Այսօր

Տոքսիկ մտքեր սննդի մասին, որոնք պետք է բացառել

  12 Ապրիլ 2021  72 դիտում
Տոքսիկ մտքեր սննդի մասին, որոնք պետք է բացառել

Սնունդը մեզ դարձնում է ավելի առողջ կամ վնասում, արագացնում կամ դանդաղեցնում է մտածողությունը, ազդում է տրամադրության վրա: Այնպես որ՝ դրա նկատմամբ ոչ գիտակից վերաբերմունքը հանցագործություն է սեփական անձի հանդեպ: Կարևոր է ոչ միայն այն, թե ինչպես ենք սնվում, այլև` ինչ ենք մտածում սննդի մասին: Հենց այդ մտքերն ու վերաբերմունքն են հանգեցնում դրական կամ բացասական հետևանքների: Ահա 5 տոքսիկ միտք, որոնք ազդում են մեր սննդային սովորությունների վրա:

Սնունդը համարել պարգև

Եթե որոշել եք դիետա պահել և չեք սիրում այն, ինչ ստիպված եք ուտել, հնարավոր է, ծագի առաջին տոքսիկ միտքը. «Այսօր զսպեմ ինձ, իսկ հետո ինչ-որ համե՜ղ բան կուտեմ՝ թեկուզ վնասակար»: Մենք անգամ նման օրերը հատուկ ենք համարում, թույլատրելին ուտելու համար օրացույցում կարմիրով նշումներ անում, սակայն նման մտքերը ոչ միայն չեն օգնում դիետային, այլև բացասաբար են ազդում մեր հոգեբանության վրա: Հիշեք, որ համեղ սնվելը պետք է լինի գիտակցված ընտրություն, ոչ թե պարգևատրություն:

Սնունդը համարել պատժամիջոց կամ ինչ-որ անթույլատրելի բան

Որքան վնասակար է սնունդը պարգևատրություն համարելը, նույնքան էլ վտանգավոր է հակառակ մոտեցումը: Ինքներս մեզ պատժելու համար քիչ ուտելը կամ ընդհանրապես չուտելը վատթարագույն որոշումն է: Նման մոտեցումը միմիայն բացասաբար է ազդում ինքնագնահատականի վրա, փչացնում տրամադրությունը: Դուք ցանկանում եք առողջ լինել, իսկ դրան պատժամիջոցներով հնարավոր չէ հասնել: Հիշեք, որ ամեն ինչ հոգեբանությունից և մտածողությունից է սկսվում, իսկ բացասական տոնով դրական փոփոխությունների հասնել հնարավոր չէ: 

Սնունդը համարել հանգստացնող, սփոփող միջոց

Էմոցիոնալ սնվելու սովորությունը սկսվում է այն պահից, երբ մենք մթերքն ընդունում ենք որպես սփոփանք: «Այս մթերքն ինձ կերջանկացնի» միտքը տոքսիկ է, կյանքն ավելի լավը կդառնա ինքներդ ձեզ վրա աշխատելու, մարմնին և մտածողությանը հետևելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, գրքեր կարդալու միջոցով, բայց ոչ անդադար համեղ սնվելու: Վստահ եղեք՝ երջանկությունն արտաքին գործոններով և հաստատապես սննդով պայմանավորված չէ, այն բացառապես կախված է ձեր ներաշխարհից:  

Սնունդը համարել զվարճանք

Երբ գնում եք կինոթատրոն և առաջին հերթին պոպկորն գնում, դա անում եք, որովհետև ցանկանո՞ւմ եք ուտել, թե՞ այդպես ընդունված է: Նման չգիտակցված մոտեցումն ամրացնում է «Սնունդ՝ զվարճանքի համար» միտքը, իսկ դա հանգեցնում է նրան, որ սկսում եք ուտել, երբ ձանձրույթ եք զգում: Կրկնենք ևս մեկ անգամ՝ պետք է գիտակցված սնվել: Խոհանոց մտնելիս պետք է հասկանանք` ինչո՞ւ, ոչ թե ձեռք տակ ընկածը ճանապարհենք ստամոքս:

Փոխել ինքնագնահատականը՝ հիմնելով օգտագործվող սննդի վրա

Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Դա ինչ-որ իմաստով այդպես է, բայց ինքնագնահատականը բացառապես սննդի հետ կապելը սխալ է: Եթե հոթդոգ ուտելիս ձեր ինքնագնահատականն իջնում է, իսկ թանկարժեք ռեստորանում սնվելիս՝ բարձրանում, ապա ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ այն չէ: Սնունդը մեր կյանքի կարևոր բաղկացուցիչներից է, բայց ոչ կարևորագույնը և դրանով ինքնագնահատական ձևավորելը սխալ մոտեցում է:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ