08 Ապրիլ 2021
Կենտրոնի գործունեության և մասնագիտական կողմնորոշման ու կարիերայի ուղղորդման հարցերի շուրջ Erit.am-ը զրուցել է կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանի հետ:
Հայկուհին վստահ է՝ եթե նախկինում մասնագիտական կողմնորոշումը դիտարկվում էր որպես մեկանգամյա որոշում, ապա ժամանակակից մոտեցումներով աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անձը պետք է վերանայի իր որոշումները: «Մարդն իր ողջ կյանքի ընթացքում մասնագիտության ընտրության վերանայման, որակավորումների բարձրացման, ինչպես նաև նոր մասնագիտությունների ընտրության խնդիր ունի: Եթե նախկինում նույն աշխատավայրում և նույն մասնագիտությամբ տարիներ շարունակ աշխատելը մրցունակ էր համարվում, ապա ժամանակակից աշխարհում պետք է ավելի ճկուն լինել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորաբար մրցունակ անձինք կյանքի ընթացքում մինչև 7 անգամ փոխում են իրենց աշխատատեղը», -նշում է մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները ևս ավելի մրցունակ են համարում այն աշխատուժը, որը մի քանի անգամ փոխել է իր աշխատատեղը։
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մեթոդաբանություն
Դեռևս 2012 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հավանության է արժանացել ԱՍՀ և ԿԳՄՍ նախարարությունների համատեղ մշակած ՀՀ-ում մասնագիտական կողմնորոշման զարգացման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Հենց հաջորդ տարվանից կենտրոնը մշակել է անձի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մեթոդաբանություն՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Բացի այդ՝ կենտրոնը մշակել է մոդելներ, թե ինչպես մասնագիտական կողմնորոշումը ներդնել հատկապես ֆորմալ կրթական համակարգում և սոցիալական ծառայություններում: Մասնավորապես, տարբեր մոդելներ են մշակվել հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև զբաղվածության տարածքային կենտրոնների, երեխաների խնամքի հաստատությունների և մանկատների տրամադրած ծառայությունների իրականացման հետ կապված։ Կենտրոնն իրականացրել է նաև համապատասխան կադրերի վերապատրաստման և կարողությունների զարգացման ուղղված տարբեր ծրագրեր։
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ ՄԿՈՒ համակարգում
«Մեր կենտրոնի գործունեության ամենահաջողված օղակը ՄԿՈՒ համակարգն է. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2013 թ. 12 տարածաշրջանային քոլեջերում փորձնական ներդրվել են ուսանողների և շրջանավարտների կարիերայի ուղղորդման գործառույթներ, որի արդյունքների գնահատումից հետո խնդիր դրվեց բոլոր ՄԿՈւ հաստատություններում ներդնել այդ ծառայությունները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2018 թվականին պետբյուջեի միջոցների հաշվին սկզբնական շրջանում 50 ՄԿՈՒ հաստատություններում, իսկ այսօր արդեն գրեթե բոլոր նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրված են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ»-, նշում է Հայկուհին և հավելում, որ տարեկան երկու անգամ կենտրոնը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացնում է մոնիթորինգ: Մասնավորապես, կենտրոնի աշխատակիցներն այցելում են այդ հաստատություններ՝ շարունակական մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ցույց տալու արդեն վերապատրաստված մասնագետներին, գնահատելու մատուցվող ծառայությունների որակը, իսկ թղթային վերլուծությունն իրականացնում է նախարարության ՆՄԿՈւ վարչությունը:
«2019 թվականի մոնիթորինգի արդյունքում` 89 հաստատություններում ուսանողների 97.4 տոկոսն անցել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման տարբեր ծառայություններ՝ անհատական, խմբային, դասընթացներ, հանդիպում գործատուների հետ և այլն: Բավականին աճել է նաև իրենց մասնագիտությամբ աշխատանքի անցած շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը: Այդ ցուցանիշները հաշվարկելիս մեթոդաբանության, կանոնակարգի և պաշտոնի անձնագրից զատ՝ մոնիթորինգային գնահատում ենք իրականացնում՝ հասկանալու, թե արդյոք ուսումնական հաստատությունն ունի կարիերայի ուղղորդման ծրագիր, քանի անգամ և ինչ ծրագրեր են իրականացվում ուսանողների հետ և այլն: Թուրինյան գործընթացի շրջանակում Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) մոնիթորինգի արդյունքները ևս արձանագրել են, որ մեր ամենահաջողված փորձը ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման ծառայությունների ներդրումն ու զարգացումն է»,- փաստի առթիվ իր գոհունակությունն է հայտնում Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավարը և արձանագրում, որ այս պահին ևս գործընթացը շարունակվում է. օրերս ավարտվել է ՄԿՈՒ հաստատությունների 24 մասնագետների լրացուցիչ վերապատրաստումը, որոնք համալրելու են նոր ստեղծվող կարիերիայի բաժինները: