Այսօր

Հազարամյա պատմություն ունեցող զարդեր՝ Հայաստանի պատմության թանգարանից

  01 Ապրիլ 2021  96 դիտում
Հազարամյա պատմություն ունեցող զարդեր՝ Հայաստանի պատմության թանգարանից

Հայաստանի պատմության թանգարանը կանանց միամսյակի առթիվ և Ապրիլի 7-ին ընդառաջ՝ նախաձեռնել է յուրօրինակ միջոցառում:

Ապրիլի 2-3-ը՝ ժամը 11։00-18։00-ը, թանգարանի մուտքի մոտ տեղի կունենա տոնավաճառ: Ներկայացվելու են թանգարանի հազարամյա պատմություն ունեցող զարդերի, պնակների, արձանիկների, խեցեղեն իրերի և այլ ցուցանմուշների կրկնօրինակներից պատրաստված հուշանվերներ: Մասնավորապես զարդերի ցանկը ներառում է՝ Ք.ա. VII–VI դարերից մեզ հասած բրոնզե ձուլածո օձագլուխ ապարանջան, որը ունեցել է ծիսահմայական նշանակություն և Վանի թագավորությունում դրանք  կրում էին իբրև արդուզարդի կարևոր բաղադրիչ, Ք.ա. XII–XI դարերի արև խորհրդանշող սկավառակաձև բրոնզե կախազարդի օրինակ՝ կենտրոնում խաչի պատկերով, Տիգրան Մեծ արքայի (Ք.ա. 95-55 թթ.) տետրադրախմայի դիմերեսի օրինակով պատրաստված կախազարդ, Ք.ա. VIII – VII դարերից (Կարմիր բլուր) մեզ հասած ոսկե մահիկաձև ականջօղերի օրինակ) և այլն: