Այսօր

«Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գիրքը վերջին 60 տարիներին ստեղծված հայ պոեզիայի պատմությունն է

  23 Մարտ 2021  126 դիտում
«Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գիրքը վերջին 60 տարիներին ստեղծված հայ պոեզիայի պատմությունն է

Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել բանասիրական գիտությունների թեկնածու, «Գրականագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը վերջին 60 տարիներին ստեղծված հայ պոեզիայի պատմության, գեղարվեստական համակարգի ձևավորման համապարփակ վերլուծությունն է՝ գրականագիտական մենագրության տեսքով։ Այն տպագրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ:

Միջոցառմանը Հայաստանի ազգային գրադարանի հարկի տակ էին հավաքվել գրականագետներ, բանասերներ, բանաստեղծներ ու արձակագիրներ:

Իր տեսակի մեջ եզակի մենագրության կարևորության և առանձնահատկությունների մասին խոսել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, իսկ գրքի հրատարակման և խմբագրական աշխատանքներից խոսել է գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը։

Հանդիպմանը իրենց գրական կարծիքն են հայտնել նաև բանաստեղծներն ու գրականագետները, այդ թվում՝ բ.գ.թ. Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Մարտին Գիլավյանը և գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը։

Միջոցառմանը ընթերցել են նաև ներկա բանաստեղծների գործերից, ընթերցողներ՝ Սրբուհի Հախվերդյան, Իրինա Շախյան և Սյուզան Սահակյան։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ մենագրության հեղինակ Սուրեն Աբրահամյանը, որը շնորհակալություն է հայտնել ներկաներին գրքի արժևորման և գնահատանքի համար, և հույս է հայտնել, որ գիրքը իր տեղը կգտնի նաև ընթերցողների լայն շրջանում:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ