Այսօր

«Noomee»․ հայկական հավելված, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել առօրյա հմտությունները

  05 Ապրիլ 2021  126 դիտում
«Noomee»․ հայկական հավելված, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել առօրյա հմտությունները

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ամբողջ աշխարհում գոյություն ունեցող օնլայն գործիքներից ընդամենը 4 տոկոսն ունի գիտական հաստատում․ հայկական «noomee»-ն դրանց թվում է։ «noomee»-ն հավելված է, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել առօրյա, վարքային հմտությունները, ինչպես նաև երեխաների ծնողներին հնարավորություն է տալիս թերապիստի աշխատանքը շարունակել տանը։

«noomee»-ի համահիմնադիր, էրգոթերապիստ Գայանե Հովհաննիսյանն անկեղծորեն նշում է՝ երեխայի հետ մի քանի ժամվա թերապիան բավարար չէ նրա զարգացման համար, աշխատանքը պետք է անընդհատ շարունակել։ Սա նպատակներից մեկն է, որը ստիպեց Գայանեին նոր լուծումներ գտնել  և արդեն «noomee»-ի թիմի հետ սկսեցին աշխատանքները։

–Գայանե, ի՞նչ է էրգոթերապիան ու ինչո՞վ է զբաղվում էրգոթերապիստը։

–Էրգոթերապիան մասնագիտություն է, որն օգնում է ֆիզիկական, մտավոր, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, ովքեր ի ծնե կամ ձեռքբերովի կորցրել են իրենց ինքնուրույնությունը։ Թերապիայի հիմքում էրգոնոմիկան է կամ անգլերենով՝ «occupational therapy», «occupation»՝ որպես զբաղվածություն, զբաղվածության թերապիա։ Մենք օգնում ենք, որ տարատեսակ զբաղվածության միջոցով մարդը հասնի մաքսիմալ ինքնուրույնության։ Եթե խնդիրը ֆիզիկական է, ֆիզիկականի վրա ենք աշխատում, եթե մտավոր է՝ մտավորի։ Մասնագիտությունը մեծ զարգացում ապրես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ պատերազմում շատերը կորցրել էին վերջույթներն ու վերկանգնողական աշխատանքի կարիք կար։ Հիմա էլ Հայաստանում, հետպատերազմյան շրջանում, էրգոթերապիստների կարիքը շատ կա և կամավորական թիմով նոյեմբերից աշխատում էինք զինծառայողների հետ։

Մեզ մոտ մինչև վերջերս էրգոթերապիան կիրառվում էր հիմնականում մանկաբուժության ոլորտում, բայց աշխարհում գրեթե ոլորտ չկա, որում չաշխատեն էրգոթերապիստները։



–Գալով «noomee»-ին`ինչպե՞ս որոշեցեիք ստեղծել նման հավելված։

–Իմ հիմնական աշխատանքային փորձը եղել է հատուկ կարիքներ ունեցող, մասնավորապես՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ։ Աուտիզմով երեխաներից ոչ մեկը մյուսին նման չէ, ամեն երեխայի դեպքում աուտիզմը տարբեր դրսևորումներ է ունենում ու երեխայի հետ աշխատելուց առաջ դու պետք է անընդհատ նախ քեզ վրա աշխատես, զարգանաս։

Աուտիզմի դեպքում երեխաներն ունենում են ուշադրության կենտրոնացման խնդիր և թերապիստներն աշխատում են հիմնականում նկարների միջոցով։

Հստակ է, որ անկախ տարբերություններից, յուրքանչյուր մարդ լավ է ընկալում վիզուալ ինֆորմացիան։

4․5 տարի առաջ նոր երեխայի հետ էի աշխատում ու երկուշաբթի օրվա կես ժամվա թերապիային նախապատրաստվելու համար գրեթե ամբողջությամբ ծախսեցի հանգստյան օրերս․ նոր նյութեր էի հավաքում, փորձում էի հարմարեցնել նախկինում օգտագործածներս։ Արդյունքում ինքս ինձ վրա զայրացա (ծիծաղում է–հեղ), քանի որ բավականին շատ ժամանակ փաստացի ոչ այնքան արդյունավետ ծախսեցի։ Կարող էի այն տրամադրել երեխաների հետ բուն աշխատանքին, այդպիսով ավելի շատ օգուտ բերելով թե՛ նրանց, թե՛ ինձ, թե՛ հասարակությանը։ Սկսեցի օնլայն գործիքներ փնտրել․ դա էլ արդյունք չտվեց։ Նույնիսկ գնեցի մի քանի վճարովի հավելված, բայց քանի որ դրանք հիմնականում ամերիկյան շուկան էր տրամադրում, չէր ստացվում նյութերը հարմարեցնել մեր երեխաների կարիքներին։

Օրինակ՝ աուտիզմ ունեցող մի երեխան բաժակ ասելիս ի սկզբանե կարող է պատկերացնել կլոր ձևը, մյուսը՝ սպիտակ գույնը, երրորդը որպես բաժակ ընկալում է միայն սև գույն ունեցողը, քանի որ իր տանը բաժակներն այդպիսին են։ Թերապիայի հաջորդ փուլերում ենք միայն երեխային սովորեցնում, որ բաժակները տարբեր են լինում։ Միտքը, որ պետք է ստեղծել սեփական գործիքը, հանգիստ չէր տալիս։ Այդ ընթացքում Հայաստանում չէի, վերադարձա, հանդիպեցի ծրագրավորող ընկերենրիս ու սկսեցինք աշխատանքները։