Այսօր

Եթե մեկն ավելի կատարյալ լիներ քան մյուսը, վաղուց մեկը մյուսին կուլ տված կլիներ. Ավետիս Ափոշյանը՝ արևելահայերենի և արևմտահայերենի փոխառնչությունների մասին

  07 Ապրիլ 2021  232 դիտում
Եթե մեկն ավելի կատարյալ լիներ քան մյուսը, վաղուց մեկը մյուսին կուլ տված կլիներ. Ավետիս Ափոշյանը՝ արևելահայերենի և արևմտահայերենի փոխառնչությունների մասին

Հայերենը 18-րդ դարից ներկայանում է 2 տարբերակով՝ արևելահայերեն և արևմտահայերեն: Դրանք ունեցել են գոյության, գործառության ու զարգացման տարբեր պայմաններ ու հնարավորություններ: Ի տարբերություն արևելահայերենի, որը իր ամբողջական գոյությունն ու զարգացումը շարունակել է բնօրրանում, արևմտահայերենը ցեղասպանության պատճառով զրկվել է հայրենիքից, բեկոր-բեկոր սփռվել աշխարհով մեկ, զրկվել միասնական ու բնականոն զարգացման հնարավորությունից:  Այսօր արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «վտանգված լեզուների» ցանկում է: Այս թեմայի շրջանակում հայագետ Ավետիս Ափոշյանը Հովհաննես Թումանյանի թանգարանում հանդես է եկել դասախոսությամբ՝ արևմտահայերենի պահպանման հիմնախնդիրների, ներկայիս վիճակի վերաբերյալ:

Erit.am-ի հետ զրուցակից Ավետիս Ափոշյանը Սիրիայից Հայաստան է վերադարձել 2013 թ., կրթությունը շարունակել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում․

«Դեռևս ուսումնառության տարիներին որոշեցի՝ ուզում եմ մնալ Հայաստանում, չեմ վերադառնա սփյուռք»,- ասում է Ավետիսը:

Սովորել է Հալեպի ՀԲԸՄ-ի հայկական վարժարանում, որտեղ դասագրքերից ծանոթ է եղել արևելահայ գրողներին, արևելահայերենին: Պատմում է, որ Հայաստանից հաճախ էին թատերական խմբեր ժամանում՝ տարբեր ներկայացումներով, հեռուստացույցով ևս արևելահայերենը հասանելի էր, և լեզվական միջավայրը մինչև Հայաստան գալը, նրան արդեն ծանոթ էր: Վարժարանն ավարտելուց հետո Ավետիսը սովորել է Հալեպի պետական համալսարանի բանասիրական և հասարակագիտական ֆակուլտետում:

Ինչպես Ավետիսն է ասում, Հայաստանը՝ որպես երկիր, նորություն էր իրենց համար: Սկզբնական շրջանում կենցաղային հարցերը կարգավորելուց հետո համախոհներով որոշել են ձեռնամուխ լինել արևմտահայերենի պահպանման հիմնախնդիրներին: 2016 թ.-ին «Հալեպ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է կոնֆերանս՝ միտված Հայաստանում արևմտահայերենի վիճակի վերլուծությանը, խնդիրների վերհանմանը, պահպանելու միջոցներին: Որպես ձեռքբերում՝ կոնֆերանսից հետո Հանրային ռադիոյում արևմտահայերենով ժամ է տրամադրվել:

Ավետիս Ափոշյանը՝ որպես հայագետ և որպես արևմտահայերենի կրող, իր համար առանձնացրել է լեզվի պահպանման հիմնախնդիրները և արդեն ունի որոշակի տեսլական՝ լեզվի հետագա վիճակի վերաբերյալ․

«Ենթադրելի է, որ աշխարհում հայկական տարբեր համայնքների վիճակից ելնելով՝ տարեցտարի լեզվակիրների թիվը պակասում է:  Արևմտահայերենն ավելի ակտիվ էր Մերձավոր Արևելքի համայնքներում, բայց աշխարհաքաղաքական նոր իրողությունների պատճառով ակտիվությունը նվազում է. նոր սերունդների համար օտար լեզվի պես է, գուցե ոմանք մտածեն՝ իրենց ինչին է պետք արևմտահայերենը»,- իրավիճակի մասին ներկայացնում է մեր հերոսը:

Որքան էլ լեզուն «նահանջում է», բայց մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ մեզանում ամենավատ շրջանը եղել են ցեղասպանության տարիները, և եթե այդ պայմաններում մեզ հաջողվել է ապրել և ապրեցնել, ուրեմն «նահանջը» մեր օրերում միանշանակ չէ․

«Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունեցել է այն ազդակը, որ հիմա անկման շրջան է, և նախկինում ավելի լավ էր: Այս նույնը հասարակության մեջ դրսևորվում է ոչ միայն ազգապահպանության, այլև օրինակ նաև բարոյականության մեջ. սա հասարակություններին բնորոշ մեխանիզմ է, ուստի լեզվի վերացման վտանգն էլ թեև արդիական, բայց ոչ միանշանակ է»,- բացատրում է Ավետիսը:

Ըստ մեր հերոսի՝ արևմտահայերենը միայն պահպանելը քիչ է, այն պետք է նաև զարգացնել․

«Այն այսօր կենսունակ, գործուն լեզու է, և դա շատ լավ է,- ասում է նա և թվարկում առկա հիմնախնդիրները,– Արևմտահայերենի հայաստանակենտրոն պահպանում և զարգացում սփյուռքի համայքների հետ: Պահպանման գործընթացը պետք է ակադեմիական հիմք ունենա՝ թե՛ ուսումնասիրության, թե՛ զարգացման կենտրոններում: Շատ կարևոր է, որ արևմտահայերենը ներմուծվի նաև դասագրքերում, կամ լինեն առանձին դպրոցական ձեռնարկներ: Հայերենի 2 տարբերակների միջև պետք է լուծվեն եզրույթների հարցերը, որոշվեն՝ նոր բառերը ինչպես գրվեն: Լեզվի տարբերակների որոշակի հավասարակշռումները, բառերի նկատմամբ նույն մոտեցումը բերում են դրանց մերձեցմանը, ինչը շատ դրական է: Հայաստանում սփյուռքի հետ աշխատելով՝ նմանատիպ կարգավորումներն ու կանոնների միասնականությունը շատ կարևոր են»: