Այսօր

Հայաստանի ամենաերիտասարդական և արհեստավարժ կառույցներից մեկը. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»

  01 Ապրիլ 2021  660 դիտում
Հայաստանի ամենաերիտասարդական և արհեստավարժ կառույցներից մեկը. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հիմնվել է շուրջ 12 տարի առաջ՝ Գյումրիում, սակայն գործունեություն է ծավալում ՀՀ ողջ տարածքում: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝ երիտասարդների սոցիալականացում և առողջ ապրելակերպ, աշխատաշուկայում նրանց մրցունակության, նախաձեռնողականության և առաջնորդության խթանում, կարողությունների ու կամավորության մշակույթի զարգացում, ինչպես նաև միջազգային համագործակցություն և միջմշակութային երկխոսություն:

Կենտրոնի իրականացրած աշխատանքների և հիմնական ծրագրերի շուրջ Erit.am-ը զրուցել է կազմակերպության հիմնադիր անդամներից Արթուր Նաջարյանի հետ, որը նաև հանդիսանում է կազմակերպության նախագահը։




«Գյումրու երիտասարդների տուն»

Անդրադառնալով կազմակերպության արձանագրած շոշափելի արդյունքներին՝  Արթուրը Նաջարյանը մեզ հետ զրույցում առանձնակի ոգևորությամբ ներկայացնում է «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների ծրագիրը․ 

«2018 թ.-ին մեր կազմակերպությունը Գյումրիում հիմնեց առաջին բաց երիտասարդական կենտրոնը, որը կոչվում է «Գյումրու երիտասարդների տուն»: Այն 13-18 տարեկան դեռահասների ու պատանիների ոչ ֆորմալ կրթության հարթակ է, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը»,-ասում է Արթուր Նաջարյանը՝ մանրամասնելով, որ շաբաթական հինգ օր երիտասարդները հնարավորություն ունեն «Երիտասարդների տանը» մասնակցել զանազան միջոցառումների, որոնք բազմաֆորմատ են:

Դրանց մի մասն ուղղված է մասնագիտական կողմնորոշմանը, իսկ մյուս մասը՝ ոչ ֆորմալ կրթությանը, ժամանցին և զբաղվածությանը․

«Ի ուրախություն մեզ՝ Յունիսեֆ-ի և Սպիտակի համայնքապետարանի հետ միասին վերջերս նման կենտրոն բացեցինք նաև Սպիտակ քաղաքում, որը բացառիկ է և օրինակելի մոդել, քանի որ Լոռու տարածաշրջանում նմանատիպ ծառայություն տրամադրող կազմակերպություն չկա: «Գյումրու երիտասարդների տունը» տարեկան սպասարկում է 600 շահառուի, իսկ Սպիտակինը՝ շուրջ 300-ի: Ներկայում ԿԳՄՍ նախարարության հետ քննարկում ենք հաջորդիվ նմանատիպ հարթակներ բացել այլ մարզերում՝ որպես երիտասարդների զարգացման համար ապահով տարածք»,- գոհունակությամբ նշում է մեր զրուցակիցը:


«Երիտասարդների քաղաք»

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ծրագրերից է նաև «Երիտասարդների քաղաք» խորագիրը կրող երկարաժամկետ ծրագիրը: «Երիտասարդների քաղաք.  զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» ծրագրի շրջանակում 13-35 տարեկան պատանիները և երիտասարդները հնարավորություն ունեն շուրջ մեկ տարի քոուչինիգների մասնակցել և զբոսաշրջային բիզնեսի մասին գաղափար կազմել, ինչպես նաև երիտասարդական փոխանակման և ուսումնական այցերի մեկնել Վրաստան և Խորվաթիա։ Ծրագիրը միջազգային գործընկերային է, որը ԵՆԿ-ն միաժամանակ իրականացնում է Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում և Խորվաթիայում․

«Այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդները հնարավորություն են ստացել զբոսավարության և հյուրատնային բիզնեսի մասին գիտելիքներ ձեռք բերել։ Արդյունքում՝ 5 երկրի ներկայացուցիչներ բիզնես գաղափարներ են մշակելու, որոնցից ընտրված 10 լավագույները իրականացման հնարավորություն կստանան»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում Արթուր Նաջարյանը՝  հավելելով, որ այն մեկնարկել է 2019 թվականի դեկտեմբերից՝ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, և շարունակվելու է մինչև 2022 թվականի հունվար ամիսը: