Այսօր

Պիտի մտածես՝ ինչ տեսք կունենա այդ նկարը թանգարանում, ոչ թե ինչ-որ մեկի տանը. Գայ Ղազանչյան

  25 Մարտ 2021  914 դիտում
Պիտի մտածես՝ ինչ տեսք կունենա այդ նկարը թանգարանում, ոչ թե ինչ-որ մեկի տանը. Գայ Ղազանչյան

Կարո՞ղ ես այլ մասնագիտություն ընտրել, երբ ոչ միայն ծնողներդ են նկարիչ, այլև պապիկդ ու տատիկդ: Այս և այլ թեմաների մասին ենք զրուցել երիտասարդ արվեստագետի հետ, որի ստեղծագործություններն արդեն հասցրել են շրջել բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում և այլուր: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է ոչ միայն Հայաստանում, այլև Գերմանիայում և Միացյալ Նահանգներում:

2015 թվականին արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի:

Erit.am-ի զրուցակիցը նկարիչ, քանդակագործ Գայ Ղազանչյանն է՝ նկարիչներ Գագիկ Ղազանչյանի և Լիլիթ Սողոմոնյանի որդին, Վան Սողոմոնյանի և Նոնա Գաբրիելյանի թոռը:

«Չգիտեի, որ ուրիշ մասնագիտություններ էլ կան»

Ծնողներիս նկարիչ լինելու փաստն ամենամեծ դերը խաղաց մասնագիտության ընտրության հարցում: Մինչև դպրոց գնալս նույնիսկ չգիտեի, որ ուրիշ մասնագիտություններ էլ կան (ծիծաղում է – հեղ.):

Բոլոր երեխաներն էլ ինչ-որ ժամանակ նկարում են, հետո ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Ես մնացի: Ծնողներս ինձ ամեն տեղ փորձել են ուղարկել՝ երաժշտական խմբակներից սկսած մինչև մաթեմատիկայի դասերի, բայց ի սկզբանե զգում էի, որ դրանք իմը չեն:

«Ցերեկը նկարում եմ, գիշերը՝ քանդակում»

Եկավ մի պահ՝ զգացի, որ կարող եմ նաև քանդակել: Ես սովոր էի նկարել միայն ցերեկային բնական լույսի տակ. լամպի լույսն ինձ խանգարում էր գույնը ճիշտ ընկալել: Օրը շուտ էր մթնում, իսկ էներգիան մնում էր չսպառված: Այդպես որոշեցի այն սպառել քանդակագործության մեջ: Եվ արդեն 5-6 տարի է՝ ցերեկը նկարում եմ, գիշերը՝ քանդակում:

Ինձ համար կարևորը ասելիքն առանց խոսքի, ալտերնատիվ կերպով մատուցելն է դիտողին: Կարևոր չէ՝ դա ինչ նյութով կանեմ, կամ քանդակո՞վ, թե՞ կտավով կանեմ: Դրա համար դժվարանում եմ ասել՝ ինձ ավելի շատ գեղանկարի՞չ եմ զգում, թե՞ քանդակագործ: Երևի, ուղղակի ստեղծագործ մարդ, որը փորձում է տվյալ ժամանակով ապրել: Այսինքն՝ այն, ինչ կատարվում է աշխարհում, անմիջականորեն անդրադառնում է իմ ստեղծագործության վրա: Ոգեշնչման աղբյուրն ինձ համար տեսանելի աշխարհն է: Այնտեղ կատարվածը կամ կատարվողը միջովս անցկացնում եմ ու փորձում դրանից ստեղծել իմ աշխարհը: