Այսօր

Ֆիզկուլտուրայի դասին՝ դահուկասպորտ. քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

  06 Ապրիլ 2021  154 դիտում
Ֆիզկուլտուրայի դասին՝ դահուկասպորտ. քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանրապետության որոշ դպրոցներում իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը` ձմռանը ֆիզկուլտուրայի դասերը փոխարինելով դահուկային պատրաստության դասերով: Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ծրագրի վերաբերյալ առաջին քննարկումը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ֆեդերացիայի նախաձեռնությունը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Erit.am-ի հետ զրույցում պատմել է իրենց նախաձեռնության մասին: 

 -Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս է առաջացել դպրոցներում դահուկային պատրաստության դասեր իրականացնելու գաղափարը: 

-Տարիներ շարունակ մտածել ենք այս ծրագրի մասին: Ինքս ծնունդով Վարդենիկ համայնքից եմ, որտեղ խորհրդային տարիներին ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում էինք բացօթյա պայմաններում, ծանոթանում էինք դահուկային սպորտի առանձնահատկություններին և սովորում: Նմանատիպ դասեր էին անցկացվում Հայաստանի տարբեր շրջաններում: Կային նաև դահուկային խմբեր, մարզաձևը բավականին մասսայական էր: Հիշում եմ, որ բոլորս մեծ սիրով էինք մասնակցում, աշակերտների շրջանում ոգևորություն կար: Հաշվի առնելով, որ հաջողված փորձ ունեցել ենք՝ որոշեցինք նման ծրագրով հանդես գալ: Դահուկային սպորտի պատրաստության դասերին մասնակցելով՝ աշակերտները կհամատեղեն ֆիզկուլտուրան, հաճելին և օգտակարը: Դասերը կնպաստեն նաև երեխաների առողջության ամրապնդմանը:

 -Դպրոցների նախնական ցանկ կա՞: 

-Դպրոցների հնարավոր շրջանակը կազմելիս, բնականաբար, հաշվի ենք առել աշխարհագրական դիրքը և մոտակայքում մարզադպրոցների, դահուկային սպորտի ակումբների առկայությունը, որպեսզի գույքի և մասնագետների հետ կապված խնդիրների դեպքում տվյալ կառույցների աշխատակիցներն օգնեն: «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում, Ապարանում, Վանաձորում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Հրազդանում, Քաղսիում և Վարդենիկում՝ ընդգրկելով նշված համայնքների մեկական դպրոց: Դիտարկում ենք նաև Երևանից երկու դպրոց ընդգրկելու տարբերակը. եթե Բուսաբանական այգում ձյան ծածկույթ լինի, այնտեղ կկազմակերպենք, եթե ոչ՝ կփորձենք ապահովել աշակերտների տեղափոխությունը:

 -Դպրոցների հետ նախնական պայմանավորվածություն կա՞, ինչպե՞ս են արձագանքել:

-Առաջիկայում ունենալու ենք տարածաշրջանային այցեր: Հանդիպելու ենք դպրոցների տնօրենների հետ, տեղում կքննարկենք ծրագիրը: Նրանց առաջարկները, դիտարկումները հասկանալուց հետո դպրոցների ցանկը կներկայացնենք  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Արձագանքը բավականին մեծ է և ոգևորող: Բազմաթիվ զանգեր ենք ստանում, շատերն են ցանկություն են հայտնում, որ իրենց դպրոցն ընդգրկվի ծրագրում: 

 -Ո՞ր դասարաններում ենք նախատեսում իրականացնել ծրագիրը:

-Նախատեսում ենք ծրագիրն իրականացնել յուրաքանչյուր դպրոցի մեկ չորրորդ դասարանի համար, այդպիսով՝ մոտ 150 աշակերտ կմասնակցի փորձնական ծրագրի առաջին փուլին: Աշակերտները դահուկասպորտին կծանոթանան շաբաթական մեկ դասաժամի շրջանակում, նախ ձեռք կբերեն տեսական գիտելիքներ, ապա արդեն նախատեսված վայրերում մեկ դասաժամ դահուկասպորտ կսովորեն:

 -Գույքի և մասնագետների խնդիր չի՞ լինի: 

 -Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ընտրված դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար կազմակերպելու է դասընթացներ՝ տեսական և գործնական: Հանրապետության լավագույն մասնագետներն ուսուցիչների համար կպատրաստեն ուղեցույցներ, որոնցով էլ նրանք կաշխատեն: Կպատրաստենք նաև տեսադասեր, որոնք առաջին փուլից հետո կհրապարկվեն առանձին յութուբյան ալիքում և հասանելի կլինեն բոլորի համար: Այդ տեսադասերի օգնությամբ բոլորն իրենց դպրոցներում կկարողանան կազմակերպել դահուկային պատրաստության դասեր: Ինչ վերաբերվում է գույքային հնարավոր խնդրին՝ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հնարավորինս օժանդակելու պատրաստակամություն է հայտնել: Չհաշված ֆեդերացիայի միջոցները՝ դիմել  և դիմելու ենք նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Համոզված եմ՝ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բոլոր խնդիրները կկարողանանք լուծել: 

-Հնարավո՞ր է՝ դասերից բացի ծրագրում ընդգրկված դպրոցների շրջանում որևէ աշակերտական մրցաշար անցկացվի:

-Դասերը կազմակերպելու ենք հիմնականում խաղային եղանակով: Առաջին փորձնական փուլից հետո չեմ կարծում, թե որևէ մրցաշար կազմակերպենք, բայց ծրագրի հաջողության դեպքում աստիճանաբար ընդլայնելով դրա աշխարհագրությունը՝ կփորձենք կազմակերպել դպրոցականների Հայաստանի առաջնություն: 

Նյութը՝ Գայանե Աբասյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ