Այսօր

4 սխալ պատկերացում, որոնք խանգարում են զբաղվել յոգայով

  22 Մարտ 2021  178 դիտում
4 սխալ պատկերացում, որոնք խանգարում են զբաղվել յոգայով

Եթե նոր եք սկսել զբաղվել յոգայով կամ պարզապես մտածում եք այդ ուղղությամբ, ապա սկզբի համար լավ կլինի ստորև թվարկված սխալ պատկեցումներին ուշադրություն չդարձնել։

Հետ չմնալ «գորգի ընկերներից»

Յոգան առաջնահերթ սեփական ներաշխարհը հասկանալու և մարմինը զարգացնելու համար է, բայց մեր մտքերը հաճախ այլ ուղղությամբ են ընթանում։ «Իսկ ինչո՞ւ նա այդպես շարժեց ոտքերը, իսկ ես՝ ոչ», «Ես երբեք չեմ կարողանա այդպես ճկուն լինել»… Նմանատիպ մտքերը և «ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» կարգախոսն ընդհանրապես համատեղելի չեն յոգայի հետ։ Յոգայով արդյունավետ զբաղվելու համար դուք առաջնահերթ պետք է դադարեք բռնանալ ձեր ներաշխարհի և մարմնի վրա։ Միայն այս դեպքում աստիճանաբար կզգաք, թե որքան ճկուն եք և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Պարզապես կենտրոնացեք և վայելեք պահը։

Ես փայտից ոչնչով չեմ տարբերվում, յոգան ինձ համար չէ

Իհարկե, շատ կարևոր է օբյեկտիվ գնահատել սեփական ֆիզիկական հնարավորությունները և մարմնին նոր շարժումներ կատարելու համար ժամանակ տալ։ Միևնույն ժամանակ հիշե՛ք՝ դուք փայտից չեք, պարզապես դրսևորեք հետևողականություն։ Յոգայով շաբաթական գոնե երկու անգամ կանոնավոր զբաղվելու դեպքում, կես տարի անց կզգաք, թե որքան ճկուն և հետևաբար երիտասարդ է ձեր մարմինը։ Բացի դրանից՝ յոգան օգնում է զարգանալ էմոցիոնալ տեսակետից։ Ձեր էմոցիոնալ ինտելեկտը կամրանա, իսկ սթրեսի ենթարկվելու հավանակությունը կնվազի։ 

Ես ծեր եմ 

Անշուշտ, տարիքը նշանակություն ունի։ Սովորաբար խմբակային պարապմունքների ժամանակ մասնակիցների միջին տարիքը 25-35 է։ 50+ կանանց և տղամարդկանց ավելի բարդ է յոգայով զբաղվել, հատկապես եթե նախկինում նրանք ֆիզիկական ակտիվություն չեն դրսևորել, սակայն ոչ թե պետք է մտածել, թե դուք յոգայով զբաղվելու որևէ հնարավորություն չունենք, այլ գտնել համապատասխան կուրսեր, որոնք, վստահեցնում ենք, քիչ չեն։ Իսկ եթե այդ հարցում էլ եք դժվարանում, ապա բավարարվեք բազային վարժություններով։ Կարևորը սկսելն է։

Յոգա վախ

Վախը մեր մշտական ուղեկիցն է։ Այն նպաստում է մշտապես մնալ հարմարավետության գոտում, բայց հենց այդ հարմարավետությունը հաճախ խոչընդում է մեր զարգացմանը և անգամ առողջությանը։ Հիշե՛ք՝ յոգան օգուտից բացի՝ վնաս չի տա։ Եթե անգամ վախենում եք միանգամից կուրս վերցնել, մի մոռացեք, որ 21-րդ դարում ամեն ինչ հասանելի է՝ օգտվեք համացանցի ընձեռած լայն հնարավորություններից, գտեք համապատասխան վիդեոդասեր և անցեք գործի։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ