Այսօր

Գրիգոր Մխիթարյանը՝ Ա. Խառլամպիևի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

  30 Մարտ 2021  101 դիտում
Գրիգոր Մխիթարյանը՝ Ա. Խառլամպիևի հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

Սամբիստ Գրիգոր Մխիթարյանն արծաթե մեդալ է նվաճել Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարում, որը սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: 58 կգ քաշային կարգում 8 սամբիստների պայքարում Մխիթարյանը հաջող է անցկացրել նախնական գոտեմարտերը, սակայն եզրափակչում պարտվել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Ամանբեկովին:

Մոսկվայում կայացած մրցաշարին բացի Գրիգոր Մխիթարյանից` Հայաստանը ներկայացրել են նաև Տիգրան Կիրակոսյանը (58 կգ) և Վիգեն Մարտիրոսյանը (71 կգ), որոնց սակայն չի հաջողվել դառնալ մեդալակիր:

Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը Erit.am-ի հետ զրույցում ասել է, որ չնայած մեկ մեդալին՝ տղաների մրցելույթներից գոհ է. «Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային մրցաշարերը պարբերաբար չեղարկվում են և այս տեսանկյունից մրցումային պակասի խնդիր կա՝ ելույթներից գոհ եմ: Ամեն դեպքում, այս մրցաշարն աշխարհի գավաթի խաղարկության փուլ է համարվում, և արծաթե մեդալը վատ արդյունք չէ: 58 կգ քաշային կարգում երկու ներկայացուցիչ ունեինք՝ Տիգրանն ու Գրիգորը, և վիճակահանությամբ այնպես էր ստացվել, որ եզրափակչին կարող էր մասնակցել նրանցից մեկը: Այս անգամ Տիգրանն իրեն մի փոքր վատ էր զգում և պայքարից դուրս մնաց: Վիգենի պարագայում էլ մի փոքր նկատվեց միջազգային մրցաշարերում մեծ փորձ չունենալը»:

Վովիկ Խոջոյանը տեղեկացրել է նաև, որ ապրիլի 16-ին մեկնարկելու է Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու են բոլոր ուժեղագույն սամբիստները: Դրանից հետո նախատեսվում է անցկացնել ուսումնամարզական հավաքներ և պատրաստվել մայիսի 13-18-ը Լիմասոլում (Կիպրոս) կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ