

Կեսօրին 20-30 րոպե, բայց ոչ ավելի, քնելն օգտակար է։ Այդ դեպքում դուք նոր ուժերով կշարունակեք օրը։ Զարմանալի չէ, որ գնալով ավելի շատ ընկերություններ են ստեղծում անհրաժեշտ պայմանները՝ իրենց աշխատակիցների կեսօրվա քնի համար, իսկ օրինակ ճապոնացիների համար կեսօրին քնելը յուրօրինակ ավանդույթի է վերածվել։ 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ