Այսօր

Հայաստանի պատմության թանգարանը համալրվել է Սանդրո Սարդարյանի շենգավիթյան գտածոներով

  25 Մարտ 2021  242 դիտում
Հայաստանի պատմության թանգարանը համալրվել է Սանդրո Սարդարյանի շենգավիթյան գտածոներով

Շենգավիթ հնավայրը, որը Կուր-արաքսյան մշակույթի ամենաեզակի հուշարձաններից մեկն է, հայտնաբերվել ու հայտնի է դարձել շնորհիվ երախտավոր հնագետների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել հուշարձանի պահպանման ու լուսաբանման գործում: Հնավայրը պեղած նշանավոր ու նվիրյալ հնագետներից է Սանդրո Սարդարյանը:

Օրերս Ս. Սարդարյանի դուստրը՝ Ֆենիքս Սարդարյանը, և Արտաշես Սարգսյանը Հայաստանի պատմության թանգարանին են նվիրել բազմավաստակ հնագետի՝ ժամանակին Շենգավիթ հնավայրից պեղած արժեքավոր հավաքածուն։

170 իրից բաղկացած այս եզակի գտածոնեի թվում են քարե և կավե արձանիկներ, բրոնզե զարդեր, ոսկրե և օբսիդյանե աշխատանքային գործիքներ, շքասեղներ և այլն: Դրանք նորովի են արժևորում շենգավիթյան յուրօրինակ ժառանգությունը։



Անգնահատելի է Սանդրո Սարդարյանի վաստակը Շենգավիթ հնավայրի ուսումնասիրման գործում: Այստեղ Ս. Սարդարյանը պեղումներ է իրականացրել 1958 թ.-ից մինչև 1983 թ.-ը, և պեղումների արդյունքները ամփոփել է «Նախնադարյան հասարակությունը Հայաստանում» գրքում: Մեծ է նաև նրա ներդրումը հնավայրի պահպանման գործում: Նրա հետևողական ջանքերի շնորհիվ է, որ պահպանվել է հնավայրի 6 հա-ից 3 հա հատվածը: Ս. Սարդարյանի պեղած հետաքրքիր գտածոների հիմնական հավաքածուն հնարավոր է տեսնել նաև՝ այցելելով Շենգավիթ թանգարան:

Հավելենք, որ Սանդրո Սարդարյանը 1944 թ.-ից հնագիտական պեղումներ է իրականացնել Խորհրդային Հայաստանի տարբեր վայրերում` Արագածի արևմտյան մասում գտնվող Արտին լեռան լանջին, Հրազդանի միջին հոսանքում և Արարատյան դաշտում:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ