Այսօր

Ցանկացած իրավիճակում պետք է գտնել լուսավոր կետ, հույս, ճանապարհ. Կարինե Քոչար

  01 Ապրիլ 2021  239 դիտում
Ցանկացած իրավիճակում պետք է գտնել լուսավոր կետ, հույս, ճանապարհ. Կարինե Քոչար

XX-րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր արվեստագետներից մեկի՝ Երվանդ Քոչարի անունը կրող թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ներկայացրել է թանգարանի ծրագրերն ու առաջիկա անելիքները: Գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի /1899-1979 թթ./ ստեղծագործական ժառանգությունը XX-րդ դարի Մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: Քոչարը տարածական նկարչության հիմնադիրն է. պլաստիկ-գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը։


Երվանդ  Քոչարի թանգարանը՝ համավարակի պայմաններում

2020 թվականին համավարակը մշակութային կյանքը տեղափոխեց ինտերնետային տիրույթ և այն շրջանում, երբ թանգարանները փակ էին այցելունների համար,  Երվանդ Քոչարի թանգարանն աշխատում էր առավել ակտիվ, քան երբևէ: Մենք ուղղորդվում էին այն գաղափարով, որ ցանկացած իրավիճակում պետք է գտնել լուսավոր կետ, ճանապարհ, հույս, որը կմոտիվացնի ստեղծել նոր նախագծեր:

Թանգարանի հետևորդների կրթամշակութային ժամանցն ապահովելու նպատակով մենք նախաձեռնել և իրականացրել ենք մի շարք առցանց միջոցառումներ՝ Մաէստրո Քոչարի արվեստի և թանգարանի  գործունեության մասին ճանաչողական և հետաքրքիր հրապարակումներ, թանգարանի կողմից ստեղծված անոտացիոն ֆիլմերի ցուցադրությունների ուղիղ հեռարձակումներ, իրականացվել են ինտերակտիվ առցանց ծրագրեր, Zoom հարթակում անցկացվել են կրթամշակութային դասեր, որոնց ակտիվ մասնակցել են երիտասարդներն ու  երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից: 


Թանգարանի այս տարվա  ծրագրերն ու միջոցառումները

2021 թվականը սկսվեց լրջագույն մարտահրավերներով, որոնք անդրադառնում են նաև մշակութային կյանքի ձևավորման վրա: Երվանդ Քոչարի թանգարանն առաջնորդվում է Մաէստրոյի այն խոսքերով, որ  «քաղաքական և տնտեսական հոգսերը չպետք է խանգարեն մեզ` լսելու Գեղարվեստի ձայնը, մոռացնել տան մեր վերամբարձ հոգեկան արժեքները, և չպետք է նսեմացնեն իսկական մարդու բարձր ու վեհ կոչումը: Եվ որ պատերազմը, ռումբերն ու թնդանոթները անցողիկ են, իսկ Գեղարվեստը մշտնջենական է»:

Տարեսկզբին լրացավ Մաէստրոյի հավերժի ճամփորդ դառնալու 42-րդ տարելիցը: Սովորաբար այդ օրվան մենք անդրադառնում ենք յուրահատուկ միջոցառումներով, որոնք նվիրված են նրա արվեստի հանրահռչակմանն ու հիշատակին: Այս տարվա միջոցառման խորագիրն էր «Քոչարյան պրոյեկցիաներ», որի ընթացում Քոչարի ստեղծագործությունները ներկայացվեցին նորատիպ  լուսային պրոյեկցիաներով և երաժշտական ձևավորումներով: Ցուցադրվեց նաև  քոչարյան ուղերձներով ստեղծված մի տեսաֆիլմ, որը ներկայացնում էր Քոչարի գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է «ՓՇՐԱՆՔՆԵՐ»: Ֆիլմում արվեստագետի ուղերձները ներկայացվում են մեր քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող կերպարների, Քոչարի արվեստի երկրպագուների, մեր երկրում հավատարմագրված դեսպանների կատարմամբ: