Այսօր

Առաջին պատվերս անծանոթից է եղել՝ հայուհու դիմանկարով շապիկ էին պատվիրել. Մարգարիտա Եղիազարյան

  07 Ապրիլ 2021  299 դիտում
Առաջին պատվերս անծանոթից է եղել՝ հայուհու դիմանկարով շապիկ էին պատվիրել. Մարգարիտա Եղիազարյան

Erit.am-ի զրուցակիցը «MT-shirt» նկարազարդ շապիկների հիմնադիր Մարգարիտա Եղիազարյանն է: Զրուցել ենք երիտասարդ տարիքում բիզնես հիմնելու, հանդիպած դժվարությունների և ապագա պլանների մասին:

- Մարգարիտա, ինչպե՞ս ծնվեց սեփական բիզնես ունենալու գաղափարը:

- Ընկերներս և հարազատներս դեռ վաղ տարիքից միշտ ասում էին, որ շատ լավ եմ նկարում, ինձ մոտ ստացվում է: Երբեք հատուկ դասերի չեմ գնացել, երբ փորձ կատարեցի հաճախել խմբակ, ուսուցիչը փորձում էր իր ոճը թելադրել, ասել, թե ինչպես պահեմ վրձինը և նմանատիպ այլ պահանջներ, ընդհամենը 2 օր գնացի: Այդ ժամանակ էլ հասկացա, որ նկարել կսովորեմ միայնակ ու կունենամ իմ ձեռագիրը՝ 7-8 տարեկան էի: Եվ քանի որ ապագա մասնագիտությունս հենց ֆինանսական ոլորտն է ու բիզնեսը, ուստի որոշեցի հիմնել սեփական բիզնես և նկարելու կարողությունս օգտագործել այդտեղ: Տարիներ առաջ վերցրել էի օրագիր և այդտեղ իմ էսքիզներն են, որոնք ոչ ոք չի տեսել, գաղտնիքներիս տետրն էր, բայց հիմա արդեն դրանց կարող են հանդիպել շապիկների վրա:     

- Բավականին երիտասարդ ես, վախեր չեն եղե՞լ, որ կարող է ինչ-որ բան պլանավորածով չստացվել:

- Ո՛չ, վախեր չեմ ունեցել, քանի որ յուրաքանչյուրս ցանկացած պարագայում միշտ կարող ենք գտնել լուծումներ. ցանկություն է անհրաժեշտ, իսկ փորձը ժամանակի ընթացքում կավելանա:



- Գաղափարը ծնվեց, հստակ որոշեցիր, թե ինչով պետք է զբաղվես։ Ո՞րը եղավ հաջորդ քայլը, ինչի՞ց սկսեցիր:

- Սկսեցի ներկեր գնելուց: Ասում են առաջին աշխատանքը շատ կարևոր է, ուստի նախատեսել էի, որ ամեն ինչ պետք է որակյալ լինի, դժվարությամբ, բայց գտա այն, ինչ փնտրում էի: Օրագրիցս հետո առաջին նկարելու փորձս արեցի հենց շապիկի վրա՝ հայուհու դիմանկար արեցի, բայց դրանից առաջ նույնիսկ թղթի վրա չէի փորձել նկարել դիմանկար: Սկզբում գաղափար չունեի ինչ նյութերով աշխատեմ, որպեսզի լավ լինի, փորձեցի խորհուրդներ հարցնել փորձառուներից, բայց աշխատանքի հետ զուգահեռ արդեն ինքս սկսեցի հասկանալ, թե ինչն է ավելի լավ, որակյալ և մատչելի հաճախորդների համար:



- Ինչպե՞ս ստացար առաջին աշխատանքային պատվերը և ո՞րն էր այն: Ինչպիսի՞ն էին այդ ժամանակ զգացողություններդ:

- Մարդկանց տեղեկացնում և բիզնեսի հետ ծանոթացնում էի սոցիալական ցանցերի միջոցով: Ընկերներս և հարազատներս նույնպես շատ էին օգնում, էջը տարածում էին: Առաջին պատվերս անծանոթից է եղել, հենց «հայուհին» էր: Ինձ դուր է գալիս, երբ պատվիրատուները չեն սահմանափակվում էջում եղած տարբերակներով, վստահում են և պատվիրելու համար իրենց նախընտրած տարբերակներն էլ են ուղարկում: Նույնիսկ դեպք է եղել, որ պատվիարտուն նկարի ընտրությունը թողել է իմ ցանկությանը, և միայն շապիկը վերցնելիս է տեսել նկարը, ի դեպ շատ հավանել էր, ինչն ինձ համար նույնպես ոգևորիչ ու պարտավորեցնող է:

- Ինչպե՞ս ընտրեցիր անվանումը՝ «MT-shirt»:

- Քանի որ բիզնեսը սկիզբ առավ ամռանը, ի սկզբանե մտադրվել էի նկարել կարճաթև շապիկների վրա, որպեսզի շատ երկար չլիներ և հասկացվեր, որ հեղինակ ես եմ, անգլերեն կարճ թարգմանություն արեցի՝ T-Shirt շապիկ, իսկ M-ն, անվանս առաջին սկզբնատառն է:

- Ինչպիսի՞ նկարազարդ շապիկներ հաճախորդները կարող են գտնել քեզ մոտ:

- Էջում առկա շապիկները տարբեր թեմատիկաներով են: Կան հայկական պատկերներով շապիկներ՝ հայուհու դիմանկարներ, բնապատկերներ, հայկական մուլտարտադրության կերպարներ, կան սովորական, առօրյա կրելու շապիկներ, բայց և միաժամանակ տարբերվող ու էսթետիկ: Բացի էջում ներկայացված տեսականուց յուրաքանչյուր հաճախորդ կարող է իր նախընտրած տարբերակն առաջարկել` համապատախան գույներով ու պատկերներով: Ըստ այդմ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Նաև ասեմ, որ շապիկները փաթեթավորվում և դրվում են տարբերանշանով տոպրակներում: Ունեցել եմ նաև տարբերակ շապիկը շոկոլադներով լի արկղում: Նախընտրությունները տարբեր են: