Այսօր

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

  06 Ապրիլ 2021  62 դիտում
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Ապրիլի 21-25-ը Բազելում (Շվեյցարիա) կայանալու է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու է 38 երկրի 280 ներկայացուցիչ: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա 5 ներկայացուցիչ. սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Բազել են մեկնելու Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Erit.am-ի հետ զրույցում ասել է, որ տղաների մարզավիճակը բավարար է գնահատում, և վերջերս Թբիլիսիում կայացած ուսումնամարզական հավաքը ծառայել է նպատակին. «Հավաքն ընթացավ ըստ նախատեսվածի և ծառայեց իր նպատակին: Տղաները երկար ժամանակ հավաքների չէին մասնակցել և մարզավիճակ վերականգնելու անհրաժեշտություն կար: Թբիլիսիում պայմանները բավականին լավ են. մարզադահլիճները միջազգային մրցումներին համապատասխան են, ինչն էլ, բնականաբար, նպաստում է լավ պատրաստվելուն: Չեմ կարող ասել, թե բոլորն իրենց մարզավիճակը 100%-ով վերականգնել են, քանի որ ամիսների բացն արագ լրացնել հնարավոր չէ, բայց դժգոհ էլ չեմ»:

Հակոբ Սերոբյանի խոսքով՝ եթե մեր ներկայացուցիչները լիարժեք ցույց տան իրենց հնարավորությունները՝ մեդալները երաշխավորված են. «Չգիտենք, թե մյուս երկրների մարմնամարզիկներն ինչ մարզավիճակում են, համենայն դեպս, կորոնավիրուսի համավարկն իր բացասական ազդեցությունն է ունեցել բոլորի վրա: Մեր տղաները պատրաստ են մեդալային պայքարին: Եթե բոլորն իրեն վարժությունները հստակ կատարեն, եզրափակիչ դուրս գալու և մեդալների համար պայքարելու հնարավորություն կունենան: Ամեն դեպքում, Եվրոպայի առաջնությունը շատ անկանխատեսելի մրցաշար է»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է՝ եթե Եվրոպայի առաջնությունից հետո կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջազգային այլ մրցաշարեր այդպես էլ չկայանան՝ նախքան Օլիմպիական խաղերը հավաքականն ուսումնամարզական հավաքներ կանցկացնի, այդ թվում՝ արտասահմանյան: 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ