Այսօր

Էթիկետի կանոններ, որոնք պետք է հիշել մարզասրահ մտնելուց առաջ

  22 Մարտ 2021  176 դիտում
Էթիկետի կանոններ, որոնք պետք է հիշել մարզասրահ մտնելուց առաջ

Գուցե այս կանոնները խախտելու համար ձեզ մարզասրահից դուրս չհրավիրեն, բայց դրանց հետևելը սեփական անձի և շրջապատի հանդեպ տարրական հարգանքի դրսևորում է։ Եվ այսպես, էթիկետի կանոններ, որոնք չպետք է խախտել մարզասրահում։

Հիվանդ ժանանակ մնացեք տանը

Թեթև մրսածության, հարբուխի դեպքում, հնարավոր է, ձեզ հերոս և ֆիզկուլտուրայի նվիրյալ երևակայեք ու շտապեք մարզվելու, բայց եկեք չմոռանանք՝ մարզասրահում դուք մենակ չեք, և շրջապատին այնքան էլ հաճելի չի լինի հետևել ձեր կարմրած քթին կամ վախենալ վարակվելուց: Այնպես որ, հիվանդ ժամանակ ավելի լավ է մարզվել տնային պայմաններում: 

 Մարզասարքերից օգտվեք ողջամիտ ժամանակով

Թեժ ժամերին հատկապես կարդիոսարքավորումների մոտ կարող է հերթ առաջանալ: Այնպես որ, պետք չէ քմահաճ պտտել հեծանիվը կամ դանդա՜ղ վազել. յուրաքանչյուր մարզասարքից օգտվեք ողջամիտ ժամանակով, դա ձեր առողջության համար ևս օգտակար է: Բացի դրանից՝ ձեզ էլ հաճելի չէր լինի 40 րոպե սպասել, թե երբ մարզասարքը կազատվի։ 

Ո՛չ բույրերին

Հակաքրտինքային միջոցներ օգտագործելն անհրաժեշտության է, սակայն դրանք ընտրելիս անպայման հաշվի առեք հոտի սրությունը և մարզասրահ մտնելոց առաջ խուսափեք օծանելիք օգտագործելուց: Տարատեսակ բույրերը, հատկապես եթե մարզասրահում դուք օծանելիքի միակ սիրահարը չեք, կարող են ոչ միայն փչացնել մարզվելու տրամադրությունը, այլև առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: 

Խորհուրդներ մի՛ շռայլեք

Ոչ ոքի հաճելի չէ անծանոթների խորհուրդները, իսկ մարզասրահի նորեկները դրանցից կարող են բարդութավորվել: Եթե անգամ դուք շատ փորձառու եք և տեսնում եք, որ մյուսները սխալ են մարզվում, անհարկի խորհուրդների փոխարեն կծեք լեզուն. սրահի մարզիչն անհրաժեշտության դեպքում անձամբ խորհուրդ կտա։ Բնականաբար, այս կետը չի վերաբերում այն իրավիճակներին, երբ տեսնում եք, որ դիմացինն իր և մյուսների առողջության համար վտանգավոր գործողություններ է կատարում կամ անձամբ է դիմում խորհրդի: Բացի դրանից՝ հիշեք, որ ուրիշի քաշի կամ կազմվածքի մասին մեկնաբանություններ անելը գեղեցիկ չէ։ «Քեզ իսկապես պետք է մարզվել», «Օ՜, այդ քանի կիլոգրամ ես մտադիր նիհարել» և նմանատիպ այլ մեկնաբանություններով շատ հանգիստ կարող եք վիրավորել դիմացինին։

 Պայուսակը՝ հանդերձարանում, ոչ թե մարզասրահում

Իդեալական տարբերակը թանկարժեք կամ ավելորդ իրերը մարզասրահ չբերելն է։ Անշուշտ, լինում են դեպքեր, երբ մարզասրահ եք շտապում աշխատավայրից՝ ձեզ հետ բերելով համակարգիչ, կարևոր թղթեր, բայց անգամ այդ պարագայում հիշեք պահարանների գոյության մասին և պայուսակը մարզասրահում ոտքի տակ մի դրեք: 

 Մի՛ խոսեք հեռախոսով

Արդեն վաղուց մարդաշատ վայրերում բարձրաձայն հեռախոսազրույցները էթիկետի խախտում են ընկալվում: Այս պարզ կանոնը գործում է նաև մարզասրահներում: Այստեղ մարդիկ գալիս են առողջ ապրելակերպի, իրենց կառուցվածքը բարելավելու համար, մի՛ շեղեք նրանց անհարկի զրույցներով և ինքներդ մի՛ շեղվեք: Ամենալավ տարբերակը մարզվելու ընթացքում հեռախոսի գոյության մասին մոռանալն է: 

 Ծանրաքարերը վերադարձրեք նախնական դիրքին

Բացառված չէ, որ դուք հիանալի մարզավիճակում ենք և կարողանում եք ռեկորդային քաշեր բարձրացնել, բայց հիացմունքի արժանի վարժություններ կատարելուց հետո բարի գտնվեք և ծանրաձողը, ծանրաքարերը վերադարձրեք նախնական վիճակին: Նույնը վերաբերում է նաև մյուս մարզասարքերից օգտվելուն: 

 Համապատասխան հագուստ

Մարզումների համար հագուստ ընտրելիս առաջնահերթ ուշադրություն դարձրեք հարմարավետությանը և անվտանգությանը, ոչ թե նորաձև տեսք ունենալուն: Չափազանց նեղ կամ կարճ հագուստը կարող է ազդել ձեր շարժումների արդյունավետության և կողմնակի հայացքների առատության վրա։

 Մաքրություն

Մի՛ մոռացեք մարզվելուց առաջ և հետո ձեր սրբիչով մաքրել սարքավորումները: Քրտինքից խոնավացած սարքերից օգտվելը ոչ միայն հաճելի չէ, այլև կարող է տարատեսակ սնկային հիվանդությունների պատճառ դառնալ: Մարզվելուց հետո էլ մի՛ մոռացեք ցայվելու մասին՝ միևնույն ժամանակ հիշելով, որ ձեր անձնական լոգարանում չեք գտնվում։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ