Այսօր

Այնտեղ, որտեղ հասել եմ, վերջին կայարանը չէ․ Կարեն Խաչատուրով

  01 Ապրիլ 2021  119 դիտում
Այնտեղ, որտեղ հասել եմ, վերջին կայարանը չէ․ Կարեն Խաչատուրով

Երիտասարդ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովը արվեստասերներին հայտնի է իր պաստելային գույներով ու յուրօրինակ ձեռագրով։ «Պաստելային պայքար» անունով շարքն առաջին նախագիծն էր, որի շրջանակներում լուսանկարեց ընտանիքի անդամի՝ պապիկին, ում մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։

Օրերս Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ապրողները․ խաչվող հայացքներ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նաև Կարենի «Նվիրվում է տատիկին» շարքը։ Այստեղ արդեն մյուս պապիկի՝ առանց սիրելի կնոջ ապրելու և լինելու փորձառությունն է, նրա բացակայությունը լցնելու փորձերը։

Erit.am-ը Գեղագիտության ագզային կենտրոնում էր։ Զրուցել ենք լուսանկարչի հետ և պարզել՝ ինչպե՞ս է ընտրում՝ ինչ և ինչպես նկարել, որո՞նք են ընտանիքի անդամներին լուսանկարելու առանձնահատկությունները, ինչո՞ւ է դժվարությամբ ընդունում կոմերցիոն լուսանկարներ անելու առաջարկները և արդյոք կարողանո՞ւմ է վաստակել սիրելի մասնագիտությամբ։



Ճանապարհ դեպի լուսանկարչություն

Սովորել եմ բժշկական քոլեջում, ավարտել ու գնացել բանակ։ Երբ եկա, սկսեցի  զբաղվել ծրագրավորմամբ, կարճ ժամանակ անց թողեցի․ ինձ չգտա այդ ոլորտում։

Անցումը վիզուալին վեբ դիզայնից հետո եղավ։ Այդ ժամանակ լուսանկարչությամբ էր զբաղվում նաև ընկերներիցս մեկը։ Նրանից ևս ոգեշնչվեցի։ Ճանապարհը, որն անցա, ինձ բերեց դեպի լուսանկարչություն։ Սկզբում նկարում էի դոկումենտալ բաներ, հետո անցա կոնցեպտուալ արվեստին, թեև հիմա էլ ունեմ գործեր, որոնցում կան դոկումենտալ էլեմենտներ։

Լուսանկարչության մեջ սովորել պետք է նախ տեխնիկական մասը, հետո արդեն՝ շատ աշխատել, շատ կարդալ, շատ գործեր նայել, այսինքն՝ աճել՝ որպես անձ, որպես արվեստագետ։ Ինքնուս լինելն ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել։

Քիչ փորձից ելնելով՝ նախկինում ինձ համար շատ կարևոր էր  հատկապես վիզուալը, բայց ինչքան շատ ուսումնասիրեցի կոնցեպտուալ արվեստը, այնքան հասկացա՝ կարևորը արածդ գործն ասելիք ունենա։

«Չեմ կարող ասել, որ ինձ գտել եմ»

Գրեթե ամեն ինչ փորձել եմ նկարել։ Երբ շատ ես նկարում, տեսնում ես՝ ինչն է քեզ ավելի շատ դուր գալիս։

Չեմ կարող ասել, որ ինձ գտել եմ։ Չեմ կարծում, որ արվեստի մեջ հնարավոր է քեզ գտնել․ արվեստը մեծ տարածություն է, որտեղ կարող ես էքսպերիմենտներ անել, քեզ համար նոր բաներ բացահայտել։ Մարդը չի կարող իրեն մինչև վերջ գտնել։ Եթե մտածի, որ գտել է, ինքն իրեն կսահմանափակի։

Ինձ թվում է՝ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ։ Այնտեղ, որտեղ հասել եմ, վերջին կայարանը չէ։ Թեև ոչ մի երաշխիք չկա, որ վաղն էլ կլուսանկարեմ։ Հնարավոր է՝ վաղը փերֆորմանսով կամ երաժշտությամբ այս ամենը ցույց տամ։ Խոսում եմ այն լեզվով, որին այդ պահին ավելի լավ եմ տիրապետում։