Այսօր

«Ֆուտբոլն աղջկա համար չէ» մտքից՝ մրցավարական աշխատանք. Սոֆիկ Թորոսյանի պատմությունը

  22 Մարտ 2021  683 դիտում
«Ֆուտբոլն աղջկա համար չէ» մտքից՝ մրցավարական աշխատանք. Սոֆիկ Թորոսյանի պատմությունը

Հայտնի խոսք կա, թե ատելությունից սեր մեկ քայլ է: Ֆուտբոլային մրցավար Սոֆիկ Թորոսյանը սեփական փորձով է համոզվել դրանում:

Erit.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխել ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքը և խաղադաշտն ընտրել որպես աշխատավայր:

Ֆուտբոլում առաջին քայլերը Սոֆիկ Թորոսյանը կատարել է 14 տարեկանում՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիամ Թորգոմյանի համառության արդյունքում: «Մարիամը մեր ընտանիքի մտերիմներից է, ամեն անգամ հյուր գալիս ոգևորությամբ պատմում էր իր ֆուտբոլային կյանքի մասին և անընդհատ հարցնում՝ չե՞մ ցանկանում ես էլ ֆուտբոլով զբաղվել: Ինքս չէի հասկանում՝ ինչպե՞ս կարող է աղջիկը ֆուտբոլ խաղալ, և եթե որևէ մեկն ասեր, որ տարիներ հետո ՖԻՖԱ-ից կանանց միջազգային մրցավարի կոչում եմ ստանալու, երկար կծիծաղեի: Բայց Մարիամի համառությունն ինձ մոտ ի վերջո հետաքրքրություն առաջացրեց, մտածեցի մի օր հետևել աղջիկների ֆուտբոլի»,- հիշում է Սոֆիկը:

Ընդամենը մեկ այցն «Ուրարտու» (նախկին «Բանանց» - խմբ.) ակումբ բավարար էր ֆուտբոլի վերաբերյալ պատկերացումները փոխելու համար: Հետևելով մարզիչներ Սամվել Ադամյանի և Լիանա Հայրապետյանի աշխատանքին, հասակակից աղջիկների ֆուտբոլային հնարքներին՝ Սոֆիկը անմիջապես վարակվել է ֆուտբոլով և որոշել փորձել ուժերը։

«Շրջապատում, բնականաբար, զարմացան, քանի որ մինչ այդ ֆուտբոլ ոչ միայն չեմ սիրել, այլև երկար տարիներ հաճախել եմ երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասերի և լրջորեն մտածել այդ ուղղությամբ մասնագիտության ընտրելու մասին։ Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա զգում եմ ընտանիքիս, հարազատներիս աջակցությունը։ Նրանք մշտապես սատարել են ինձ ու թույլ տվել ինքնուրույն որոշում կայացնել։ Փոփոխությունը շրջադարձային էր, բայց ինչպես կյանքը ցույց տվեց՝ ճիշտ»,- պատմում է Սոֆիկը:

Այդպես ֆուտբոլ չսիրող աղջիկը դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իսկ 2010 թվականին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին: Սոֆիկ Թորոսյանը խաղացել է Հայաստանի կանանց մինչև 17, 19 տարեկանների և ազգային հավաքականներում, իսկ 2013 թվականին Հայաստանում կանանց հավաքականների փակվելուց հետո ֆուտբոլային կարիերային փոխարինելու է եկել մրցավարականը։

«Երբ հավաքականները փակվեցին, ես ֆուտբոլում մնալու տարբերակներ էի մտածում: Որոշեցի ուժերս փորձել մրցավարական գործում ու մասնակցեցի համապատասխան դասընթանցերի»,- պատմում է Սոֆիկը: Տարիների հետևողական աշխատանքը տվել է իր արդյունքը, և անցյալ տարի Սոֆիկ Թորոսյանը ՖԻՖԱ-ից (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիների ֆեդերացիա) ստացել է կանանց միջազգային մրցավարի կոչում: Այժմ հավաքականները կրկին գործում են, հետևողական քայլեր են արվում Հայաստանում կանանց ֆուտբոլը և մրցավարական աշխատանքը զարգացնելու նպատակով, իսկ Սոֆիկը սպասարկում է Հայաստանի կանանց և տղաների մինչև 18 տարեկանների առաջնությունները։ Երիտասարդ մրցավարը պարբերաբար մասնակցում միջազգային վերապատրաստումների, հանձնում քննություններ՝ ինչպես տեսական, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածության։

«Մարզավիճակ պահելը մեր գործում շատ կարևոր է, չէ՞ որ խաղեր են լինում, երբ 10 կմ-ից ավելի վազում ես: Այս տեսանկյունից ինձ համար շատ բարդ էր երեխայիս ծնվելուց հետո. շատ էի գիրացել, անգամ մտածում էի, թե կարիերաս ավարտված է, բայց մտերիմներիս, հատկապես ամուսնուս, աջակցության շնորհիվ կարողացա վերականգնել մարզավիճակս: Փոքրիկիս ծնվելուց հետո 2 ամիս անց կրկին խաղադաշտում էի»,- ասում է Սոֆիկը։

Մրցավարական աշխատանքին զուգահեռ Սոֆիկ Թորոսյանը ֆիզկուլտուրա է դասավանդում Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան № 196 դպրոցում: Այժմ երեխայի խնամքի արձակուրդում է, բայց աշակերտների հետ մշտապես կապի մեջ է.

«Շատ եմ սիրում իմ աշակերտներին, իսկ նրանք սիրում են ֆիզկուլտուրան: Բոլորը պետք է մեծ ուշադրություն դարձնեն առողջ ապրելակերպին: Աշակերտներիս համար ոգևորիչ է իմ ներգրավվածությունը ֆուտբոլում, հաճախ կազմակերպում ենք ֆուտբոլային հանդիպումներ»,- ասում է Սոֆիկը, ով մասնագիտական զարգացման համար 2016 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է հանրակրթական դպրոցի փորձի փոխանակման ծրագրի:

Դեռևս անցյալ տարի Սոֆիկը պետք է սպասարկեր միջազգային հանդիպումներ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առաջնությունները չեղարկվեցին, և գործընթացը ժամանակավորապես կանգ առավ: Այժմ երիտասարդ մրցավարը պատրաստվում է հերթական քննություններին՝ ապրիլին նա հանձնելու է անգլերեն (խաղի կանոններ), ֆիզիկական պատրաստվածության քննություններ և վիդեոթեստ, որոնց արդյունքներով պետք է միջազգային խաղերի նշանակում ստանա:

Սոֆիկն ընդգծում է՝ շարունակելու է իրենից կախված ամեն ինչ անել և՛ մասնագիտական աճի, և՛ աշակերտների դասերն առավել արդյունավետ դարձնելու համար:

Նյութը՝ Գայանե Աբասյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ